«Եթե սիրում եք Ինձ, կպահեք Իմ պատվիրանները»
Քրիստոնեական կյանքից հեռու ապրող մարդկանց մոտ քրիստոնեական բարոյականության վերաբերյալ մի շարք կարծրատիպեր են ձևավորվել. քրիստոնեական բարոյականությունը համարում են օրենքների մի հավաքածու և սիրում են ասել, որ այդ օրենքների շարքը վատը չէ, բայց անիրագործելի է: Եթե նրանց համար հինկտակարանյան պատվիրանները ծանր են, ապա ինչ կարելի է ասել Քրիստոսի կողմից տրված պատվիրանների մասին, որ պահանջների ավելի մեծ շրջանակ է պարունակում. «Լսել եք, թե ինչ է ասվել անցյալում. «Մի՛ սպանիր, որովհետև ով սպանում է, պիտի դատապարտվի»: Իսկ ես ձեզ ասում եմ. ով որ առանց պատճառի բարկանա իր եղբոր վրա, պիտի հանձնվի դատարանի…․
Լսել եք, թե ինչ է ասվել. «Մի՛ շնանա»: Իսկ ես ասում եմ ձեզ, թե ով որ ցանկությամբ նայի որևէ կնոջ, արդեն իսկ իր սրտում շնություն արած կլինի նրա հետ…․ Լսել եք, թե ինչ է ասվել. «Աչքի փոխարեն աչք պիտի հատուցես, ատամի փոխարեն՝ ատամ»: Իսկ ես ձեզ ասում եմ.- Մի՛ հակառակվիր քեզ չարիք անողին: Եթե մեկը քո աջ երեսին ապտակ տա, մյուս երեսդ էլ դարձրո՛ւ նրան» (Մատթ. 5:21-22; 27-28; 38-39): Պատվիրանները նրանց համար անիրագործելի են, քանի որ դրանք համարում են իրենց ուժերից վեր՝ հաշվի չառնելով ամենագլխավորը, որ Աստված պատվիրանների հետ միասին ուժ է տալիս՝ դրանք իրագործելու:
Երկրորդ կարծրատիպն ունեցողներն ավետարանական պատգամներն սկզբունքորեն անիրագործելի են համարում՝ ասելով, որ դրանք տրվել են մարդուն՝ որպես իդեալ: Այսինքն՝ այդ պատվիրաններն անհնար է լիարժեք կատարել, և այդ գիտակցությունը տկարացնում է մարդուն: Նման կարծիքը ոչ մի առնչություն չունի ճշմարտության հետ, այն աղավաղում է քրիստոնեության իմաստը:
«Ավետարան» բառը նշանակում է բարի լուր, բայց վերոնշյալ կարծիքն ունեցողների համար այն չի պարունակում բարի լուր, քանի որ, այդպիսիների համար մարդն ընդունակ չէ ոչինչ անելու, բացի իր տկարությունը գիտակցելուց: Այսինքն, ըստ նրանց, կասկածի տակ է դրվում Աստծու բարի լինելը, քանի որ Նա տվել է պատվիրաններ, որոնք անիրագործելի են, բայց դրանց իրագործումով է հնարավոր միայն փրկվել: Կրկին թյուր կարծիք, քանի որ Աստված «Իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է տեղացնում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա» (Մատթ. 5:45) և յուրաքանչյուր ոք, ով Աստծուց իմաստություն խնդրի, Նա բոլորին տալիս է այն առատորեն և սիրահոժար կերպով (Հակոբ 1:5), Աստված «ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը» (Ա Տիմոթ. 2:4):
Հետևյալ օրինակն առավել պատկերավոր կերպով կներկայացնի սիրող Հայր Աստծու կերպարը: Երբ հայրը տեսնում է, թե ինչպես է իր զավակն ընկնում խոր փոսը, շտապում է նետել պարանը, այսինքն՝ պատվիրանները՝ ասելով՝ վե՛ր կաց, բռնի՛ր պարանի ծայրը և ես քեզ կհանեմ այդտեղից: Ինչպես տեսնում ենք՝ փրկում է հայրը, բայց եթե որդին չկատարի հոր ցուցումը, այսինքն՝ պատվիրանները, չի փրկվի:
Իրականում Ավետարանի բարի լուրը կայանում է նրանում, որ մեղքի, անեծքի և մահվան փոսից հնարավոր է դուրս գալ, որ Աստծու և մարդու միջև չկան այլևս պատնեշներ, որովհետև բոլորն էլ Աստծու որդիներ եղան՝ հավատալով Հիսուս Քրիստոսին (Գաղ. 3:26): Յուրաքանչյուր ոք կարող է ձգտել կատարելության և սրբության, և պատվիրանները միրաժ չեն, որոնցով հնարավոր է միայն հիանալ, այլ կոնկրետ սրբության հասնելու միջոցներ: Տերն ասել է. «Սրբագործվե՛ք ու սո՛ւրբ եղեք, քանզի Ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» (Ղևտ. 20:7): Եթե հինկտակարանյան օրենքները զգուշացնում էին հեռու մնալ չարի արտաքին դրսևորումներից, ապա Քրիստոս ուսուցանեց հատել մեղքի արմատները: Նա մարդկանց հայտնի դարձրեց, որ մեղքը ծնվում է մարդու սրտում, այդ պատճառով մեղքի դեմ պայքարը պետք է սկսել սիրտը չար ցանկություններից և մտածումներից մաքրելուց, քանի որ «մարդու սրտից է, որ ելնում են չար մտածումները՝ սպանություն, շնություն, պոռնկություն, գողություն, սուտ վկայություն, հայհոյություն» (Մատթ. 15:19):
Քրիստոս ոչ միայն ուսուցանում, այլ նաև ուժ է տալիս պատվիրանները կատարելու համար: Նույնիսկ առաքյալները, երբ առաջին անգամ լսեցին Տիրոջ պատվիրանները, զարմացան, թե ինչպես է հնարավոր դրանք իրագործել, բայց լսեցին նաև հետևյալը՝ «մարդկանց համար անկարելի է, բայց Աստծու համար ամեն ինչ կարելի է» (Մատթ. 19:26): Նրա համար, ով միավորվում է Աստծուն, ոչինչ չի մնում անհնարին. «Ամեն ինչ կարող եմ տանել Քրիստոսի շնորհիվ, որ զորացրեց ինձ»,- վկայում է Պողոս առաքյալը (Փիլ. 4:13):
Երրորդ կարծրատիպի համաձայն՝ մարդիկ, չհասկանալով քրիստոնեական բարոյականության իմաստն ու էությունը, կարծում են, որ պատվիրանապահությամբ ապրելը իրենց նախնիների և ազգի ավանդույթն է, կամ էլ ասում են, որ պետք է պատվիրանները կատարել, քանի որ Աստված է ասել: Աստված մարդուն ազատ կամք է տվել, և յուրաքանչյուր անձի առջև երկու ուղի կա՝ կամ Աստծու հետ լինել կամ Նրան հակառակ:
Ընտրությունը կայանում է Քրիստոսի խոսքի համաձայն՝ ով Ինձ հետ չէ՝ հակառակ է Ինձ (Մատթ. 12:30), երրորդը տրված չէ: Քանի դեռ մարդը կենդանի է, ուշ չէ ընտրություն կատարելու, իսկ մահից հետո չի կարող ոչինչ փոխել կամ ուղղել: Եկեղեցու հայրերից մեկն ապագայի վերաբերյալ ասել է, որ ինչ այստեղ ցանես, այնտեղ կհնձես, այստեղ գործերն են, այնտեղ՝ հատուցումը, այստեղ սխրանքներն են, այնտեղ՝ պսակները:
Իսկ նրանք, ովքեր ձգտում են Աստծու պատգամների համաձայն ապրել, ապրում են Աստծու հետ միավորյալ կյանք: Քանի որ իրականում մարդը ոչինչ չի կարող տալ Աստծուն, նա արարված է Նրա կողմից և այն, ինչ ունի՝ շնորհները, ունեցվածքը, ընտանիքն ու իր գոյությունը, ստացել է Նրանից. «Նրանով է, որ ապրում ենք, շարժվում ենք և կանք» (Գործք Առ. 17:28): Միակ բանը, որ մարդ կարող է տալ Աստծուն, հոժարակամ, ոչ վախից կամ շահից դրդված, Նրա պատվիրանները կատարելն է: Ինքը՝ Քրիստոս վկայում է այդ մասին. «Եթե սիրում եք Ինձ, կպահեք Իմ պատվիրանները» (Հովհ. 14:15): Եվ ամեն անգամ, երբ հոժարակամ և գիտակցորեն հետևում ենք Աստծու պատվիրաններին, վկայում ենք Աստծու հանդեպ մեր սիրո մասին: Եթե մարդը չի գողանում կամ սպանում, քանի որ վախենում է բանտ ընկնելուց, այդպիսի մեկը չի կարող ասել, որ կատարում է «մի՛ սպանիր» և «մի՛ գողացիր» պատվիրանները, քանի որ վախից դրդված է անում, ինչը ցանկալի և հաճելի չէ Աստծուն: Տերն ասում է, որ «եթե Իմ պատվիրանները գործադրեք, մնացած կլինեք Իմ սիրո մեջ» (Հովհ. 15:10): Նա, ով միավորվում է Աստծուն սիրով, դառնում է կատարելապես ազատ, պատվիրաններ կատարելը նրա համար այնքան բնական է, որքան շնչելը:
Իսկ չորրորդ կարծրատիպին հետևողների համար քրիստոնեական բարոյականությունը սահմանափակվում է միայն ժխտողական պատվիրաններով՝ այս կամ այն բանը մի՛ արա: Ըստ իրենց՝ եթե շատ բաներ չի կարելի անել, ապա ինչպես պետք է լցնել կյանքի դատարկությունը: Այստեղից էլ նրանց մոտ առաջ է գալիս մի կարծիք, որ բարոյական մարդու կյանքը տխուր է և անհետաքիքիր: Թեև իրականում հակառակն է. մեղքը՝ ինչպես «թմրադեղ», ժամանակավորապես է օգնում մարդուն մոռանալ և ձերբազատվել տխրությունից: Մեղավորը, մտովի պատկերացնելով իր կյանքն առանց այդ «թմրադեղի», մտածում է, թե ինչ դատարկություն և անհեթեթություն է սպասելու իրեն, ուստի նորից վազում է դեպի մեղքը: Բայց Աստված Սուրբ Գրքում առաջարկում է ավելին՝ հեռանալ չարից և բարիք գործել (Ա Պետր. 3:11):
Փրկության համար մեծ նշանակություն ունի պատվիրանապահությունը, քանի որ միայն Քրիստոսին ճանաչելն ու ընդունելը չի փրկի, ինչպես ասաց Քրիստոս. «Չկարծե՛ք, թե ով որ Ինձ «Տե՛ր, Տե՛ր» է ասում, Երկնքի Արքայություն է մտնելու, այլ մտնելու է նա, ով կատարում է կամքը Իմ Հոր, որ երկնքում է» (Մատթ. 7:21): Իսկ Աստծու կամքը ծածկված չէ մարդկանցից, այն արտահայտված է Իր պատվիրաններում, եթե կատարում ենք դրանք, ապա «ո՛չ մահը և ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ չար ոգիների իշխանությունները, ո՛չ ներկան և ո՛չ գալիքը, ո՛չ էլ որևէ զորություն, ո՛չ վերին և ո՛չ ներքին աշխարհները, ո՛չ էլ ուրիշ ստեղծագործություն, ոչինչ չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որը մենք ճանաչեցինք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 8:38-39):
Անհրաժեշտ է նշել, որ Աստծու կողմից տրված պատվիրանները պատահականություն չեն, թեև դրանք տրվել են որոշ ժամանակաշրջանում, բայց բոլոր ժամանակաշրջանների մարդկանց համար են և ուղի են հարթում դեպի հավիտենական երանելի կյանք: Իսկ այն հարցին, թե ինչու է Աստված հատկապես այս պատվիրանները տվել մարդկանց, գոյություն ունի միակ պատասխան․ քանի որ Աստված այդպիսին է և տվել է պատվիրանները, որ դրանք իրագործողը նմանվի Իրեն և աստվածանա:
Կազմեց Կարինե Սուգիկյանը