Եթե Ռուբեն Վարդանյանն Արցախի նախագահ չդառնա, Արցախում կգնան զիջումների՝ մտնելով Ադրբեջանի հետ բանակցության մեջ. Սերգեյ Մելքոնյան
Փետրվարի 13-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախում պետք է նախաձեռնվի Սահմանադրության փոփոխության գործընթաց, որով ռազմական դրության ժամանակ Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովը կընտրի Արցախի Հանրապետության նախագահ։ Փետրվարի 13-ին ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հայկական նախագծի» համահիմնադիր, «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանն ընդգծեց՝ Արցախում սահմանադրական նման փոփոխությունը կբացառի այնտեղ առկա երկիշխանությունը, և, փաստացի, եթե Ռուբեն Վարդանյանի դիրքերը մնան կայուն, կստացվի, որ Արցախում կա կոնսենսուս պայքարելու շուրջ, կա կոնսենսուս, որ չեն բանակցելու Ադրբեջանի կազմում իրենց որևէ կարգավիճակի շուրջ, ինչը, ի դեպ, անընդունելի չէ Արայիկ Հարությունյանի համար։
«Հայաստանի իշխանությունը հիմա կարող է ճնշում գործադրել Արցախում որոշում կայացնողների վրա, որպեսզի փորձի կանխել այս ռեֆորմը։ Մյուս կողմից, սակայն, կարծում եմ, որ Հայաստանը ճնշում գործադրելուց զատ, այլ ռեսուրս չունի, որ հակազդի Արցախի ներքաղաքական գործընթացների վրա։ Չունի, որովհետև Հայաստանը հայտարարել է, որ Արցախի ներքաղաքական կյանքում չունի դերակատարում, ուստի, հաշվի առնելով մամուլում առկա և չհերքված տեղեկությունը, որ Արայիկ Հարությունյանը սահմանադրական փոփոխություն անցկացնելու որոշման է հանգել Ռուսաստանից վերադառնալուց հետո, կարող ենք ընդգծել՝ Արցախում Սահմանադրության փոփոխություն անցկացնելու որոշման պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում, ուստի, եթե Երևանը միջամտի կամ փորձի դա կանխել, կխախտի այն կարմիր գիծը, որը խոստացել է Ադրբեջանին, իսկ խոստացել է չխառնվել Արցախի ներքին կյանքին, մյուս կողմից, դեմ դուրս կգա Մոսկվային։ Եթե Ռուբեն Վարդանյանի դիրքերը թուլանան, և նրա փոխարեն Արցախի նախագահ դառնա այլ մարդ, Արցախը կգնա զիջումների՝ ադրբեջանցիների հետ իրենց անվտանգության և շրջափակման հարցում»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը՝ միևնույն ժամանակ ցավ հայտնելով, որ Արցախի խնդիրներից Հայաստանն իրեն դուրս է դրել: Ավելին՝ Հայաստանի իշխանությունը քաղաքական կամք չունի Արցախը հայկական պահելու հարցում, ուստի այդ քաղաքական կամքը ցուցաբերում է Ռուսաստանը, որպեսզի իր ազգային շահից ելնելով՝ Արցախում պահի իր խաղաղապահ առաքելությունը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում