Սրբակյաց սերբ Հայր Թադեոս վարդապետ Վիտովնիցկին նշում է, որ քրիստոնյայի կյանքում մեծ դեր ու նշանակություն ունեն մտքերը, և մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչպես ենք մտածում: Ի՞նչ օգուտ, եթե մեզ քրիստոնյա ենք համարում, աղոթում, եկեղեցի գնում, Սուրբ Գիրք կարդում և այլն, սակայն չար, մեղավոր մտքերին տեղիք ենք տալիս և դրանց անտարբեր վերաբերմունք ցուցաբերում, թե ինչպես են կուտակվում մեր սրտում և նույնիսկ դրանք իբրև հոգևոր գանձեր ընդունում մեր հոգում:
Քրիստոնեական կյանքից հեռու ապրող մարդկանց մոտ քրիստոնեական բարոյականության վերաբերյալ մի շարք կարծրատիպեր են ձևավորվել. քրիստոնեական բարոյականությունը համարում են օրենքների մի հավաքածու և սիրում են ասել, որ այդ օրենքների շարքը վատը չէ, բայց անիրագործելի է: