«Իրենց հետ չես, ուրեմն չպետք է աշխատես». ուսուցիչը դիմել է դատարան

Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցի նախկին ուսուցիչ Հրաչյա Մկրտչյանը դիմել է դատարան՝ իր ոտնահարված իրավունքներն ու աշխատանքը վերականգնելու ակնկալիքով:

168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Հրաչյա Մկրտչյանի ահազանգին, ըստ որի՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների պատճառով:

«Դատարան եմ դիմել դեռ հունիս ամսին: Սակայն պատասխանող կողմը՝ երաժշտական դպրոցը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում չի պատասխանել:

Այժմ սպասում ենք սեպտեմբերի 14-ին. նախնական դատական նիստ պետք է լինի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց երաժշտության ուսուցիչը՝ հավելելով, որ դատական գործընթացն ըստ կարգի, ճշտապահությամբ ընթանում է:

Հարցին՝ արդյոք մինչև դատարան դիմելը տնօրինության կողմից փորձ եղե՞լ է ներքին կարգով հարթել խնդիրը, նա պատասխանեց.

«Ինչ-ինչ խոսակցություններ հասան, թե ասվել է՝ պետք չի դատարան տալ, կգա սեպտեմբերը, ինչ-որ լուծում կգտնեն, բայց կոնկրետ ոչ մի բան: Տեղեկացա նաև, որ նվագակցողի պակաս կա, և, որ ծնողներն էլ էին դիմել տնօրինությանը, քանի որ և՛ ինձ էին հեռացրել աշխատանքից, և՛ մասնագիտական՝ երգի ուսուցչին. երեխաները մնացել են օդի մեջ»:

Հրաչյա Մկրտչյանը շարունակում է պնդել, որ իրեն աշխատանքից հեռացնելու պատճառը քաղաքական հայացքներն են և հայրենասիրությունը:

«Իրենց հետ չես, ուրեմն չպետք է աշխատես, քանի որ ըմբոստ ես և չես ասում, որ՝ այո՛, «մածունը սև է»,- ասաց նա:

Նշենք, որ Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցից արդեն նախկին ուսուցչին տվել են ազատման հրամանը, որում որպես ազատման հիմք է նշվել Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1 ենթակետը․

«Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ՝

1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` 1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում»:

«Իրենք գիտեին՝ ես ընդդիմություն եմ հոգով և իրենց ենթարկվողը չեմ. կրճատման անվան տակ փորձեցին ինձնից ազատվել»,- 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ նշել էր երաժիշտը:

Դպրոցը, որտեղ 1988 թվականից աշխատել է ուսուցիչը, հիմնադրել է նրա հայրը՝ Լևոն Մկրտչյանը: Հրաչյա Մկրտչյանն այժմ ստիպված է թողնել աշխատանքը, քանի որ տնօրինությունն այդպես է որոշել: Նկատենք՝ երաժշտական դպրոցի տնօրեն Գևորգ Մաղաքյանը 2019 թվականից է ստանձնել պաշտոնը. ինչպես հավաստիացնում են ճանաչողները՝ նա նոր իշխանությունների հետ սերտ կապեր ունի:

Ի դեպ, 168.am-ը տեղեկացրել է, որ Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում վերահսկվում են «հակաիշխանական դրսևորումները»՝ անգամ ֆեյսբուքյան լայքերը.  աշխատակիցներից շատերը չափազանց զգուշավոր են իրենց մեկնաբանություններում, պարզաբանումներում:

Տեսանյութեր

Լրահոս