Փաշինյանը բանակին զրկել է պաշտպանելու և պաշտպանվելու կարողություններից, կամ հրահանգված է՝ առաջ տանել խաղաղության օրակարգը
Իշխանությունները որոշել են 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ անցկացնել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ:
Վարժական հավաքներին յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Կառավարության համապատասխան որոշման մեջ նշվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների
պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
Իսկ հիմնավորման մեջ շեշտվում է, որ սա արվում է՝ ելնելով զինված ուժերում մարտունակ ստորաբաժանումներ ունենալու անհրաժեշտությունից, որոնք համալրված կլինեն բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով:
Հարկ է նշել, որ սահմանված 25 օրից 14 օրը մարտական հերթապահություն է իրականացվելու:
Բավարա՞ր են մնացած օրերը նախապատրաստության համար, ոմանք կասեն՝ այո, ոմանք՝ ոչ:
Բայց այս դեպքում հարցն այն է, թե ինչի՞ն նախապատրաստվելու, ի՞նչ տեսակ նախապատրաստության մասին է խոսքը: Եթե զուտ մարտական հերթապահություն իրականացնելու, գուցե, չնայած այստեղ էլ որակի խնդիր կա:
Բայց մտածել, որ այս ճանապարհով կարելի է արագ ունենալ մարտունակ ստորաբաժանումներ… Ըստ էության, նման նպատակ կամ ցանկություն, համենայնդեպս, գործնականում մեզ մատուցվող տեղեկատվությունից չի էլ երևում առանձնապես:
Եվ հետո՝ թե՛ կանոնավոր զորքը, թե՛ պահեստազորը, թե՛ մոբը կարող են մարտունակություն ամրապնդել և հմտություններ զարգացնել միայն լուրջ և իրատեսական սցենարով զորավարժությունների միջոցով, ոչ թե այն վարժանքների, որոնց հիմնական նպատակը մարտական հերթապահություն ապահովող մարդկային ռեսուրսի խնդրի լուծումն է:
Որպես կանոն՝ պետությունն է վարում պատերազմը, իսկ որքանո՞վ էր գործող կառավարությունը պատրաստ դրան 44-օրյայի ժամանակ, որքանո՞վ է պատրաստ այսօր, խոսքը միայն ռազմական ուժի մասին չէ:
Այսինքն, եթե իշխանություններն այս խնդիրը չեն լուծում իրատեսական սցենարներով «Շանթ» զորավարժությունների միջոցով, մնացածն ընդամենը այսրոպեական խնդիրների լուծում է, և ոչ ավելին:
Ավելին, կանոնավոր զորքի մարտունակության բարձրացման համար չափազանց կարևոր է միջազգային կամ հավաքական զորավարժություններին մասնակցությունը:
Առնվազն տարօրինակ է խոսել պրոֆեսիոնալ բանակի մասին, բայց չմասնակցել միջազգային կամ հավաքական որևէ զորավարժության, կամ տեղում չկազմակերպել որևէ լուրջ զորավարժություն: Չենք խոսում նույնիսկ այն մասին, որ այսօր արդեն արդիական է դառնում քաղաքի պաշտպանություն ասվածը և այդ հմտություններին տիրապետելու հարցը: Սա, ըստ էության, այլ զորքերի խնդիրը պետք է լինի: 44-օրյա պատերազմը ևս ցույց տվեց, որ դրա անհրաժեշտությունը կա: Այս ամենը, սակայն, առանձին մասնագիտական քննարկման թեմա է:
Ինչ վերաբերում է պահեստազորայինների՝ մարտական հերթապահությանը ներգրավմանը, ապա նույնիսկ այս դեպքում կարևոր է գաղափարական հենքը: Այսինքն, հասարակությանը երկրի պաշտպանությանը մասնակից դարձնելը չպետք է լինի միայն ֆինանսական խնդիրների լուծմամբ, այլ նաև, կամ առաջին հերթին՝ գաղափարական, թեպետ որոշ դեպքերում ֆինանսական խնդիրների լուծման խոստումներում էլ հարցեր կան:
Ի դեպ, 2016-ին, երբ շրջանառության մեջ դրվեց Ազգ-բանակ գաղափարը, որն իշխանության դեմ պայքարող քաղաքացիական հասարակության կողմից քարկոծվում էր, լրագրողների հետ զրույցում այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր.
««Ազգ-բանակ» գաղափարը բացարձակ չի նշանակում՝ հասարակության զինվորականացում, այլ նշանակում է, որ պետության բոլոր կառույցները և հասարակությունը մշտապես պետք է իրենց ժամանակի մի մասը հատկացնեն երկրի անվտանգության և պաշտպանության խնդիրներին, իրենց ներդրումն ունենան: Մենք այժմ աշխատում ենք այդ գաղափարախոսության գործնական կիրառման ուղղությունների վրա, և մոտ ապագայում մենք կտեսնենք դրանց կիրառումը քաղաքականության մեջ»:
Վիգեն Սարգսյանի՝ «Ազգ-բանակ» գաղափարը և դրա համատեքստում հասարակության և պետական կառույցների ներգրավումը երկրի պաշտպանության գործին ենթադրում էր համապետական զորավարժությունների պատշաճ կազմակերպում, քանի որ պետությունն է վարում պատերազմը, ինչը Նիկոլ Փաշինյանի օրոք հետին պլան է մղվել, որի արդյունքները քաղեցինք 44-օրյա պատերազմի ժամանակ:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ինքն էլ հայտարարել էր, որ «Ազգ-բանակ» գաղափարախոսության վրա մշակված բանակի արդիականացման 2018-2025թթ. յոթնամյա ծրագիրը պետք է իրականություն դարձնել ողջ հասարակության ջանքերով:
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կտրուկ արդիականացումը ժամանակի պահանջն է: Դա նաև թելադրված է՝ ինչպես այսօրվա, այնպես էլ՝ ապագայի մարտահրավերներով: Ես այսօր խնդիր եմ դնում մշակել բանակի արդիականացման նոր յոթնամյա ծրագիր՝ 2018-2025 թվականների համար: Այդ ծրագիրը պետք է իրականություն դարձնենք համատեղ ուժերով՝ ես՝ որպես գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, զինված ուժերի հրամանատարական կազմը, մեր զինվորները և ողջ հասարակությունը,- ասել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և հավելել,- Մենք պետք է ունենանք աշխարհի ամենաարդիականացված բանակներից մեկը: Այսինքն` պետք է ունենանք շարունակաբար կատարելագործվող պետություն, որի շնորհիվ նաև արդիականացվում է բանակը: Դա հնարավոր է, և մենք ձեզ հետ, մեր ողջ հասարակության հետ միասին իրականություն ենք դարձնելու այդ նպատակը»:
Ապրիլյան պատերազմից հետո հասարակության ներգրավումը բանակի զարգացման գործում այլ կերպ գնահատվեց, թեպետ բանակ-հասարակություն կապի ամրապնդումը եղել է մշտական ուշադրության կենտրոնում: Մյուս կողմից, հասկացել էին՝ բանակը պետք է զարգացման նոր փուլ մտնի: Այո, նախկինում մարտական հերթապահություն իրականացնող սպան բարձր աշխատավարձ չէր ստանում: Սա ոչ ոք չի հերքում: Բայց արդյո՞ք առանց գաղափարական հենքի բարձր աշխատավարձերի խոստումն այլ ծայրահեղության չի տանելու:
Ինչ վերաբերում է հավաքների մասնակիցներին մարտական հերթապահություն վստահելը, ապա սա, ըստ էության, ունի իր ռիսկերը:
ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որ ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքներին զորակոչված թվով 6 զինծառայողները 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ինքնակամ թողել են մարտական դիրքերը:
Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը 2022 թվականին նախ պահեստազորայինների վարժական հավաք էր հայտարարել ապրիլի 15-ից հունիսի 15-ը, ապրիլի 1-ից հունիսի 30-ը, օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը և սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:
44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մոբը, պատահական կամավորականները լրջագույն խնդիրներ են ստեղծել կանոնավոր զորքի համար, դրսևորել դասալքություն, նույնիսկ՝ պետական դավաճանության դեպքեր են եղել: Իսկ այն, որ պատերազմի սկզբի օրերին չէին թույլատրում, որ պատրաստված ջոկատները գնան պատերազմի, այլ պատահական կամավորականները, որոնք խուճապ և խառնաշփոթ ստեղծեցին, թերևս, պատահականություն չէր, եթե չասենք՝ դիտավորություն: Ավելին, որոշ դեպքերում մասնագետների կարողությունները նպատակային չեն էլ օգտագործվել:
Մի առիթով 168.am-ի հետ զրույցում պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցը նշել էր.
«Մոբիլիզացիա, որը տեղի չունեցավ: Այսինքն, ՀՀ-ն չուներ պատերազմական իրավիճակում մոբիլիզացիոն պլան: Սեպտեմբերի 27-ին հայտարարվեց համընդհանուր մոբիլիզացիա, հետո ասվեց, թե ճիշտ է, հայտարարվել է համընդհանուր զորահավաք, բայց կատարում ենք մասնակի, բայց իրականում մոբիլիզացիա տեղի չունեցավ: Պատերազմի առաջին օրերին հայտնի անձանցից մեկը սկսեց գովել, թե տեսեք՝ հիմա մեր մոբիլիզացիան ճիշտ է, հստակ, բոլորիս ըստ մասնագիտությունների են զորակոչում, և այլն, և այլն: Այնինչ իրականում դա տեղի չունեցավ, և բազմաթիվ անձինք, ովքեր ունեին որոշակի կամ կոնկրետ մասնագիտություն, պատրաստվածություն, չընդգրկվեցին մոբիլիզացիայի մեջ: Կամ անձինք, ովքեր ունեին որոշակի պատրաստվածություն և կարող էին որոշակի, այսպես ասած, պաշտոններ զբաղեցնել, բոլոր անձանց առաջարկվեց մեկնել՝ որպես կամավոր զինվոր: Մինչդեռ մարդը, որը պատրաստվել է որոշակի գործառույթներ իրականացնելու համար, նրան որպես զինվոր օգտագործելը, ինչը կատարվեց, աբսուրդ էր: Եթե պատերազմի առաջին օրը, ըստ մոբիլիզացիոն պլանների (որոնք, իհարկե, գաղտնի են և չեն կարող բացահայտվել), ստեղծվեին համապատասխան ուժերը, ի վերջո, 44-45 օրը բավականին մեծ ժամանակ է, որ ձևավորվեին մարտունակ զորամասեր, որոնք կարող էին մտնել մարտի մեջ և կատարել այն խնդիրները, որոնք ի վիճակի չէին կատարել կամավորական խմբերը: Դա ամենամեծ ռազմաքաղաքական սխալն էր, մնացած ամեն ինչը սկսվում է այստեղից»:
Պատերազմից հետո անգամ այս առումով դասեր չենք քաղել: Այո, կա մարդկային ռեսուրսի խնդիր, սահմանը երկարել է, բայց արդյո՞ք իշխանությունները հաշվարկել են այն ռիսկերը, որ կանոնավոր զորքի փոխարեն մարտական դիրքը վստահում են եռամսյա հավաքի մասնակցին՝ 14 օրով, հետո գալու է հաջորդը… Այն էլ այն դեպքում, երբ կանոնավոր բանակում այսօրվա դրությամբ կարգապահական լրջագույն խնդիրներ կան, անվերահսկելի վիճակ է, և ինչպես նշեցինք՝ կան ռիսկեր պայմանագրայինների դեպքում, որոնց լրտեսական դեպքերի մասին լսել ենք:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ՀՀ զինված ուժերի համար տարածքներ նվաճելու խնդիր չենք դնելու, այլ խնդիր է դրվելու պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը:
Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն անգամ պաշտպանողական քաղաքականություն չի վարում, որովհետև լավ պաշտպանությունը ենթադրում է դիրքային բարելավումներ, առնվազն՝ չեզոք գոտու հաշվին, իսկ ՀՀ-ն միայն դիրքեր է կորցնում՝ օրեցօր թուլացնելով մեր պաշտպանությունը: Նիկոլ Փաշինյանը այստեղ ևս ազնիվ չէ, Զինված ուժերին հրահանգված է կամ ամեն ինչ արվում է, որ խաղաղության օրակարգն առավել «հիմնավոր» լինի, և այն, ինչի մասին նշեցինք՝ բխում է հենց այս տրամաբանությունից:
Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել՝ շատ կարևոր է, որ խաղաղության օրակարգով, արտաքին քաղաքականությամբ կարողանանք թեթևացնել, այլ ոչ թե ծանրացնել Հայաստանի բանակի և ՀՀ զինված ուժերի դերը:
Իսկ ՀՀ բանակին երբեք չի հրահանգվել նախահարձակ լինել…
Հ.Գ. Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, 2023 թվականի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ադրբեջանական «Կոմանդո» ստորաբաժանումներում անցկացվում են հատուկ տակտիկական զորավարժանքներ:
Ըստ սցենարի՝ խնդիր է դրված վնասազերծել պայմանական հակառակորդի սադրանքի փորձ կատարող դիվերսիոն խմբերին:
Ավելին, նշվում է, որ զորավարժանքի սցենարով «Կոմանդո» ուժերը ներթափանցում են օպերատիվ շրջանի խորքը և հայտնաբերում պայմանական հակառակորդի թաքստոցները: