Բաժիններ՝

Եզնիկ Կողբացի-Արամի փողոցների խաչմերուկում գործող բենզալցակայանը չի կատարում Տեսչական մարմնի որոշումը. ամեն օր կտուգանվեն 2 միլիոն դրամի չափով

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հունվարի 31-ից երկօրյա ստուգումներ է իրականացրել Երևան քաղաքի Եզնիկ Կողբացի-Արամի փողոցների խաչմերուկում գործող «Գոռ Էվինյան Սերյոժայի» ԱՁ կողմից շահագործվող բենզալցակայանում: Տեսչական մարմինը մի շարք խախտումներ էր արձանագրել բենզալցակայանում, որոնց թվում բենզալցակայանից մինչև շենքերի ու շինությունների միջև պահանջվող տարածության պահպանում, տարածքում շանթարգելման համակարգի բացակայություն, այլ խնդիրներ:

Հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումների հիման վրա ս/թ փետրվարի 14-ին «Գոռ Էվինյան Սերյոժայի» ԱՁ-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության: Վերջինիս նկատմամբ տույժ է նշանակվել 50 000 դրամի չափով:

Բացի դրանից, պահանջ է դրվել անմիջապես դադարեցնել Եզնիկ Կողբացի-Արամի փողոցների խաչմերուկում գործող «Գոռ Էվինյան Սերյոժայի» ԱՁ կողմից շահագործվող բենզալցակայանի աշխատանքները, մինչև որոշմամբ նշված խախտումների վերացման պահը, արգելել բենզալցակայանի շահագործմանն ուղղված որևէ գործողություն:

168.am-ը, սակայն, ահազանգ ստացավ, որ բենզալցակայանի աշխատանքները փետրվարի 14-ից մինչ այս պահը որևէ րոպե չեն դադարել:

Մեր թղթակիցն էլ տեղում ֆիքսեց՝ բենզալցակայանը շարունակում է աշխատել, սպասարկել քաղաքացիներին:

168.am-ի հետ զրույցում քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Ելենա Զոհրաբյանն ասաց՝ խնդրից տեղյակ են, իրենք էլ են ահազանգ ստացել:

«Տեղյակ ենք, որ չեն դադարեցրել բենզալցակայանի շահագործումը: Տվյալ հասցեում բենզալցակայանի շահագործում իրականացնող ԱՁ-ի կողմից բենզալցակայանը շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտի համապատասխան փորձաքննություն անցկացման և դրական եզրակացության, ինչպես նաև առանց ռեեստրում գրանցման»,- ասաց Տեսչական մարմնի խոսնակը:

Նրա խոսքով՝ բացի դադարեցման որոշումից՝ այս պահին Տեսչական մարմնում հարուցված է նաև վարչական վարույթ:

«Վարույթն ընթացիկ փուլում է գտնվում: Այն հարուցված է, որպեսզի նախատեսվեն առանձին տուգանքներ՝ 1 միլիոն դրամի չափով առանց արտադրական վտանգավոր օբյեկտի համապատասխան փորձաքննություն անցկացման և դրական եզրակացության գործունեություն իրականացնելու և ռեեստրում չգրանցվելու համար ևս  միլիոն դրամ»,- ասաց Ելենա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ հիմա կրկին նշված ԱՁ-ի վերաբերյալ հրդեհատեխնիկական հետազոտման հայտ է բացվում, նորից գնալու են ստուգեն:

«Ու ամեն օր մենք իրավունք ունենք գնալ ու 1 միլիոն դրամի տուգանել, որովհետև առկա  է դադարեցման որոշում, որը տվյալ ԱՁ-ն չի կատարել»,- ասաց Տեսչական մարմնի խոսնակը:

«Գոռ Էվինյան Սերյոժայի» ԱՁ-ի «համարձակությունը», իհարկե, տարօրինակ է, որովհետև բենզալցակայանը գտնվում է բնակելի շենքերի ու ծառայություն մատուցող կազմակերպությունների հարևանությամբ, տարածքում այգի կա, բժշկական կենտրոն, այսինքն՝ հատվածը մադաշատ է, և, Աստված մի արասցե, եթե տեղի ունենա ողբերգություն, հետևանքները կարող են անդառնալի լինել: Սակայն, փաստորեն, այս բենզալցակայանը շահագործողների համար դա էական չէ:

Ի դեպ, Տեսչական մարմնի կայացրած որոշումը սահմանված կարգով, իհարկե, կարող է բողոքարկվել, սակայն բողոք բերելը չի կասեցնում վարչական ակտի կատարումը:

Իսկ այս դեպքում, փաստորեն, տվյալ ԱՁ-ն կամայական կերպով որոշել է չկատարել Տեսչական մարմնի որոշումը, և սա այն դեպքում, երբ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել:

Տեսանյութեր

Լրահոս