Երևանը, Բաքուն, Վաշինգտոնն ու Անկարան շտապում են՝ վախենալով Ռուսաստանի ապագա քայլերից. Տարասով

«Դժվար է ասել, թե Մոսկվայի ներկայիս «լռությունն» ինչ հաշվարկներով է պայմանավորված»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հարավկովկասյան վերջին զարգացումներին:

Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին Սոչիում հանդիպումից հետո շաբաթ օրը Մյունխենի 59-րդ Անվտանգության համաժողովի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ու նախաձեռնությամբ կայացավ եռակողմ՝ Փաշինյան-Բլինքեն-Ալիև հանդիպում:

ՀՀ կառավարության փոխանցմամբ, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության:

«Մենք հավատում ենք, որ 30 տարվա հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանն ունեն հնարավորություն ապահովել խաղաղություն»,- նշել էր ԱՄՆ պետքարտուղարը Բլինքենը:

«Կողմերը կենտրոնացած են խաղաղության գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ երկխոսության միջոցով, ինչպես նաև Եվրամիության և մեզ հետ։ Միացյալ Նահանգները հաստատակամ է օժանդակելու այս ջանքերը, թե՛ մեր ընկերների, թե՛ այսպիսի եռակողմի ձևաչափերի, թե՛ այլ միջազգային գործընկերների հետ»,- ասել է պետքարտուղարը:

Իր հերթին՝ Ալիևն այս եռակողմ հանդիպմանը հաջորդած Փաշինյան-Ղարիբաշվիլի-Ալիև քննարկման ընթացքում նշել էր, թե արդեն կան ձեռք բերված պայմանավորվածություններ.

«Որքան հասկանում եմ մեր ամերիկյան և Եվրամիության գործընկերների հետ շփումներից, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի հետ այսօրվա եռակողմ հանդիպումից, մենք ունենք ընդհանուր ըմբռնում, որ պետք է լինեն մոտեցումներ երկու ճանապարհով՝ հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններ և Ադրբեջանի շփումները Ղարաբաղի հայ բնակչության հետ: Ինչպես նաև մեր միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կլինեն բանակցություններ Ղարաբաղի հայ փոքրամասնության իրավունքների և անվտանգության հարցով»: Սակայն Ալիևը  բացառել էր բանակցություններ Ռուբեն Վարդանյանի հետ, ով, նրա խոսքով, Ռուսաստանից է ներմուծված:

Ստանիսլավ Տարասովն այն կարծիքին է, որ իրադարձությունների ողջ տրամաբանությունն ուղղված է Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելուն գլոբալ առումով, ինչպես նաև, որպես ավելի մոտ նպատակ՝ Ռուսաստանին բանակցային գործընթացից, որպես միջնորդ, դուրս մղելուն:

Ըստ նրա, ընթանում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի զրոյացման գործընթաց` քայլ առ քայլ, քանի որ այլևս հղումներ կատարվում են ոչ թե նոյեմբերի 9-ի փաստաթղթին, այլ Պրահայի պայմանավորվածություններին:

«Նկատելի է, որ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը շտապում են՝ ամենայն հավանականությամբ, հստակ հասկանալով, որ ուկրաինական զարգացումներից հետո Մոսկվան նորովի է վերադառնալու այս ռեգիոնին և այս ռեգիոնի խնդիրների լուծմանը: Ուստի Վաշինգտոնը, Երևանը, Բաքուն, Անկարան շտապում են` ապագայում դա թույլ չտալու, հետևաբար` ՌԴ ազդեցություն թույլ չտալու նպատակով: Սա՝ ինչ վերաբերում է գործընթացի ընդհանուր կողմին:

Սակայն դետալային առումով այն ունի բազմաթիվ բարդություններ, որոնք կարող են կասկածի տակ դնել այս արևմտյան նոր փորձի հաջող շարունակությունը: Բացի այդ, որքան երկար կարող են Երևանն ու Բաքուն բանակցել ուղիղ կերպով, քանի որ ամերիկյան կողմն այս հանդիպմանն ամրագրեց, որ կողմերը հետևելով ԱՄՆ հորդորին, անցել են ուղիղ բանակցությունների, այսինքն՝ բանակցությունների առանց միջնորդի, և հասել ինչ-որ հանգրվանի:

Ամենակարևորը, որ դրանցում չկա Ռուսաստանը, որի առաջարկը դեկտեմբեր ամսին մերժեց հայկական կողմը, իսկ ներկայիս առաջարկներին՝ կրկին հանդիպում անցկացնել, չկա որևէ արձագանք կողմերից:

Ավելին՝ նշեմ նաև, որ ադրբեջանական կողմը` ի դեմս Իլհամ Ալիևի, ևս արձանագրեց, որ արևմտյան հարթակն ընդունելի է և նախընտրելի այս պահին: Սա, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ հաջողվում է տարանջատել ԼՂ հարցը հայ-ադրբեջանական բանակցություններից:

Ներկայումս ստացվում է, որ Մոսկվան չի մասնակցում գործընթացին, սակայն Մոսկվայի ցանկության դեպքում Երևանն ու Բաքուն կարող են վերադառնալ մոսկովյան հարթակ: Շատ անկանխատեսելի է, քանի որ ցանկացած պահի կողմերից մեկը կարող է հրաժարվել բանակցել Արևմուտքում, թեև այս պահին ամեն բան թվում է հարթ ու հստակ՝ բանակցությունները շարունակվում են Արևմուտքի հովանավորության ներքո, Հայաստանում իրենց գործունեությունն են սկսում ԵՄ 100 դիտորդներ, քննարկվում է Խաղաղության համաձայնագիրը, հայ-թուրքական գործընթացում տեղաշարժեր են նկատվում, միևնույն ժամանակ՝ Էրդողանի դիրքերն են թուլացել:

Ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում և Հարավային Կովկասի շուրջ բավականին բարդ պատկեր է ստեղծվում: Բայց Մոսկվան չի կորցրել տարածաշրջանային իր բոլոր լծակները, և նույնիսկ դժվար է ասել, թե ներկայիս «լռությունն» ինչ հաշվարկներով է պայմանավորված»,- նման կարծիք հայտնեց Տարասովը:

 

Տեսանյութեր

Լրահոս