Կարեն Սարուխանյանը վերանվաճում է Շիրակի մարզը

Շիրակի մարզը նոր մարզպետ ունի: Աշխատանքից ազատված ՔՊ-ական Նազելի Բաղդասարյանից հետո մարզը կղեկավարի Մուշեղ Մուրադյանը: Վերջինս Շիրակի մարզպետարանում աշխատել է դեռևս 2013թ.-ից՝ որպես ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ:

Մուշեղ Մուրադյանի կարիերայի թռիչքը սկսվում է քայլարշավային հաղթանակից հետո, երբ Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնում է ներկայումս Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը: Հենց այդ ժամանակ է Մուշեղ Մուրադյանը 15.01.2018-24.12.2019թթ․ զբաղեցնում ՀՀ Շիրակի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնը, ապա 2018-2019թթ․ դառնում ՀՀ Շիրակի մարզպետարանի ներքին և արտաքին ազդարարման համակարգի պատասխանատուն: Կարեն Սարուխանյանից հետո Շիրակի մարզպետարանը լքում է նաև Մուշեղ Մուրադյանը, բայց քանի որ նախկին մարզպետն իր ազդեցության գոտում էր պահում մարզի ողջ կադրային քաղաքականությունը, ինչի մասին 168.amբազմիցս հանդես է եկել հրապարակումներով, իր մտերմին դարձնում է  Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն, ուր և պաշտոնավարում է 4 տարի՝ մինչև Շիրակի մարզպետ նշանակվելը:

Ի դեպ, նա միակը չէ Կարեն Սարուխանյանի շրջապատից, ով հայտնվել էր «Արփի լիճ» ՊՈԱԿ-ում: Նա իր մորաքրոջ տղային՝ Հայկ Ստեփանյանին, օպերատիվ խմբի ղեկավար էր դասավորել «Արփի լիճ» ՊՈԱԿ-ում:

Մուշեղ Մուրադյանի նշանակմանը ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում մենք անդրադարձել էինք դեռևս 2020թ. օգոստոսին: Վերջինս ցածր միավորներն էր ստացել, քննական պատնեշը հաղթահարած 11 մասնակիցների մեջ զբաղեցրել էր ընդամենը 8-րդ տեղը և մասնագիտությամբ որևէ առնչություն չուներ բնապահպանության հետ: Ամենաբարձր միավորներ ստացել էր նախկին տնօրեն Արա Պետրոսյանը, որին, ըստ տեղեկությունների, ձերբակալել տվեցին մրցույթի արդյունքները չբողոքարկելու համար։ Այնուամենայնիվ, հենց նա դարձավ «Արփի լիճ» ՊՈԱԿ-ի տնօրեն:

Կարդացեք նաև

Կարճ ասած՝ Մուշեղ Մուրադյանը Կարեն Սարուխանյանի բարձր հովանու ներքո է դարձել Շիրակի մարզպետ: Ու թեպետ դեռևս 2019թ. նա հերքում էր, որ հովանավորում է Մուշեղ Մուրադյանին, ակնհայտ է, որ նա քաջատեղյակ է նույնիսկ Մուշեղ Մուրադյանի տնօրինած գույքին:

Մասնավորապես, Կարեն Սարուխանյանն այդ ժամանակ անդրադարձել էր Մուշեղ Մուրադյանի՝ ազգային պարկի տարածքում մոտ 300 հեկտարի չափով վարձակալած հողատարածք ունենալուն։

«Գուցե իմ անունն էլ է այս հարցում շոշափվում, դրա համար պարզաբանեմ. իմ մարզպետ աշխատած ժամանակ Մուրադյանի հողեր ունենալու թեման եղել է, իրականում հողերն այդ տարածքում Մուշեղի կողմից վարձակալությամբ վերցվել են մինչև ազգային պարկի հիմնադրումը և տրված են ենթավարձակալության։ Այսինքն՝ մոտ 17-18 տարի առաջ, հիմա հասկանում եմ՝ քաղաքական առումով շատերին ձեռնտու չէ, ցանկանում են կապել իմ անվան հետ՝ հաշվի առնելով այնտեղի վերջին բացահայտումները, հաշվի առնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Շիրակի մարզից ես եմ ներկայացնում առաջնահերթ, կփորձեն նմանատիպ ամեն բան կապել ուղիղ իմ հետ, որպեսզի մեր թիմին կամ իշխանությանը հարված հասցնեն»,- ասել էր նա:

Վերադառնալով «Արփի լիճ» ազգային պարկին՝ նշենք, որ գրել էինք՝ Կարեն Սարուխանյանն անասնաֆերմա ունի ազգային պարկից ոչ հեռու, իսկ ազգային պարկը շատ հարմար արոտավայր ու խոտհարք է հանդիսանում ամբողջ տարածաշրջանի համար:

2020թ. հունիսի 5-ին ազգային պարկի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ հայտնվեցին, որոնցից մեկում մեզ արդեն հայտնի Մուշեղ Մուրադյանը պատվոգիր է հանձնում Արփի համայնքի ղեկավար Մերկել Ղարիբյանին՝ հավանաբար ազգային պարկի տարածքում գտնվող Արդենիսի լիճը սեփական անասնաֆերմայի կոյուղատար սարքելու ու կործանելու համար, որտեղ բազմաթիվ էնդեմիկ կենդանիներ են ապրել:

Այս մասին Hetq.am, ի դեպ, հրապարակում էր կատարել:

Մուշեղ Մուրադյանը նախկին ՀՅԴ-ական է: Հայրը եղել է ներկայումս՝ Աշոցքի, ԽՍՀՄ ժամանակներում՝ Ղուկասյանի շրջկոմի քարտուղար:

Մուշեղ Մուրադյանին մաղթում ենք հաջողություն իր աշխատանքում: Այս պահին փաստենք՝ Նազելի Բաղդասարյան-Կարեն Սարուխանյան բացահայտ սուր հակամարտությունը հանգուցալուծվեց Կարեն Սարուխանյանի շռնդալից հաղթանակով:

Կարեն Սարուխանյանը ձիով քայլ է կատարել՝ մարզ վերադառնալով Մուշեղ Մուրադյանի դեմքով: Հիմա թե ինքը կվերահսկի մարզը, թե զերծ կմնա ամեն պահի աշխատանքը կորցնելու վտանգին բախվելու հեռանկարից: Պատգամավորական աշխատանքն այդ առումով բավականին կայուն երաշխիքներ է տալիս:

Տեսանյութեր

Լրահոս