Եթե մեղավոր եմ, թող տանեն կախաղան բարձրացնեն. բոլորը գիտեն՝ Արթուր Վարդանյանը Վանեցյանի քրոջ տղան է. գործը 2019-ին է կարվել. Բարսեղ Բեգլարյան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Այսօրվա դատական նիստին նույնպես ներկա էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր փաստաբանների հետ, նրա կուսակիցները և աջակիցները: Դատական նիստին ներկա էր նաև այս գործով մյուս մեղադրյալը՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:
Նախորդ դատական նիստին ավարտվեց հիմնական վկա Սևան Քոչարյանի հարցաքննությունը, և սկսվեց «Սոբրանիե» ընկերության սեփականատեր, վկա Եղիշե Վարդանյանի հարցաքննությունը: Այն ընդհատվեց՝ պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով:
Դատական այսօրվա նիստի սկզբին դատավարության կողմերից դատարանին տեղեկացրեցին, որ հրաժարվել են իրենց նախկին պաշտպաններից, և այսուհետ իրենց շահերը կներկայացնեն այլ անձինք:
Հաջորդիվ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդեց գործին կցել Սևան Քոչարյանի վերաբերյալ ՊԵԿ-ի ակտերը, սակայն դատախազ Արսեն Մարտիրոսյանն առարկեց՝ նշելով, որ այդ փաստաթղթերը գործին չեն վերաբերում:
Մի քանի անգամ խնդիրը ներկայացնելուց հետո Ամրամ Մակինյանը նկատեց.
«Արդեն 4-րդ անգամ եմ փորձում բացատրել այդ փաստաղթերը կցելու կարևորությունը: Բոլորը կարող են տեսնել, թե 17 միլիոն դոլարի գնման հայտ ներկայացնող Սևան Քոչարյանն ինչ ֆինանսական դրության մեջ է եղել»:
Մյուս պաշտպանը, դիմելով դատարանին, ասաց՝ անձի ցումունքները գնահատելուց առաջ պետք է գնահատվի այդ ցուցմունքների արժանահավատությունը:
«Ո՞նց կարող է դա գործին չվերաբերել: Տարակուսելի է»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: Դատավոր Վահե Միսակյանի դիրքորոշումը խնդրի վերաբերյալ այն էր, որ վկաների հարցաքննությունից հետո կանդրադառնա այդ փաստաթղթերին, նշեց նաև, որ հիմնավոր պատճառաբանության դեպքում որոշակի փաստաթղթեր կուսումնասիրվեն նաև վկաների հարցաքննությունից հետո:
«Չեմ հիշում, այ էդ փաստաթուղթը որ ցույց եք տալիս, դա էլ չեմ հիշում». «Դիզելի գործով» վկա Եղիշե Վարդանյանը չէր հիշում իր իսկ ցուցմունքները
Դրանից հետո շարունակվեց վկա Եղիշե Վարդանյանի հարցաքննությունը: Մինչ այդ դատավորն ընթերցեց նրա նախաքննական ցուցմունքները:
Իր հարցաքննության ժամանակ Եղիշե Վարդանյանը շարունակում էր չհիշել իր ցուցմունքները, ինչպես նախորդ նիստի ժամանակ:
«Չեմ հիշում, այ էդ փաստաթուղթը որ ցույց եք տալիս, դա էլ չեմ հիշում»,- մասնավորապես ասաց նա:
Օրինակ, իր նախաքննական ցուցմունքում վերջինս ասել էր, որ Սևան Քոչարյանին է զանգել ոմն Յաշա ու սպառնացել իրենց, թե՝ գիտե՞ք՝ ինչ թեմայի մեջ եք մտնում:
«Ես Յաշային չեմ ճանաչում, դեմքն էլ չեմ տեսել: Սևանն է խոսել հետը, ես ի՞նչ իմանամ: Բարձրախոսով էլ չի խոսել»,- ասաց Եղիշե Վարդանյանը:
Մեղադրող դատախազ Մարտիրոսյանը հակադարձեց՝ «Դուք Ձեր ցուցմունքում չեք ասել այնպես, թե Սևան Քոչարյանից եք լսել դա, ասել եք այնպես, ասես Դուք ներկա եք եղել այդ խոսակցությանը: Մասնավորապես ասել եք, որ Յաշայի զանգից հետո մենք հասկացանք, որ մեզ խաբել են, ոչ մի մրցույթ էլ չի եղել: Ինչո՞ւ եք այդպես ասել»:
«Չեմ հիշում՝ ինչու եմ այդպես ասել»,- պատասխանեց Եղիշ Վարդանյանը:
Պատասխանելով դատավորի հարցին՝ Եղիշե Վարդանյանն ասաց՝ բոլոր ֆինանսական հարցերը պետք է լուծեր ինքը, Սևան Քոչարյանը պետք է լուծեր դրսի հետ շփումների հարցը: Կարճ ասած՝ այս գործարքի մեջ Սևան Քոչարյանը մասնակցություն պիտի ունենար միայն կապերի մասով:
Վկա Եղիշե Վարդանյանի հարցաքննությունն ավարտելուց հետո ելույթ ունեցավ գործով մեղադրող դատախազը: Վերջինս կարդաց «Կապիտալ ինվեսթ» ընկերության տնօրենի դիմումը ու միջնորդեց այն կցել գործին:
Դատախազի ելույթը վրդովեցրեց «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Սեդրակյանին, ով գոռաց դատախազի վրա՝ «Չխանգարես ինձ»: Նա դատավորին խնդրեց չընդհատել իրեն, ասաց, որ դատարանի նկատմամբ ունի հարգանք ու որևէ մեկի վիրավորելու միտում չունի:
«2019-ին է, չէ՞, գործը հարուցվել, բա մինչև 2023թ. ինչի՞ ընթացք չի տրվել: Եթե ես մեղավոր եմ, թող տանեն կախաղան բարձրացնեն: Ինչի՞ մինչև հիմա այդ գործը դատարան չի ուղարկվում: Բոլորը գիտեն, որ Արթուր Վարդանյանը եղել է Վանեցյանի քրոջ տղեն, և այն ժամանակ թե ինչ-ինչ հանգամանքներում են խոստացել այդ գործը կարել, երևի չի ստացվել»,- ասաց Բարսեղ Բեգլարյանը:
Վերջինիս պաշտպանն առարկեց դատախազի ներկայացրած փաստաթղթերը գործին կցելու դեմ:
Հաջորդիվ հարցաքննվեց փաստաբան, նախկինում Էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը:
Երբ վերջինս ներկայացնում էր իր նախկին գործառութային պարտականությունները, որոնց շրջանակում որպես վկա է ներգրավվել այս գործում, դատախազը նկատեց՝ տպավորություն է, որ դասախոսություն է կարդում, խնդրեց հարցերին կոնկրետ պատասխանել:
«Դե, որովհետև քո համար էլ պիտի կարդամ, լավ չես հասկանում: Դու կոնկրետ հարցերդ տուր: Այ տղա, ես քեզ ասում եմ՝ իրավագիտության դոկտոր եմ, դու հեքիաթ ես պատմում»,- դատախազին դիմելով՝ ասաց Ենոք Ազարյանը:
Դատարանը սանկցիա կիրառեց Ենոք Ազարյանի նկատմամբ ու հորդորեց դատախազի հարցերին պատասխանել հստակ:
Ենոք Ազարյանի հարցաքննությունից հետո հայտարարվեց ընդմիջում:
Մինչ այդ զավեշտալի դիպված արձանագրվեց դատավոր Վահե Միսակյանի և Բարսեղ Բեգլարյանի մասնակցությամբ, երբ վերջինս հագնում էր իր վերարկուն:
«Պարոն Բեգլարյան, ո՞ւր եք գնում… Չեմ գնում, պարզապես մրսում եմ»,- ասաց «Ֆլեշ» ընկերության սեփականատերը:
Ընդմիջումից հետո Ամրամ Մակինյանը վկա Սևան Քոչարյանի՝ անբարեխիղճ տնտեսվարող լինելու մասին դատական ակտեր հրապարակեց: Դատախազն առարկեց դրանց՝ որպես ապացույց ճանաչելու դեմ:
Դատական նիստը, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, ընդհատվեց: Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 23-ին՝ ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար՝ ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:
Ըստ մեղադրանքի՝ արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:
Մանրամասները՝ տեսանյութում