Շրջափակման մեջ գտնվող արցախցի դիմորդները չեն կարողացել մասնակցել առաջին փուլի միասնական քննություններին
Ավարտվել է 2023թ. միասնական քննությունների առաջին փուլը: Ձմեռային քննաշրջանի վերջին օրը՝ փետրվարի 12-ին, դիմորդները քննություն են հանձնել «Ֆիզիկա» և «Հայոց պատմություն» առարկաներից։
Ցավոք, միասնական քննությունների առաջին փուլին չի կարողացել մասնակցել արցախցի 50 դիմորդ: Այսօր արդեն 68-րդ օրն է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։
Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ առաջին փուլին մասնակցելու համար հայտագրված 50 դիմորդից 31-ը պետք է մեկ քննություն հանձներ, 19-ը՝ երկու։
«Նրանք քննություն կհանձնեն ամռանը՝ հաջորդ փուլին: Իսկ, որպեսզի անհավասար պայմաններում չլինեն մյուսների հետ, ովքեր 2 փորձի հնարավորություն ունեն, հնարավոր է, որ լրացուցիչ փուլին իրենց էլ հնարավորություն տրվի մասնակցելու՝ զորացրվածների, արտերկրի դպրոցների շրջանավարտների հետ: Բայց դա դեռ քննարկման փուլում է, հաստատ չէ, մանավանդ որ, կոմպենսացնելու մի տարբերակ էլ կա՝ առցանց քննությունը: Ամեն դեպքում, որոշումը պետք է կայացվի ՀՀ և Արցախի կրթական գերատեսչությունների և ԳԹԿ-ների քննարկումների արդյունքում»,- նշեց ԳԹԿ խոսնակը։
Հավելենք, որ հունվարի 15-ին դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից, հունվարի 22-ին՝ այլ «Օտար լեզուներ»-ից, հունվարի 29-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»–ից, փետրվարի 4-ին՝ «Մաթեմատիկա»–ից, փետրվարի 5-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից։
Հիշեցնենք, որ ըստ գործող կարգի՝ այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից: