«Իմ կարծիքով՝ աշխատանքից ազատելու որոշումն իմ քաղաքական հայացքների պատճառով է»․ Էջմիածնի երաժշտական դպրոցի ուսուցիչ

Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի Մակար Եկմալյանի անվան N 1 երաժշտական դպրոցի ուսուցիչ Հրաչյա Մկրտչյանն ահազանգում է՝ քաղաքական հայացքների պատճառով իրեն ազատել են աշխատանքից։

Երաժշտական դպրոցի ուսուցիչը, որ 1988 թվականից մինչ օրս դպրոցում դաշնամուր նվագել է սովորեցրել, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն աշխատանքից ազատելը տնօրինությունը պարզաբանել է՝ որպես կրճատում, ապա պատմեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել․

«Գիտեք, որ համայնքների խոշորացումից հետո Էջմիածնի քաղաքապետարանն այլևս համայնքապետարան է։ Քանի որ այս դպրոցը գտնվում էր քաղաքապետարանի ենթակայության տակ, մոտ 2 ամիս առաջ դպրոցի ամբողջ կոլեկտիվը ծանուցում ստացավ, որ պետք է դիմում գրենք, դուրս գանք, և կարգի համաձայն, հետո նորից աշխատանքի ընդունվենք, արդեն ոչ թե՝ քաղաքապետարանի, այլ՝ համայնքապետարանի ենթակայության տակ։ Ես բոլորի նման սպասում էի, որ հերթականությամբ՝ խումբ-խումբ, ուսուցիչներին կանչեին, որ այդ դիմումները գրեին։ Հետո տեսա, որ ինձ չեն կանչում, ես էլ ապահովության համար նույնատիպ դիմում գրեցի և թողեցի դպրոցում, բնականաբար, այդ դիմումը հեչ եղավ, երևի մեջտեղից հանեցին․․․ Երեկ երեկոյան արդեն ինձ ասացին՝ դու կրճատման տակ ես ընկել, ընդհանուր 5 հոգի են, որոնցից մեկը դու ես, պետք է ազատվես աշխատանքից․․․»։

Հարցին, թե ազատման որոշումն ո՞վ է կայացրել, ուսուցիչը պատասխանեց՝ երաժշտական դպրոցի տնօրեն Գևորգ Մաղաքյանը, որն այդ պաշտոնը ստանձնել է 2019 թվականին՝ այս իշխանությունների օրոք։

Հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ձեր դասավանդած դպրոցում պարբերաբար ուսուցիչներին հրահանգել են ներկա գտնվել Էջմիածնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնյաների հետ հանդիպումներին, հավաքներին, և արդյոք իրեն նման առաջարկ արվե՞լ է, Հրաչյա Մկրտչյանը պատասխանեց․

«Անձամբ ինձ ոչ մեկը ոչինչ չի ասել, բայց կողքից լուր են տվել, որ հանրահավաք է լինելու, պետք է գաք, բնականաբար, ես չեմ գնացել։ Այս տարվա մեջ մի օր «Քաղաքացիական պայմանագրի» երթ էր, ինչ էր Էջմիածնում, ես չեմ գնացել։ Փոխարենը՝ եղել եմ ընդդիմադիր ուժերի հավաքներին, դա իմ իրավունքն է․․․

Իմ կարծիքով՝ աշխատանքից ազատելու որոշումն իմ քաղաքական հայացքների պատճառով է, դպրոցում մի քանի անգամ բաներ են եղել, ես ըմբոստացել եմ, պաշտպանել եմ․․․»։

Աշխատանքից ազատված ուսուցիչը նաև հայտնեց, որ Երաժշտական դպրոցի հիմնադիրն իր հայրն է՝ Լևոն Մկրտչյանը, որը մինչև 1991 թվականը եղել է նույն դպրոցի տնօրենը։

168.am-ը նաև կապ հաստատեց Մակար Եկմալյանի անվան N 1 երաժշտական դպրոցի տնօրեն Գևորգ Մաղաքյանի հետ։ Հարցին՝ ի՞նչ հիմքով է ուսուցչին աշխատանքից ազատել, Մաղաքյանը պատասխանեց։

«Ես հեռախոսով ոչ մի բան չեմ ասում»,- ապա անջատեց հեռախոսը։

Տեսանյութեր

Լրահոս