
Իրանն ուսումնասիրում է Ռուսաստանի հետ համատեղ ավտոմեքենաների արտադրության հնարավորությունը

Թեհրանը չի բացառում, որ Ռուսաստան իրանական մեքենաների մատակարարումներից բացի, առկա Է նաև դրանց համատեղ արտադրության հնարավորությունը: Ըստ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի՝ այժմ տվյալ հարցն ուսումնասիրվում է:
«Այս ոլորտում կա ևս մեկ գաղափար՝ դա համատեղ արտադրություն է: Ինձ թվում է, որ մեր երկուստեք հնարավորությունները կարող են լրացնել միմյանց, և այստեղ կարելի է սիներգիա ստեղծել: Սա ևս մեկ գաղափար է, որն այժմ մեր կողմից մշակվում է», – ասել է դեսպանը «Парламентская газета»-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը «РИА Новости»-ին տված հարցազրույցում նշել էր, որ Saipa ընկերությունը բանակցություններ է վարում տարեկան ավելի քան 20 հազար ավտոմեքենա Ռուսաստան արտահանելու հեռանկարների շուրջ։
Սակայն ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունը հայտարարել է, որ իրանական ավտոմեքենաների մատակարարումները հնարավոր չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ դրանք անհրաժեշտ հավաստագրում չեն անցել Ռուսաստանում: