Կա այն մտավախությունը, որ Ռուսաստանը կարող է խոչընդոտել Բրյուսելյան պլատֆորմին․ վրացի վերլուծաբան
Մյունխենում անցյալ շաբաթ օրը կայացած Փաշինյան-Բլինքեն-Ալիև հանդիպումից ու ԵՄ խորհրդի նախագահ Միշելի՝ Փաշինյանի ու Ալիևի հետ առանձին հանդիպումներից հետո արդեն երկրորդ օրն է, ինչ Երևանում է Հարավային Կովկասի ու Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, նա հանդիպել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Այս հանդիպումների ընթացքում խոսվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման, հայ-ադրբեջանական բանակցությունների բրյուսելյան ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության մասին։
Ուշագրավ է նաև այն, որ այս այցից առաջ եվրոպացի պաշտոնյան հեռախոսազրույց է նախաձեռնել ռուսական կողմի հետ։ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը փետրվարի 21-ին ԵՄ նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման թեման:
«Գալուզինը նշել է, որ Բրյուսելի որոշումը Հայաստանում, այսպես կոչված, ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ունի հստակ աշխարհաքաղաքական ենթատեքստ, որը չի նպաստում Անդրկովկասում իրական կայունացմանը։ Ընդգծվել է Բաքվի և Երևանի միջև այս նախաձեռնության շուրջ կոնսենսուսի բացակայությունը»,- նշել էր ՌԴ արտաքին գերատեսչությունը: Հիշեցնենք նաև, որ օրերս ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը տեղեկացրել էր, որ առաջիկայում սպասվում է ղեկավարների մակարդակով հանդիպում Բրյուսելում։
168․am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենաղարիշվիլին ասաց, որ ԱՄՆ աջակցությամբ ԵՄ-ն բանակցային նոր ռաունդ է սկսում։
Սա, ըստ նրա, բովանդակային առումով որևէ նորություն չի առաջարկում կողմերին, սակայն ներդրվող ջանքերի ու դիվանագիտական էներգիայի տեսանկյունից ավելի ազդեցիկ է։ Նրա խոսքով, նկատելի է, որ ՌԴ ռեսուրսներն այլևս չեն բավարարում, իսկ Արևմուտքը կարողանում է կոնսոլիդացնել իր ուժերը, ու սա Արևմուտքի տեսանկյունից լավ ժամանակահատված է գործընթացներն իր օգտին փոխելու համար։
«Կարծում եմ՝ քննարկման հիմնական թեման վերաբերում է հենց առաջիկա Բրյուսելյան հանդիպմանը։ Որքան հասցրել եմ նկատել, Տոյվո Կլաարը տարածաշրջան այց է նախաձեռնում, երբ ինչ-որ գործընթաց կամ հանդիպում է նախապատրաստվում, այս դեպքում, կարծում եմ՝ կա համընկնում, և գործընթացն է վերսկսվել, և կա հանդիպում նախապատրաստելու ծրագիր։ Ըստ իս, այդ հանդիպման հետ կապված վերջնական համաձայնեցումները պետք է որ ընթանան և հանդիպման բովանդակությունը պետք է համաձայնեցվի։ ԵՄ տեսանկյունից այս հանդիպման պարագայում կարևորն ինքնին հանդիպման ու ԵՄ ձևաչափի վերականգնման փաստն է, քանի որ ամիսներ առաջ այն հայտնվեց անորոշ իրավիճակում, և թվում էր, թե նույնիսկ ԵՄ մեկ տարվա աշխատանքը տապալվեց։ Ներկայումս կա հնարավորություն շարունակել այն կետից, որտեղ կանգնել են կողմերը։ Տարբերությունն այն է, որ կա նոր խնդիր՝ դա Լաչինի միջանցքի հարցն է, որն առանց Ռուսաստանի հնարավոր չէ կարգավորել»,- ասաց վերլուծաբանը։
Նրա խոսքով, Կլաարի զրույցը ռուս դիվանագետի հետ ցույց է տալիս, որ ՌԴ ազդեցությունը գործընթացի վրա էական է, ու ամեն դեպքում այս փուլում առանց Ռուսաստանի հետ որոշակի համաձայնեցումների կամ գուցե պարզապես երկխոսության հնարավոր չէ։
«Ուստի դրական է, որ չնայած գլոբալ հակամարտությանը՝ ԵՄ դիվանագետը շփում է ունեցել ՌԴ ԱԳՆ պաշտոնյայի հետ, չնայած այն հանգամանքին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գոյություն չունի։ Երևի թե կա այն մտավախությունը, որ Ռուսաստանը կարող է խոչընդոտել Բրյուսելյան պլատֆորմին, Արևմուտքը կցանկանար, որ ավելի արագ ու անխոչընդոտ լիներ գործընթացն իր համար, բայց, իհարկե, դրանում կան ռիսկեր, հատկապես, երբ Ռուսաստանը պաշտոնապես իր դժգոհությունն է արտահայտում և կարող է ամեն կերպ, ամեն պահի անսպասելի քայլեր անել։ Դրանով իսկ գործընթացն արդեն անկանխատեսելի է, այդ թվում՝ ԵՄ-ի համար»,- ասաց նա։