Հեղափոխությունից հետո պաշտոն ստացած Էրեբունու ոստիկանապետը հեռացվել էր լուրջ բացահայտումից հետո. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փետրվարի 8-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկել անչափահասների, ծեծի ենթարկել և խոշտանգել նրանց։ Հաջորդ օրն անչափահասներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ոստիկանության բաժին ներկայացած փաստաբանների նկատմամբ շուրջ 4 րոպե անընդմեջ բռնություն էին գործադրել, ծեծի ենթարկել, սպառնացել և հայհոյել՝ խոչընդոտելով մասնագիական գործունեությունը:
Ու մինչ իրավապահներն ուսումնասիրում են այս դեպքը, «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ոստիկանության էրեբունու բաժնի պետ Արմեն Գասպարյանի գործունեության մասով: Պարզվում է՝ հեղափոխությունից առաջ ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանը Գասպարյանին համակարգից հեռացրել էր լուրջ բացահայտումներից հետո:
Մասնավորապես, Գասպարյանի գործունեության մասով բացահայտվել էր, որ նա մահացած քաղաքացու անունով ոստիկանությունից մեկ տարի շարունակ գումար է դուրս գրել, ինչը ստուգումների արդյունքում բացահայտվել էր: Եվ, ահա, հեղափոխությունից մի քանի տարի անց նրան ներկայիս իշխանությունները նշանակել են ոստիկանության Էրեբունու բաժնի պետ, որտեղ էլ գրանցվեց ամոթալի միջադեպը»: