Դիմակավորված երկու անձինք հարձակվել են Շահե Աճեմյանի վրա, հարվածել գլխին

Երեկ երեկոյան մոտավորապես ժամը 22։30-ի սահմաններում Արզումանյան փողոցում դիմակավորված երկու անձինք հարձակվել են ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի հիմնադիր Շահե Աճեմյանի վրա, հարվածել են նրա գլխին, սակայն, երբ վերջինս նրանցից մեկին հարված է հասցրել՝ դիմակավորված անձինք թողել ու հեռացել են։

168.am հետ զրույցում, պատմելով միջադեպի մանրամասների մասին, Շահե Աճեմյանն ասաց, որ չգիտի, թե հարձակվողներն ովքեր են եղել, իր համար պարզ չէ։

«Ես թշնամի շատ ունեմ, իսկ երբ մարդ թշնամի է ունենում, իր վրա հարձակում կլինի, ու այդքան թշնամու միջից, չի իմանա՝ ով է հարձակվողը։

Ապրում եմ Արզումանյան-Շինարարներ խաչմերուկում, երեկոյան իջա խանութ, ճանապարհին հետևից հարվածեցին գլխիս, պարանոցիս։ Հասցրեցի շրջվել ու տեսա՝ երկու անձ էին, երկուսն էլ՝ դիմակավորված, մեկին հասցրեցի հարվածել, նա ընկավ, երկու-երեք քայլ հետ գնացի, գետնին ընկածը վեր կացավ, ու երկուսն էլ հեռացան։ Իրենց արտաքինից դատելով՝ երիտասարդ էին, մոտ 25 տարեկան կլինեին։

Կարդացեք նաև

Առաջին անգամ է, որ ինձ հետ նման բան է տեղի ունենում։ Ոստիկանություն չեմ դիմել, ոչ էլ դիմելու եմ, որովհետև այսօրվա ոստիկանության նկատմամբ հավատ չունեմ, և գուցե այդ հարձակումն իշխանության կողմից կազմակերպված է»,- նշեց Շահե Աճեմյանը։

Նրա կարծիքով՝ հարձակման պատճառն իր ընդդիմադիր հայացքներն են ու քննադատությունները, որոնք հնչեցնում է իշխանության հասցեին, այլ պատճառ չի տեսնում։

«Ես անհատական որևէ մեկի հետ խնդիր չեմ ունեցել, որ իրենք էլ ինձ հետ խնդիրներ ունենան, սա քաղաքական մի բան էր։ Անցած լինի, անցավ-գնաց։

Այս ամենը ինձ որևէ բանով չի խանգարելու, որպեսզի ասեմ այն, ինչ ասել եմ մինչ այս։

Այս պահին գլուխս է մի քիչ ցավում, բայց լուրջ բան չկա։ Հարվածելուց հետո բժշկի եմ գնացել, ստուգում եմ անցել»,- եզրափակեց Շահե Աճեմյանը։

Տեսանյութեր

Լրահոս