Հունվարին ԿԲ արտաքին պահուստները մի քանի հարյուր միլիոն դոլարով կրճատվել են. Ո՞ւր է գնացել այդ գումարը
Անցած տարի Կենտրոնական բանկի արտաքին տարադրամային պահուստները բավական ակտիվ աճեցին։ Եթե նախորդ տարվա վերջին դրանք կազմում էին շուրջ 3 մլրդ 230 մլն դոլար, ապա արդեն 2022թ. վերջին հասան 4 մլրդ 109 մլն դոլարի։
Մեկ տարվա ընթացքում պահուստներն ավելացան գրեթե 880 մլն դոլարով։
Անցած տարվա այս ակտիվությունը պայմանավորված էր ներքին շուկայում տարադրամային միջոցների առատությամբ։ Ռուս-ուկրաինական հակամարտությունը հանգեցրեց նրան, որ Ռուսաստանից ֆինանսական միջոցների մեծ շարժ սկսվեց դեպի Հայաստան։ Արդյունքում՝ պաշտոնական տվյալներով, մասնավոր ֆինանսական փոխանցումները միայն բանկային համակարգի միջոցով հասան ընդհուպ 5,2 մլրդ դոլարի։ Զուտ ներհոսքը, որը մնաց Հայաստանում, կազմեց գրեթե 2,6 մլրդ դոլար՝ մի քանի անգամ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։
Տարադրամի ավելցուկը հսկայական ֆինանսական ճնշում առաջացրեց արտարժութային շուկայում՝ հանգեցնելով հիմնական արժույթների նկատմամբ դրամի դիրքերի ամրապնդմանը։ Թերևս, դա էլ հնարավորություն տվեց Կենտրոնական բանկին աննախադեպ քանակությամբ տարադրամ ներքաշել՝ ազգային արժույթի ամրապնդումը մեղմելու նպատակով։
Այնուհանդերձ ԿԲ-ն բավական ակտիվ չգտնվեց տարադրամի ավելցուկը ներքաշելու առումով, ինչի հետևանքով հիմնական արժույթների նկատմամբ դրամն էապես ամրապնդվեց։ Տարադրամի մեծ հոսքեր հայտնվեցին արժութային շուկայում։ Կենտրոնական բանկը չգնաց դրանց հաշվին արտաքին պահուստների ավելի մեծ համալրում իրականացնելու և ազգային արժույթի այդպիսի ակտիվ արժևորում թույլ չտալու ճանապարհով։
Դրա համար ԿԲ-ն, անշուշտ, պատճառները ուներ, որոնցից առաջինը բարձր գնաճն էր։
Քանի որ դրամավարկային քաղաքականության գործիքները գրեթե սպառել էին իրենց, և անհնարին էր դարձել միայն այդ գործիքների միջոցով ճնշել գնաճը, Կենտրոնական բանկը ստիպված էր դա անել դրամի ամրապնդման միջոցով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխարժեքը գնաճի վրա ազդող ամենաէական գործոններից մեկն է։ Թերևս, այդ պատճառով էլ ԿԲ-ն խուսափեց տարադրամային ավելի մեծ միջոցների ներքաշումից և դրանց հաշվին արտաքին պահուստների շատ ավելի համալրումից՝ թողնելով, որպեսզի ազգային արժույթն ամրապնդվի։
Արժութային շուկայում տարադրամի առաջարկի համեմատ Կենտրոնական բանկի պասիվ վարքագիծը բերեց նրան, որ դրամի արժևորումը՝ ինչպես դոլարի, այնպես էլ՝ եվրոյի նկատմամբ տարեկան կտրվածքով հասնի գրեթե 20 տոկոսի։
Այսօր էլ ազգային արժույթը մեկ տարի առաջվա համեմատ ամրապնդված է մնում։ Ամրապնդման միտումն առայժմ չի թուլանում։ Շուկայի հիմնական արժույթների նկատմամբ դրամի դիրքերը շարունակում են ամրանալ։
Վերջին օրերին դոլարի գինը նվազել է նաև 400 դրամից։ Իջել են եվրոյի և ռուբլու գները՝ մեծացնելով ճնշումը տնտեսության արտահանելի հատվածի վրա։
Հիմա արդեն դա արտահայտվում է նաև ռուսական շուկայում։ Անցած տարի ռուբլու ամրապնդումը ռուսական շուկայում որոշ չափով մեղմել էր հայկական ապրանքների մրցունակության վրա ֆինանսական շուկայից եկող ազդեցությունները։ Այս տարի ռուսական շուկայում նկատվում է ռուբլու դիրքերի թուլացում։ Դրա հետևանքով՝ դրամի ամրապնդումը թուլացնում է հայկական ապրանքների մրցունակությունը նաև ռուսական շուկայում։ Տնտեսությունն այստեղ ևս սկսել է կորուստներ կրել։
Ազգային արժույթի ամրապնդումից մեծ վնասներ է կրում նաև հասարակության այն ոչ փոքր հատվածը, որի եկամուտները ձևավորվում են տարադրամով։
Բայց ԿԲ-ն առայժմ հակված չէ՝ ինչպես տնտեսությանը, այնպես էլ՝ հասարակության այս հատվածին պաշտպանել ազգային արժույթի արժևորման հետևանքով առաջացող ֆինանսական հսկայական կորուստներից՝ արժութային շուկայում առկա ավելցուկային տարադրամը ներքաշելու միջոցով։
Թվում է, թե սա լավ հնարավորություն է նաև արտաքին պահուստները համալրելու համար։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ազգային արժույթն անցած տարվա ընթացքում արդեն հասցրել է բավականաչափ ամրապնդվել, և հետագա ամրապնդումը պիտի այլևս նպատակահարմար չհամարվեր։
Բայց ինչպես վկայում են պաշտոնական տվյալները, անցած տարվա կտրուկ ավելացումից հետո այս տարվա սկզբին Կենտրոնական բանկի արտաքին տարադրամային պահուստները ոչ պակաս կտրուկ կրճատվել են։
Մեկ տարվա ընթացքում ավելացել էին շուրջ 880 մլն դոլարով, մեկ ամսվա ընթացքում միանգամից կրճատվել են 420 միլիոնով։ Այսինքն՝ գրեթե կիսով չափ, ինչքան ավելացել էին մեկ տարում։
Թե ո՞ւր են գնացել այդ գումարները, հայտնի չէ։
Նախկինում էլ, գրեթե միշտ, տարեսկզբին տեղի է ունեցել ԿԲ արտաքին պահուստների կրճատում։ Այս առումով հերթական կրճատումը, իհարկե, արտառոց չէ։ Արտառոց է կրճատման տեմպի և հատկապես այն իրավիճակի առումով, որն առկա է ֆինանսական հատվածում։ Նախկինում տարեսկզբին ֆինանսական շուկան սովորաբար գտվում էր տարադրամային միջոցների բարձր պահանջարկի ազդեցության տակ։ Դրա համար ԿԲ-ն ստիպված էր լինում այդ պահանջարկը բավարարել արտաքին պահուստների հաշվին։
Այս տարի նման խնդիր չի եղել։ Ավելին՝ դատելով փոխարժեքի շուկայում առկա միտումներից՝ տարադրամային միջոցների ակտիվ հոսքը շարունակել է պահպանվել։ Ուստի արտաքին պահուստների հաշվին արժութային շուկայի պահանջարկի համալրման խնդիր շուկան չի ունեցել։
Մնում է ենթադրել, որ այդ գումարները գնացել են գերազանցապես արտաքին պարտավորությունների կատարման ուղղությամբ։ Խոսքն արտաքին պարտքի սպասարկման և արտաքին առևտրի ֆինանսավորման մասին է։
Հունվարին Կենտրոնական բանկի պահուստները միանգամից 420 մլն դոլարով կրճատվել են և նախորդ ամսվա 4 մլրդ 109 մլն դոլարի դիմաց փետրվարի 1-ի դրությամբ կազմել են 3 մլրդ 689 մլն դոլար։ Հիմա արդեն այն շատ ավելի քիչ է գերազանցում նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը. տարբերությունը 551 միլիոն է։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ