«Ֆիզիկա»-ից 20 միավոր ստացել է 6 դիմորդ, «Հայոց պատմություն»-ից՝ 18
Ձմեռային քննաշրջանի վերջին օրը՝ փետրվարի 12-ին, դիմորդները քննություն են հանձնել «Ֆիզիկա» և «Հայոց պատմություն» առարկաներից։
Գնահատման և թեստավորման կենտրոնից 168.am-ին փոխանցեցին, որ արդեն արվել է երկու առարկաների միասնական քննության առաջին փուլի արդյունքների նախնական վերլուծությունը։
«Ֆիզիկա»-ի քննությանը մասնակցելու համար, Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխանցմամբ, հայտագրվել էր 558 հոգի, մասնակցել է 543-ը: Միջին միավորը եղել է 11․6-ը։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 141 հոգի կամ մասնակիցների 26 տոկոսը։ 18-20 միավոր հավաքել է 56 հոգի կամ մասնակիցների 10․3 տոկոսը։
18-18․75 միավոր հավաքել է 27 դիմորդ, 19-19․75 միավոր՝ 23, և 20 միավոր ստացել է 6 դիմորդ։
Երբ համեմատում ենք 2022 և 2023թթ. միասնական քննությունների առաջին փուլերի ցուցանիշները, ապա 2022թ․ «Ֆիզիկա» առարկայի քննությանը մասնակցել է 1526 դիմորդ, միջին միավորը եղել է 11․42-ը։ 7,5-ից ցածր միավոր հավաքել է 409 հոգի, 2023թ․՝ 141 հոգի։ 2022թ․ 18-20 միավոր հավաքել է 203 հոգի, 2023թ․՝ 56։
«Հայոց պատմություն»-ից քննություն հանձնելու համար հայտագրվել է 581 դիմորդ, քննությանը մասնակցել է 557-ը, միջին միավորը եղել է 13․99-ը։
Դրական միավորի շեմը չի հաղթահարել 68 հոգի կամ մասնակիցների 12․2 տոկոսը։
18-20 միավոր հավաքել է 161 հոգի կամ մասնակիցների 28․9 տոկոսը։
18-18․75 միավոր հավաքել է 68 դիմորդ, 19-19․75 միավոր՝ 75, և 20 միավոր՝ 18 դիմորդ։
Երբ համեմատում ենք 2022 և 2023թթ. միասնական քննությունների առաջին փուլերի ցուցանիշները, ապա 2022թ․ քննությանը մասնակցել է 1441 դիմորդ, միջին միավորը եղել է 12․74-ը։ 7,5-ից ցածր միավոր 2022թ․ հավաքել է 275 հոգի, իսկ 2023թ․՝ 68 հոգի։ 18-20 միավոր 2022թ․ հավաքել է 503 հոգի, 2023թ․՝ 161 հոգի։
Հավելենք, որ հունվարի 15-ին դիմորդները քննություն են հանձնել «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից, հունվարի 22-ին՝ այլ «Օտար լեզուներ»-ից, հունվարի 29-ին՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»–ից, փետրվարի 4-ին՝ «Մաթեմատիկա»–ից, փետրվարի 5-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից։
Հիշեցնենք, որ ըստ գործող կարգի՝ այս փուլում դիմորդները չեն կատարում բուհի և մասնագիտության հայտագրում: Հայտագրման փուլը կմեկնարկի ապրիլից: