Գիտնականները պարզել են, որ մարդիկ ձմռանն ավելի շատ քնելու կարիք ունեն. The Guardian
Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ տարվա ցուրտ ամիսներին ավելի շատ քնելու կարիք են ունենում, տեղեկացրել է The Guardian-ը՝ հղում կատարելով Frontiers in Neuroscience ամսագրին։
Գիտնականների խումբն ուսումնասիրել է քնելու հետ կապված դժվարություններ ունեցող պացիենտների քունը (պոլիսոմնոգրաֆիա)։ Նրանց տեղավորել են հատուկ լաբորատորիաներում, որտեղ նրանք քնել են առանց զարթուցչի։ Նրանց ուսումնասիրությունը թույլ է տվել եզրակացնել, որ ձմռանը մարդիկ ավելի շատ են քնում արագ քնի փուլում (REM-փուլ, որը բնորոշվում է գլխուղեղի բարձր ակտիվությամբ, որի հատկանիշը աչքերի արագ շարժումներն են- «Газета.Ru»)։
«Արագ քունը», որը, ինչպես հայտնի է, ուղիղ կապված է ցիրկադային ռիթմերի (ցերեկվա եւ գիշերվա փոփոխության հետ կապված բիոպրոցեսների ցիկլիկ տատանումներ) հետ, որոնց վրա ազդում է լույսի փոփոխությունը, ձմռանը 30 րոպե ավելի երկար է, քան ամռանը»,- նշվել է հոդվածում։
Հետազոտությունը ցույց է տվել, որ անգամ քաղաքների բնակիչների արագ քնի փուլը, որոնք քնի հետ կապված խնդիրներ ունեն, ավելի երկար է ձմռանը, քան ամռանը եւ պակաս խորն է աշնանը։
Մասնագետները նշել են, որ եթե հետազոտության արդյունքները հաջողվի վերարտադրել առողջ քուն ունեցող մարդկանց պարագայում, դա կդառնա առաջին ապացույցն այն բանի, որ մարդիկ պետք է վերանայեն իրենց քնելու սովորությունները ՝ կախված սեզոնից. գուցե ավելի շուտ քնեն շուտ մթնող եւ ցուրտ ամիսներին։