Ավտոմեքենաների կարգավիճակի մասին ՊԵԿ դիմում գրելու և համապատասխան տեղեկանք ստանալու անհրաժեշտություն այլևս չկա

Ուսումնասիրվել են կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից 2023 թվականի ընթացքում ստացված բոլոր դիմումները, որոնք առնչվում են տրանսպորտային միջոցների՝ ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային տեխնիկական անձնագրերով հաշվառվելու համար կարգավիճակ ունենալու վերաբերյալ տեղեկատվությանը։

Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ-ը, դիմումատուների կողմից նշված տրանսպորտային միջոցների վերաբերյալ VIN նույնականացման համարներով տեղեկատվության առկայությունը ստուգվել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության պաշտոնական կայքի «ԵԱՏՄ անդամ-երկրների տարածք ներմուծված մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների մասին տեղեկատվություն» բաժնում (www.customs.gov.ru)։ Արդյունքում պարզվել է, որ որոշ ավտոմեքենաների դեպքում VIN նույնականացման համարներով տրանսպորտային միջոցներն առկա չեն վերոնշյալ կայքում։

Ելնելով վերոգրյալից՝ ՊԵԿ-ը դիմել է ՌԴ դաշնային մաքսային ծառայությանը՝ դիմումատուների կողմից ներկայացված, սակայն նշված կայքում բացակայող տրանսպորտային միջոցների տվյալները կայքի համապատասխան բաժնում տեղադրելու նպատակով։

ՊԵԿ-ից միաժամանակ տեղեկացնում են, որ մշակվել են https://vehicles.customs.am կայքը, որի միջոցով VIN նույնականացման համարներով որոնմամբ հնարավոր է պարզել տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում՝ բացթողնման ամսաթիվը։ Հիշեցվում է, որ այս առումով տրանսպորտային միջոցները, որոնց համար մաքսատուրքերը, հարկերը վճարվել են ԵԱՏՄ դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերով, 2023 թ. հունվարի 1-ից  ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ։ Բացառություն են կազմում դեռևս  2020 թ.-ի տարեսկզբին ներմուծված 339 տրանսպորտային միջոցները, որոնց հայտարարագրումը թույլատրվել է իրականացնել ԵՏՀ խորհրդի որոշումներով, և այդ մեքենաները մաքսազերծվեցին 2019 թ.-ի՝ ավելի ցածր դրույքաչափերով: Նշված 339 տրանսպորտային միջոցները ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ կստանան 2025 թ. ապրիլի 1-ից կամ ԵԱՏՄ միասնական դրույքաչափի տարբերության վճարման դեպքում:

ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ չունեցող 339 տրանսպորտային միջոցների ցանկը զետեղված է ՊԵԿ պաշտոնական կայքում: Հետևաբար, ավտոմեքենաների կարգավիճակի մասին ՀՀ ՊԵԿ դիմում գրելու և համապատասխան տեղեկանք ստանալու անհրաժեշտություն այլևս չկա։ Անհրաժեշտ է պարզապես ստուգել տվյալ տրանսպորտային միջոցի առկայությունը ցանկում։ Եթե տվյալ տրանսպորտային միջոցը չկա ցանկում, ապա  այն ավտոմատ ձեռք է բերում ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ պաշտոնական գրություններով տեղեկացվել են նաև ԵԱՏՄ գործընկեր կառույցներին. բոլոր գործընթացները համապատասխանում են ԵԱՏՄ օրենսդրությանը:

Բացի այդ, ՌԴ դաշնային մաքսային ծառայությունը ս․թ․փետրվարի 9-ին իր պաշտոնական կայքում և տելեգրամյան ալիքում ևս մեկ անգամ վերահաստատել է վերոհիշյալ տեղեկատվությունը և ներկայացրել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող տրանսպորտային միջոցների հաշվառման և էլեկտրոնային անձնագիր ստանալու համար անհրաժեշտ գործողությունները։ Մանրամասներին հնարավոր է ծանոթանալ ՌԴ դաշնային մաքսային ծառայության պաշտոնական հաղորդագրությամբ՝ հետևյալ հղմամբ:

Տեսանյութեր

Լրահոս