Բաժիններ՝

Ոստիկանության Էրեբունի բաժնում ծեծի ենթարկված փաստաբանները տուժող են ճանաչվել

Ոստիկանության Էրեբունու բաժնում երկու փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«ՀՀ քննչական կոմիտե փաստաբանի կողմից ստացվել է հաղորդում՝ 2023 թվականի փետրվարի 9-ին քրեական մի վարույթի շրջանակում իրականացված քննչական գործողության ժամանակ մի խումբ անձանց կողմից, ծառայողական լիազորություններն օգտագործելով, իր և գործընկեր այլ փաստաբանի՝ մասնագիտական գործունեության ընթացքում իրենց նկատմամբ բռնություն գործադրելու մասին։

Միևնույն ժամանակ նաև ՀՀ ոստիկանության երկու աշխատակիցների կողմից հաղորդում է ստացվել քննչական բաժնում 2 փաստաբանների կողմից իրենց և ոստիկանության մյուս ծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, այդ ընթացքում դրսևորած բացահայտ արհամարհական վերաբերմունքի և բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ:

Նշված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաքձեռնվել է քրեական վարույթ»,- գրել է Աբրահամյանը։

ՔԿ մամուլի խոսնակը նաև հայտնել է, որ երկու փաստաբանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

«Սկսված նախաքննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի բոլոր հանգամանքներն օբյեկտիվ քննությամբ պարզելու, դրան մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով»,- եզրափակել է Աբրահամյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս