«Չեմ ուզում, որ իմ մարզի երեխան գնա, վիրահատվի Երևանում». ինչո՞ւ են միավորվում Գյումրիի բժշկական կենտրոնները, ո՞ւմ թեկնածուն կհաղթի
Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանն արդեն անցել է մարզում բուժհիմնարկների օպտիմալացման նոր ալիքի իրագործմանը:
Մարզի՝ 168.am-ի աղբյուրներ փոխանցմամբ՝ վերջինս, ով համարվում է Ազգային ժողովի (ԱԺ) ՔՊ-ական պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի մտերիմն ու կադրը, մտադիր է միավորել Գյումրի բժշկական կենտրոնն ու «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ն: Գյումրիում ասում են՝ այս սցենարը երկու հավանական հեղինակ ունի՝ Կարեն Սարուխանյան և Նիկոլ Փաշինյան:
Գյումրիի՝ 168.am-ի աղբյուրները պնդում են՝ Կարեն Սարուխանյանն ամեն ինչ անում է, որ իր հետ ընկերական սերտ հարաբերությունների մեջ գտնվող Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը դառնա միավորված բուժկենտրոնի տնօրեն, մինչդեռ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների խոսքով՝ Կարեն Սարուխանյան-Մուշեղ Մուրադյան տանդեմի ձեռքով կատարվող այս օպիտամալացման արդյունքում Նիկոլ Փաշինյանը միավորված բուժկենտրոնի տնօրեն կնշանակի Շիրակի նախկին մարզպետ, մասնագիտությամբ բժիշկ, այժմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանին:
Նշենք, որ երկու բժշկական հաստատությունները գտնվում են կողք կողքի, միևնույն տարածքում:
Մեր տեղեկություններով՝ թեպետ միավորման այս գործընթացը պլանավորված էր վաղուց, սակայն այն միս ու արյուն չէր ստանում, որովհետև նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը կտրականապես դեմ է եղել դրան: Հիմա ըստ ամենայնի գործընթացն իրականացնելու պատեհ պահն է՝ հաշվի առնելով՝ ովքեր են հիմա մարզը համակարգում:
Մենք նաև Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի կարծիքը ցանկացանք իմանալ հարցի վերաբերյալ, սակայն նրա հետ 168.am-ին չհաջողվեց զրուցել: Նախ Նազելի Բաղդասարյանն ասաց, որ դրսում է, հարմար չէ խոսելը, ավելի ուշ զանգենք, իսկ ավելի ուշ նա մեր զանգերին չպատասխանեց:
Գյումրիից մեզ փոխանցեցին՝ ի տարբերություն Գյումրի ԲԿ-ի, որը կքած է պարտքերի տակ, և սնանկ է, «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը» եկամտաբեր բուժհիմնարկ է, և անգամ այս տարի բյուջեից 85 միլիոն ավել գումար է ստացել:
«Փողի հոտ է գալիս, եթե հաշվի առնենք, որ Գյումրի ԲԿ-ի հաշիվները կալանքի տակ են»,- 168.am-ին փոխանցեցին մարզի բուժհաստատություններին մոտ կանգնած մեր աղբյուրները: Նրանց խոսքով՝ փորձ է արվում սնանկ ճանաչված հիմնարկը ոտքի կանգնեցնել օգուտով աշխատող Ավստրիական հիվանդանոցի հաշվին:
Ըստ Գյումրիում տարածված խոսակցությունների՝ նշված բուժհաստատությունները միավորելով՝ փորձ է կատարվում նաև կադրային հարցեր լուծել՝ հօգուտ ՔՊ-ականների: Մասնավորապես, միավորումից հետո միավորված բուժհաստատության փոխտնօրեն կնշանակվի Գյումրի բժշկական կենտրոնի վնասվածքաբանը, ով մոլի ՔՊ-ական է: Մտադիր են Ավստրիական հիվանդանոցի գծով համակարգումը հենց նրան վստահել: Ի դեպ, այդ հիվանդանոցի ավագ բուժքույրը Կարեն Սարուխանյանի հորեղբոր դուստրն է:
Թե որքանով կհաջողի Կարեն Սարուխանյանը, բարդ է ասել, հատկապես որ, Մուշեղ Մուրադյանի՝ «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի պաշտոնից ազատվելուց ու մարզպետ նշանակվելուց հետո այդ պաշտոնում չնշանակվեց Կարեն Սարուխանյանի թեկնածուն, այլ անձ, ով մտերիմ է անձամբ Նիկոլ Փաշինյանի հետ, Գևորգ Բաբուջյանը:
Հասկանալու համար՝ որքանով է նպատակահարմար վերոնշյալ երկու բուժհիմնարկները միավորելը՝ 168.am-ը զրուցեց Շիրակի մարզի առողջապահության ոլոտը համակարգող պաշտոնյայի՝ Շիրակի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլի Ասլանյանի հետ:
Վերջինս նախ նշեց՝ երկու բուժկենտրոնների միացման հարցը քննարկվում է կառավարության համապատասխան որոշման շրջանակում, որը 2006թ.-ից է գործում, և դրա նպատակը մարզային առողջապահական հաստատությունների օպտիմալացումն է, իսկ այն իրականացվել է բազմաշերտ ուսումնասիրությունների արդյունքում:
«Հաշվի է առնվում մահճակալների ծանրաբեռնվածությունը, բուժհաստատությունների ֆինանսատնտեսական վիճակը, վիճակագրական տվյալները: Ամեն տարի մենք բազմաշերտ վիճակագրական հաշվետվություններ ենք ներկայացնում վիճվարչություն»,- ասաց Լեյլի Ասլանյանը՝ հավելելով, որ մարզային առողջապահական բուժհաստատությունների օպտիմալացում պարբերաբար է կատարվում:
Նրա խոսքով՝ վերջին օպտիմալացումը եղել է 2020-2021թթ., երբ Գյումրի բժշկական կենտրոնին միացվեց Ինֆեկցիոն հիվանդանոցը, ախտաբանաանատոմիական լաբորատորիան, օնկոդիսպանսերը և Գյումրու ծննդատունը:
«Հաջորդ փուլով հիմա քննարկվում է Մանկական ավստրիական հիվանդանոցի հարցը: Կառավարության որդեգրած սկզբունքներից է, որ հաշվի առնելով վերը թվարկվածը՝ բուժհաստատությունները միավորվում են»,- ասաց Շիրակի մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուն:
Հարցին՝ որպես մասնագետ և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատու պաշտոնյա՝ ինքը նպատակահարմար համարո՞ւմ է այս բուժհաստատությունների միավորումը, Լեյլի Ասլանյանը պատասխանեց՝ Մանկական ավստրիական հիվանդանոցը՝ որպես բաժանմունք, շարունակելու է գործել:
«Ինքը եղել է մասնագիտացված մանկական հիվանդանոց: 2012թ. կառավարության՝ նշածս սկզբունքների կոպիտ խախտմամբ՝ Մանկական ավստրիական հիվանդանոցում բացվեց մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք: Կառավարության որոշմամբ՝ միևնույն ծառայությունն իրականացնող և թերբեռնված բուժհաստատությունները միավորվում էին: Մենք այդ ժամանակ ունեինք Գյումրու ծննդատուն, որը շատ լավ գործող կառույց էր: 2012թ. Գյումրի քաղաքի ծննդօգնության իրականացումը բաժանվեց երկու մասի: Դա կոպիտ սխալ էր, որովհետև դա բերեց նրան, որ Գյումրիի ծննդատունը սկսեց անկում ապրել, կիսվեցին բյուջեն, մահճակալները, ծնունդները»,- ասաց Լեյլի Ասլանյանը:
Ըստ նրա՝ Մանկական Ավստրիական հիվանդանոցը հովանավորներ ուներ Ավստրիայից, և հիվանդանոցում ծննդատուն բացելու գաղափարի ջատագովները հիմնավորեցին, որ ծննդատունն այնտեղ լավ կգործի:
«Վատ չգործեց, սկսեց աշխատել, բայց անկում ապրեց Գյումրու ծննդատունը, և մենք մեր աչքի առաջ տեսանք, թե դա ինչ կոպիտ սխալ էր»,- ասաց մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուն:
Վերջինս նշեց՝ իրենց նպատակը մանկական ծառայությունը զարգացնելն է, և իրենք ցանկացած տնօրենի առաջ այդ հարցը դնում են:
«Ես մինչև այսօր մեր մանկական ծառայության զարգացում չեմ տեսնում: Մենք այստեղ չունենք մանկական նեղ մասնագետներ, որոնց կարիքը շատ ունենք: Ունենք մանկական վիրաբուժական ծառայություն, որի զարգացումը չենք տեսնում: Ի դեպ, եզակիներից ենք, որ նման ծառայություն ունենք: Մանկական վիրաբուժական ծառայության մեջ ունենք նաև մանկական վնասվածքաբանական ծառայություն, սակայն մեր մանկական վիրաբուժական ծառայությունը թերծանրաբեռնվածությամբ է աշխատում: Մենք մեր հիվանդներին ուղարկում ենք Երևան՝ վիրահատվելու: Ես չեմ ուզում, որ իմ մարզի երեխան գնա, վիրահատվի Երևանում»,- ասաց Լեյլի Ասլանյանը:
Նա վստահ էր, որ Գյումրի բժշկական կենտրոնում մանկական բաժանմունքի կարգավիճակում գործելով՝ մանկական ծառայության զարգացումն ակնառու, շատ մոտ ժամանակներում կտեսնենք:
«Եվս մի հանգամանք նշեմ. 0-18 տարեկան երեխաներին մատուցվող բոլոր ծառայությունները՝ թե թերապևտիկ, և թե վիրաբուժական, անվճար են: Բայց մանկական հիվանդանոցում գործում է մեծահասակների վիրաբուժական ծառայություն այն պարագայում, երբ Գյումրի բժշկական կենտրոնում ունենք մեծահասակների վիրաբուժական ծառայություն: Բոլորովին չտրամաբանված կերպով մեծահասակների վիրահատություններն իրականացվում են մանկական հիվանդանոցում: Վիրահատություններն իրականացվում են վճարովի, ինչը բուժաշխատողի համար ձեռնտու է: Ես գտնում եմ, որ ուղղվածություն փոխելը ճիշտ չէր»,- ասաց Լեյլի Ասլանյանը:
Նրա խոսքով՝ հիմա միանգամայն արդարացված է Գյումրի բժշկական կենտրոնի և Մանկական ավստրիական հիվանդանոցի միավորումը, որովհետև նպատակը թե մանկական սոմատիկ, և թե մանկական վիրաբուժական ծառայությունը զարգացնելն է:
Ինչ վերաբերում է միավորման ֆինանսական բաղադրիչին, մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուն նկատեց՝ այդ տեսանկյունից վերլուծությունը համապարփակ չէ:
«Գյումրի բժշկական կենտրոնը ֆինանսական խնդիրներ, պարտքեր ունի: Բայց տեսեք, 130 միլիոն դրամ պարտք ունեցող Գյումրի ծննդատունը միացավ Գյումրի բժշկական կենտրոնին, և այսօր ունի ընդամենը 30 միլիոն դրամ պարտք: Ընդամենը մեկ տարում նաև ծնունդների աճ է գրանցվել»,- ասաց Լեյլի Ասլանյանը:
Նա, որպես Գյումրի բժշկական կենտրոնի խնդիրների պատճառ, նաև այլ հանգամանքներ նշեց:
«50 մահճակալանոց Ինֆեկցիոն հիվանդանոցը, որը մինչև Քովիդը խիստ թերբեռնված էր աշխատում, և արդեն իսկ դրված էր այն օպտիմալացնելու հարցը: Քովիդի ժամանակ լուրջ գումարներ ներգրավվեցին, նորացվեցին մահճակալները, կենտրոնացված թթվածնային համակարգ ներդրվեց, բավականին թանկարժեք լաբորատոր սարքավորումներ բերվեցին: Բայց Քովիդը նահանջելու հետ այդ հիվանդանոցը կրկին դարձավ խիստ թերբեռնված: Եվ հաջորդ որոշումն այն եղավ, որ Ինֆեկցիոն հիվանդանոցը միացվի Գյումրի բժշկական կենտրոնին և բավականին լուրջ խնդիրներով: Ադմինիստրատիվ մասի աշխատակիցների կրճատում եղավ: Քովիդի ժամանակ ստացած շատ բարձր աշխատավարձերի վերջնահաշվարկը մեծ գումարներ կազմեց, ու դրանք կրկին փակեց Գյումրի ԲԿ-ն»,- ասաց Լեյլի Ասլանյանը՝ կրկին շեշտելով՝ առաջ եկած ֆինանսական խնդիրները պատահական չեն ի հայտ եկել:
Մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուն կրկին պնդեց՝ արդարացված քայլ է երկու բուժկենտրոնների միավորումը. Կլինի մեկ ընդհանուր ծննդօգնություն, մանկական բաժանմունքն էլ վստահաբար չի տուժի: