«Դատարանում 8 ամիս է՝ պտտվում է գործը. համայնքապետարանը բառախաղեր է անում». Էջմիածնի երաժշտական դպրոցի նախկին ուսուցիչ

«Դատարանում 8 ամիս է՝ պտտվում է գործը. համայնքապետարանը բառախաղեր է անում՝ պատճառաբանելով, թե ինքը քաղաքապետարանը չէ, այլ համայնքապետարանը և չի հանդիսանում քաղաքապետարանի իրավահաջորդը»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2021 թվականից Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում քննվող իր հայցին՝ ասաց Մակար Եկմալյանի անվան N 1 երաժշտական դպրոցի նախկին ուսուցիչ Հրաչյա Մկրտչյանը:

Հիշեցնենք՝ 168.am-ը մի քանի հրապարակումներով անդրադարձել է Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի Մակար Եկմալյանի անվան N 1 երաժշտական դպրոցի ուսուցիչ Հրաչյա Մկրտչյանի՝ աշխատանքից ազատման ոդիսականին։ 

«Գիտեք, որ համայնքների խոշորացումից հետո Էջմիածնի քաղաքապետարանն այլևս համայնքապետարան է։ Քանի որ այս դպրոցը գտնվում էր քաղաքապետարանի ենթակայության տակ, մոտ 2 ամիս առաջ դպրոցի ամբողջ կոլեկտիվը ծանուցում ստացավ, որ պետք է դիմում գրենք-դուրս գանք, և կարգի համաձայն, հետո նորից աշխատանքի ընդունվենք, արդեն ոչ թե՝ քաղաքապետարանի, այլ՝ համայնքապետարանի ենթակայության տակ։

Ես բոլորի նման սպասում էի, որ հերթականությամբ՝ խումբ-խումբ, ուսուցիչներին կանչեին, որ այդ դիմումները գրեին։ Հետո տեսա, որ ինձ չեն կանչում, ես էլ ապահովության համար նույնատիպ դիմում գրեցի և թողեցի դպրոցում, բնականաբար, այդ դիմումը հեչ եղավ, երևի մեջտեղից հանեցին: Երեկ երեկոյան արդեն ինձ ասացին՝ դու կրճատման տակ ես ընկել,- դեռ հունիսին մեզ հետ զրույցում ասել էր նա և հավելել,- Իրենք գիտեին՝ ես ընդդիմություն եմ հոգով և իրենց ենթարկվողը չեմ. կրճատման անվան տակ փորձեցին ինձնից ազատվել»:

Կարդացեք նաև

Հրաչյա Մկրտչյանը այսօր մեզ հետ զրույցում նաև նշեց, որ աշակերտներն ու նրանց ծնողները ամիսներ շարունակ հետաքրքրվում են, թե երբ է ինքը վերադառնալու աշխատանքի, իսկ դատական գործընթացը ձգձվում է:

Ի դեպ, ուսուցիչն այս ձգձգումը պայմանավորում է իր քաղաքական հայացքներով և դպրոցին առնչվող այս ու այն խնդիրների բարձրաձայնմամբ:

«Ես չեմ կիսել այս իշխանությունների տեսակետը»,- ասաց նա:

Երաժշտական դպրոցի արդեն նախկին ուսուցիչը շեշտեց, որ ցայսօր չկա որևէ հիմնավորում, պատճառ, թե ինչու են իրեն ազատել աշխատանքից, ապա մի հատված մեջբերեց իր փաստաբան Վարդան Առաքելյանի՝ դատարանին ուղղված դիմում-միջնորդությունից:

«Հայցվորը հենց լուծարման հանձնաժողովի կողմից չի տեղեկացվել լուծարման գործընթացի մասին և պահանջներ ներկայացնելու մասին, ավելին՝ եթե տեղեկացվեր էլ, չէր կարող որևէ պահանջ ներկայացնել, քանի որ վստահ է եղել, որ «հնարավոր ազատում» եզրույթը չի նշանակել և չի նշանակում հենց իր ազատումը և չնշանակումը նոր ՀՈԱԿ-ում՝ այնպես, ինչպես մնացած բոլոր աշխատակիցների դեպքում է»,- առանձնացրեց Հրաչյա Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ իրեն ծանուցում է տրվել, որում հստակ նշվում է, որ խոսքն առաջիկա հնարավոր ազատման մասին է և ոչ թե՝ հենց ազատման մասին:

Ի դեպ, դպրոցը, որտեղ 1988 թվականից աշխատել է մեր զրուցակիցը, հիմնադրել է նրա հայրը՝ Լևոն Մկրտչյանը:

Իսկ տնօրեն Գևորգ Մաղաքյանը, որը 2019 թվականից է ստանձնել պաշտոնը, ըստ տարբեր տեղեկությունների՝ նոր իշխանությունների հետ սերտ կապեր ունի:

Տեսանյութեր

Լրահոս