Ոչ միայն հայ-թուրքական սահմանի բացումը, այլև ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունները՝ որպես Ադրբեջանից անկախ հարաբերություն, չեն կարող գոյություն ունենալ. ռուս թուրքագետ
Չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Թուրքիայի շարունակական հայատյաց քաղաքականությանը և Թուրքիայի իշխանությունների կողմից ամեն առիթով շեշտադրումներին, թե Թուրքիան աջակցել է Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ընթացքում, Թուրքիայում օրերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին ՀՀ իշխանություններն արձագանքեցին աննախադեպ հրատապությամբ ու քայլերի հաջորդականությամբ:
Նախ չուշացավ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազանգն Էրդողանին, ապա ՀՀ-ն փրկարարներ ուղարկեց Թուրքիա, ինչպես նաև նույն երկարաշարժից տուժած Սիրիա:
Ավելին՝ հայտնի դարձավ, որ Հայաստանը 100 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա, բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ Մարգարայի կամրջով հատել են սահմանը դեպի Թուրքիա և ուղևորվել երկրաշարժից տուժած շրջան, ինչն Արցախում 64 օր շարունակվող հումանիտար ճգնաժամի ֆոնին չափազանց բացասական ընկալվեց հասարակության ստվար հատվածի կողմից:
Ի դեպ, այդ ճգնաժամը ստեղծվել է Թուրքիայի հովանավորյալ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով: Այս մասին, թերևս, լավ արտահայտվել էր Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը՝ թվիթերյան իր միկրոբլոգում գրելով.
«Ոգևորիչ է, որ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած բնական աղետը նման արձագանք է առաջացրել նույնիսկ «անբարյացակամ» հարևանների կողմից, բայց սարսափելի է, որ Ղարաբաղի հայերը շարունակում են մնալ մարդածին աղետի պատանդը, որի արդեն 60-րդ օրն է»:
Մարգարայի կամրջով հումանիտար բեռ Թուրքիա ուղարկելու խորհրդանշական ակցիայով ըստ էության ՀՀ իշխանությունները իրենց հերթական խնդրանքն ուղղեցին Թուրքիային հայ-թուրքական սահմանի բացման հարցով:
Սա, թերևս, գնահատեց միայն հայ-թուրքական բանակցություններում Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ թվիթերում շնորհակալություն հայտնելով Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին և փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին.
«Ես միշտ կհիշեմ Հայաստանի ժողովրդի կողմից ուղարկված օգնությունը՝ օգնելու մեղմել մեր ժողովրդի տառապանքները երկրաշարժից տուժած շրջանում»: Ռուբեն Ռուբինյանն էլ իր հերթին՝ հայտնելով, որ բեռնատարները հատել են հայ-թուրքական սահմանը, ընդգծել է. «Ուրախ եմ, որ կարողացա օգնել»:
Եվ չնայած Հայաստանի այս քայլերին, օրերս Թուրքիայի նախագահը շնորհակալություն հայտնեց Իլհամ Ալիևին աջակցության համար՝ կրկին առանձնահատուկ շեշտելով Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի մասնակցության մասին. «Ես հեռախոսով խոսել եմ եղբորս՝ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես Ղարաբաղյան պատերազմում մենք մեր եղբայրների կողքին էինք, այնպես էլ իմ եղբայր Իլհամը՝ իր ողջ թիմով, մեր կողքին է այս աղետում։ Անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում ողջ թիմին՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ»։
Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեզ հետ զրույցում ասաց, որ սովորաբար հումանիտար աղետները սուր հակամարտությունները, հռետորաբանությունը և որոշ դիվանագիտական ազդակներ ժամանակավորապես մի կողմ հղելու, հարաբերությունները կարգավորելու փորձեր անելու հնարավորություն են տալիս:
Ըստ նրա՝ միջազգային հարաբերությունների պատմությանը հայտնի են նման դրվագներ, և մինչև անգամ վերջին երկրաշարժի դեպքում Հունաստանի ԱԳ նախարարն այցելեց Թուրքիա և երկրաշարժից տուժած շրջաններ, և այս ամենը ստացավ «Երկրաշարժային դիվանագիտություն» որակումը:
Սա, նրա կարծիքով, նաև Արևմուտքի կողմից արտոնված քայլ է՝ հստակ նպատակներով:
«Թե ինչ զարգացում կունենա սա, ցույց կտա ժամանակը, սակայն նման դեպքերում պատահում են նման քայլեր: Սա պետք չէ դիտարկել նաև հայ-թուրքական հարաբերությունների հետ համեմատություն: Բայց նման գործողությունները պետք է ունենան տրամաբանություն ու համարժեքություն սեփական երկրի խնդիրներին ու իրավիճակին: Հայաստանը մեծ շահագրգռվածություն է ցույց տալիս իր քայլերով, ինչն այդքան էլ տեղին չէ, հաշվի առնելով այն խնդիրները, որոնք կան:
Մինչ երկրաշարժը ևս այդ գիծը հստակ նկատելի էր: Հումանիտար օգնությունը սահմանով ուղարկելն ազդակ է, որ Հայաստանի կողմից սահմանը բաց է, Հայաստանը պատրաստ է սահմանի բացմանը, Թուրքիան այն ընդունելուն, նման ձևաչափով, դեմ չէ, բայց սահմանն օգտագործելուն պատրա՞ստ է արդյոք: Վստահ չեմ: Ակնհայտ է, որ հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել վաղուց, սակայն իրականություն չի դառնում Թուրքիայի կողմից: Թուրքիան հայ-ադրբեջանական հարաբերություններից անկախ՝ որևէ լուրջ քայլ չի անելու Հայաստանի նկատմամբ և Թուրքիան լավագույնս հասկանում է, որ հայկական կողմի համար հայ-թուրքական սահմանի բացումն ամենակարևոր արտաքին քաղաքական հանգրվաններից է, որ սա Հայաստանի շրջափակման վերացման ամենակարևոր քայլն է, և Ադրբեջանն ու Թուրքիան այդ հարցում ունեն հստակ կոնսենսուս:
Ակնկալել, որ առանց հայ-ադրբեջանական վերջնական համաձայնության՝ նման բան տեղի կունենա՝ առնվազն միամտություն է: Եվ, ի դեպ, ոչ միայն այս քայլը, այլև ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունները, որպես առանձին, Ադրբեջանից անկախ հարաբերություն՝ չեն կարող լինել»,- ասաց վերլուծաբանը:
Հարցին, թե առարկայական ի՞նչ ազդեցություն սա կարող է ունենալ հայ-թուրքական հարաբերությունների շրջանակում, Վիկտոր Նադեին-Ռաևսկին պատասխանեց, որ Թուրքիայի իշխանությունները ներկայումս թաղված են թե երկրաշարժի, թե ներքաղաքական իրավիճակի խնդիրների մեջ, և հայ-թուրքական օրակարգն ամենավերջին հարցերից մեկն է, որի շուրջ երկար պետք է մտածեն, քանի որ այդ հարաբերություններում գլխավոր որոշողը նույնիսկ Թուրքիան չէ:
«Հասկանում եմ՝ կան պատրանքներ, որ հայ-թուրքական հարաբերություններն իբրև թե կարող են այնքան դրական հունով գնալ, որ Թուրքիան որոշ հարցերով փորձի ազդեցություն ունենալ Ադրբեջանի նկատմամբ, սակայն Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի նկատմամբ ամենևին էլ պակաս կարևորություն չունի:
Այս հարցում գլխավոր որոշում կայացնողն Ադրբեջանն է, Թուրքիան արդյունքի սպասողի դերում է:
Կարելի է իմ պնդումը ստուգել մեկ հարցով՝ եթե սխալ է այս պնդումը, ապա հնարավոր է բացատրել, թե այս ընթացքում ինչո՞ւ չի բացվել հայ-թուրքական սահմանը, ի՞նչն է դրան խանգարում: Այնուամենայնիվ, այն որպես ժեստ՝ գնահատվել է բանագնացի կողմից և դրական մթնոլորտ կստեղծի բանակցությունների համար, բանագնացների միջև, որոնք ավելի հաճախ են շփվում»,- ասաց թուրքագետը: