Ռուսլան Բաղդասարյանի գույքն ուսումնասիրել են՝ սկսած 1998 թվականից, երբ նա 18 տարեկան էլ չի եղել. Հրանտ Անանյան
«Թյուրընկալում կա, որ այս օրենքը վերաբերում է միայն պաշտոնատար անձանց կամ նրանց հետ անմիջականորեն փոխկապակցված հարազատներին, կամ, որ օրենքը վերաբերում է միայն նրանց պաշտոնավարման ժամանակահատվածին: Օրենքն այնպիսի կարգավորումներ է նախատեսել, որ ուսումնասիրություն կարող են սկսել ՀՀ ցանկացած քաղաքացու նկատմամբ, և պարտադիր չէ, որ նա երբևէ որևէ պետական պաշտոն զբաղեցրած լինի: Կարծում եմ՝ այս գլխացավանքը շատ-շատերի դուռն է թակելու»,– 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց փաստաբան Հրանտ Անանյանը՝ անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի խնդրահարույց դրույթներին ու դրա պրակտիկ կիրառության խնդիրներին:
Նրա խոսքով՝ օրենքի տեսանկյունից խնդիր է, երբ որևէ քրեական վարույթով անցնող անձի գույքի վերաբերյալ զուգահեռ ուսումնասիրություն է սկսվում, այդ վարույթն արդարացնող հիմքով կարճվելուց հետո ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ վարույթը շարունակում է ընթանալ:
«Բազում են դեպքերը, երբ անձը որպես մեղադրյալ է ներգրավվել ապօրինի գույքով ուսումնասիրություն սկսելու համար հիմք հանդիսացող որևէ հոդվածով, սակայն ծանոթանալով տեքստին և նկարագրությանը՝ ակնհայտ է դառնում, որ այդ մեղադրանքը ողջամիտ չէ, կամ դրա համար գործի մեջ չկան բավարար ապացույցներ: Վարույթը կարճվում է, բայց պարզվում է, անձի գույքի վերաբերյալ, ասենք, շուրջ 1 տարի ուսումնասիրություն է իրականացվում, փաստորեն մարդու ընտանիքի ամբողջ մասնավոր կյանքն է ուսումնասիրվել: Ու հիմա ասում են՝ դե ապացուցիր, օրինակ, որ եթե 20-25 տարի առաջ, չլինելով պաշտոնատար անձ, ինչ-որ հողակտոր ես ձեռք բերել, ինչպե՞ս ես այն ձեռք բերել: Պրակտիկայում հիմա առկա են դեպքեր, երբ մեղադրանքի ձևակերպումից ակնհայտ է՝ դրա նպատակը բոլորովին էլ այլ է»,- ասաց Հրանտ Անանյանը:
Փաստաբանը կարծում է՝ այս հարցին Սահմանադրական դատարանը (ՍԴ) հատուկ գնահատական պետք է տա:
Անդրադառնալով օրենքի հետադարձ ուժի խնդրին՝ Հրանտ Անանյանն ասաց՝ մարդիկ հանցագործություն չեն արել, աշխատել են, տասնյակ տարիներ առաջ գումար են վաստակել, կամ գումար են ստացել, որն օրինական եկամուտ է եղել, բայց այն չի փաստաթղթավորվել, ու հիմա, փաստորեն, ստիպված են փաստաթղթային հիմնավորումներ ներկայացնել:
«Այսօր պարտադրում են ներկայացնել 20-25 տարի առաջ ձեռք բերված գույքի այնպիսի հիմնավորումներ, որպիսի ոչ բարքերն են եղել, ոչ հասարակական հարաբերությունները, և ոչ էլ օրենսդրությունը: Երբ մարդու վրա ապացուցման բեռ ես դնում, պետք է հասկանաս՝ արդյո՞ք մեր տնտեսությունը 20-25 տարի առաջ այնպիսին է եղել, որ ՀՀ բոլոր քաղաքացիների ոչ հանցավոր եկամուտները ֆիքսված լինեն այնպիսի փաստաթղթերով, որոնցով նրանք այսօր կարողանան հիմնավորել իրենց եկամուտները»,- ասաց Հրանտ Անանյանը:
Որպես պրակտիկ օրինակ՝ փաստաբանը մատնանշեց Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի վերաբերյալ առկա վարույթը:
«Ռուսլան Բաղդասարյանը շատ գույք չունի, բայց նրան փոխկապակցված անձ են ճանաչել կնոջը, ով մեկ տան ու մեկ ավտոմեքենայի սեփականատեր է: Ուշագրավն այն է, որ փորձել են հաշվարկել Ռուսլան Բաղդասարյանի՝ այս տարիների ընթացքում կատարած ծախսերը: Սկսել են գույքն ուսումնասիրել՝ սկսած 1998թ.-ից, երբ Ռուսլան Բաղդասարյանը 18 տարեկան էլ չի եղել: Իրենց չի հետաքրքրում, որ Ռուսլան Բաղդասարյանին կարող էր հայրը գումար տալ, իրենք հետ են գնում այնքան, մինչև կարողանան գույք ֆիքսել: Հենց ֆիքսում են, այն դիտարկում են որպես ապօրինի ու սկսում են ուսումնասիրություն: Տվյալ դեպքում դա մի հողակտոր է, որը Ռուսլան Բաղդասարյանը, որպես ոչ պաշտոնատար անձ, ձեռք է բերել 560 000 դրամով: Ասում են՝ դու 560 000 դրամ չէիր կարող ունենալ, որովհետև քո աշխատանքային գործունեությունը սկսվում է 2002թ.-ից»,- ասաց Հրանտ Անանյանը:
Նրա խոսքով՝ այդ գումարի փաստման նոտարական վավերացումն է ուզում Դատախազությունը, երբ ոչ այն ժամանակ է նոտարական վավերացում պահանջվել, ոչ հիմա:
«ՀՀ ցանկացած քաղաքացի, ով որևէ ֆինանսական գործարք է կատարել տարիներ առաջ ու այդ փաստաթղթերը չի պահպանել, կարող է կանգնել այս խնդրի առաջ: Ռուսլան Բաղդասարյանը, ի թիվս այլ փաստարկների, նշել է, որ իր հորից, մոր ծնողերից ֆինանսական աջակցություն է ստացել, ովքեր հիմա ողջ չեն, հետևաբար՝ ինչպե՞ս է հնարավոր ապացուցել դա»,- ասաց Հրանտ Անանյանը:
Փաստաբանը նաև շեշտեց՝ Ռուսլան Բաղդասարյանի՝ որպես համայնքի ղեկավար աշխատած տարիների ընթացքում ձեռք բերած գույքի ու դրա վաճառքի հետ կապված թեև Դատախազությունը խնդիրներ առաջադրել է, բայց չի կարողացել դա կապել նրա պաշտոնավարման հետ: Այսինքն՝ դատախազությունը օրինական է ճանաչել Ռուսլան Բաղդասարյանի պաշտոնավարման ընթացքում ձեռք բերած գույքը:
«Երբ Ռուսլան Բաղդասարյանի վերաբերյալ ուսումնասիրությունը սկսվել է, նրան վերագրված է եղել յուրացման և վատնման ու փաստաթղթերի կեղծման հանցակազմ, բայց այդ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցված է, այդ վարույթը՝ կարճված»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ուսումնասիրությունը սկսելու համար պարտադիր 50 միլիոն դրամը գերազանցող գույք Ռուսլան Բաղդասարյանը չի ունեցել:
Ըստ նրա՝ հիմա Երևանում անշարժ գույքի գներն այնպես են թանկացել, որ նույնիսկ ոչ կենտրոնում գտնվող 2-3 սենյականոց բնակարանի գինը կարող է 50 միլիոն դրամից ավել լինել, ինչը նշանակում է, որ այդ գնի բնակարան ունեցող ցանկացած անձ կարող է հայտնվել Դատախազության թիրախում, սակայն ուշագրավն այն է, որ Ռուսլան Բաղդասարյանի դեպքում այդ 50 միլիոնն էլ չի եղել:
«Մեզ հաշտեցում առաջարկվել է, և իհարկե, Ռուսլան Բաղդասարյանը չի համաձայնել դրան: Ռուսլան Բաղդասարյանը չունի էլ իրեն վերագրվող 200 000 միլիոն դրամի գույքը: Նա պնդում է՝ ինքը և իր երեխաները պետք է շարունակեն արարել ու ապրել Հայաստանի Հանրապետությունում: Էս վարույթի շրջանակում Ռուսլան Բաղդասարյանի պայքարը սրա համար է»,- եզրափակեց Հրանտ Անանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: