Այս իշխանությա հետ չկա պատերազմ գնալու, որովհետև մենք դրա դառը փորձն ունենք. Աբրահամ Գասպարյան
«Մենք գիտե՞նք, թե ինչ ենք ուզում, ու առհասարակ, ուզո՞ւմ ենք պետություն ունենալ, թե՞ ոչ: Հարցի պատասխանը մենք չունենք»,- Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովի շրջանակներում ասաց «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանը՝ նշելով, որ հիմա ապրում ենք, և չի նշանակում, որ մեր օրոք ամբողջական պետք է վերականգնվեն հայության իրավունքները, կյանքի կոչվի Ազատ, անկախ, Միացյալ Հայաստան կոնցեպտը:
«Մեր բաժին Արցախին կարողանո՞ւմ ենք տիրություն անել, թե՞ ոչ; Էլիտաներն իրենք են առաջնորդում, ժողովրդին չի կարելի թողնել ինքնահոսի ու ասել՝ գիտեք, գնացեք, ինքներդ որոշեք: Պետք է ռազմավարական առումով մեզ համար կարողանանք կոնցեպտ մշակել, թե ինչ ենք ուզում: Մեզ համար ընդունելի՞ է երբեմնի ԼՂԻՄ կարգավիճակը, թե՞ պետք է վերանայման ենթարկենք ընդհանրապես 1921թ. ընդունված միջազգային պայմանագրերը: Փորձագիտական բոլոր շրջանակները խոսում են Արցախի մասին. իմացող-չիմացող խոսում է Արցախի մասին: Հայաստանի սահմանների մասին թողնես՝ տրակտատներ կհնչեցնեն»,- նշեց Աբրահամ Գասպարյանը: