Սահմանամերձ Մաքենիսի դպրոցում դասադուլ է. իշխանությունները հերթական անգամ տապալեցին դպրոցի ՀՅԴ-ական տնօրենի վերընտրությունը
Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Մաքենիս գյուղում այսօր իշխանությունները հերթական՝ 14-րդ անգամ տապալեցին դպրոցի երկարամյա տնօրենի՝ Ադամ Մխիթարյանի վերընտրությունը, որը, ի դեպ, միակ թեկնածուն է: Դպրոցն ունի 50 աշակերտ, և թե ուսուցիչների, թե ծնողական համայնքի կարծիքով՝ մարզային իշխանությունների կողմից Ադամ Մխիթարյանի ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրը հավանության չարժանացնելու միակ պատճառն այն է, որ վերջինս ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունի. ՀՅԴ-ական է:
Ադամ Մխիթարյանը չի հերքում իր կուսակցական պատկանելությունը, բայց և ասում է, որ ինքը դպրոցն ու դասապրոցեսը չի քաղաքականացնում:
«Ի՞նչ է, ուզում են՝ այդ 50 աշակերտն է՞լ արտագաղթի: Այո, ես դաշնակցական եմ, բայց ոչ դպրոցում: Սա քաղաքական հետապնդում է»,- ասում է դպրոցի տնօրենը:
Գյուղի բնակիչները պնդում են՝ ոչ մարզային իշխանությունները, ոչ էլ Նիկոլ Փաշինյանն իրենց գյուղի տեղը չգիտեն, ոչ մի սահմանային սրացման ժամանակ գյուղ չեն գալիս, բայց հենց անհրաժեշտ է լինում տապալել Ադամ Մխիթարյանի հերթական ընտրությունը, անմիջապես գյուղ են ներկայանում:
«Ադամ Մխիթարյանը գրիչը դնում, զենքն է վերցնում: Գյուղի բոլոր հարցերով, ինքնապաշտպանության կազմակերպմամբ ինքն է զբաղվում: հետո՞ ինչ, որ դաշնակցական է, ուրեմն պիտի այսպե՞ս անեն»,- տարակուսում են բնակիչները:
Դպրոցի միակ դասվարը՝ Ալիսա Մելքոնյանը, նույնպես վրդովված է. արդեն գրել է ազատման դիմումը, կհեռանան գյուղից:
«Էս գյուղի գերեզմանները ես եմ պահում, Ադամ Մխիթարյանն է պահում: Թող եթե մասնագետ են, ուսումնասիրեն ու տեսնեն՝ ինչ որակ է տալիս Մաքենիսի դպրոցը: Հայրենիքը գյուղից է սկսվում, մի կոտրեք սահմանամերձ բնակչի հոգին: Ես ներողություն եմ խնդրում իմ աշակերտներից, որ նրանց ընդամենն 8 տառ եմ սովորեցրել, ծնողներից եմ ներողություն խնդրում, բայց խամաճիկների պատճառով տապալվում է ուսումնական գործընթացը»,- ասաց դասվարը:
Վերջինս պնդեց՝ Ադամ Մխիթարյանին չընտրելու պատճառը նրա քաղաքական հայացքներն են:
«Այո, ցույցի է գնում, աշխատանքից հետո: Ես էլ եմ գնում, չկա ցույց, որ տիկին Մելքոնյանը բաց թողած լինի»,- ասաց նա:
Դպրոցում արդեն մի քանի օր է՝ դասադուլ է: Ի վերջո, Խորհրդի անդամները դուրս եկան. Ադամ Մխիթարյանին կրկին Խորհրդի այն անդամները չէին ընտրել, ովքեր իշխանության ներկայացուցիչներն են՝ մարզպետարան, վերադաս մարմին:
Ինչ-որ պահի կրքերը լարվեցին, երբ Ադամ Մխիթարյանին դեմ քվեարկած Վարդենիսի փոխքաղաքապետն ասաց, որ չի հավանել նրա զարգացման ծրագիրը:
Բնակիչների ու նրա միջև վիճաբանություն սկսվեց: Մաքենիսի բնակիչները փոխքաղաքապետին մեղադրում էին իրենց գյուղի գործերին անհիմն խառնվելու, իրենց երեխաների կրթության իրավունքը խախտելու համար:
Կնշանակվի ևս մեկ ընտրություն: