
«Մարդասիրական գործառույթ ենք իրականացնում». Փամբուխչյանը՝ Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկելու մասին

«Արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով Արցախ հումանիտար օգնություն չի ուղարկվել»,- այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ապա հավելեց, որ շուրջ մեկ ամիս առաջ հավելյալ 4 միլիարդ դրամ է հատկացվել Արցախին:
Փամբուխչյանը ներկայացնելով Հայաստանի կողմից Թուրքիայի և Սիրիայի աղետի գոտիներ հումանիտար օգնություն ուղարկելու մասին տվյալները, տեղեկացրեց, որ 2 երկրներին միասին, ընդհանուր առմամբ, շուրջ 180 տոննա բեռ է ուղարկվել:
Հարցին՝ Հայաստանի կողմից իրականացված մարդասիրական օգնությունից հետո ինչ-որ ակնկալիք ունե՞ք Թուրքիայից, որ կփոխվի ագրեսիվ քաղաքականությունը, Փամբուխչյանը պատասխանեց.
«Մենք իրականացնում ենք մեր մարդասիրական գործառույթները, իսկ մնացածի մասով չեմ կարող պատասխանել»:
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին նաև, թե ի՞նչ քայլեր են իրականացվում Հայաստանում՝ հաշվի առնելով, որ մեր երկիրը ևս գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում.
«Ամբողջովին նոր սարքավորումներով կատարվում է սեյսմիկ ռիսկի մոնիտորինգ: Շինարարության մեջ խստացվել են կանոնները, բավական երկար ժամանակ է, որ Երևանում կատարվող շինարարությունները, շենքի նախագծումներն իրականացվում են 9 բալի համար, որն իր հերթին՝ նպաստում է սեյսմիկ ռիսկի նվազեցմանը:
Վթարային շենքերի հետ կապված՝ փուլ առ փուլ քաղաքապետարանն այդ շենքերի քանդման նախագծեր է բերում՝ դրանց տեղում նոր շենքեր կառուցելու, նաև բնակիչներին նոր կառուցված շենքերում բնակեցնելու պայմանով»: