Թուրքիայի ՊՆ նախարարի հայտարարություններն «անհանգստություն են պատճառում». ՔՊ պատգամավոր

Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Այս պաշտոնում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է տվյալ հանձնաժողովի անդամ պատգամավոր Սարգիս Խանդանյանի թեկնածությունը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմելով ՔՊ-ական պատգամավոր Խանդանյանին՝ ասաց, որ այս իշխանության կառավարման տարիներին կադրային քաղաքականության մեջ ոչհաշվետվողականությունը ակնառու է: Պաշտոնազրկում են, մի քանի ամիս հետո նոր պաշտոնի նշանակում և հանրությանը որևէ ձևով չեն ներկայացնում, թե ո՞րն էր այդ պաշտոնանկության պատճառը:

Մանուկյանը որպես օրինակ՝ նշեց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականը, ասելով, որ այդպես էլ հանգամանորեն չհասկացան, թե ինչ պատճառով հրաժարական տվեց նա: Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի՝ պաշտոնից հրաժարվելու փաստին, նշելով, որ նրա հրաժարականի վերաբերյալ մինչ օրս պարզաբանում չի տրվել.

«Լրագրողներն, արդեն երկար ժամանակ է՝ փորձում են հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Էդուարդ Աղաջանյանից հասկանալ, թե ինչո՞ւ 1.5 տարի հետո՝ այս պատասխանատու պահին, հրաժարական տվեց:

Կարդացեք նաև

Հոգնե՞լ է, ինչպես գրում է մամուլը: Սինգապուր է ուզում գնալ, ինչպես գրում է մամուլը, դեսպան է ուզում գնալ, ինչպես գրում է մամուլը: Իսկ մամուլը ստիպված գրում է, որովհետև որևէ հանգամանալից պարզաբանում այդ հարցում չի տրվել: Ի վերջո, դուք միշտ հպարտանում եք, որ դուք հաշվետու եք, բաց եք, թափանցիկ եք, ժողովրդին սիրում եք, խոնարհվում եք և այլն, բայց այդ նույն ժողովրդին որևէ ձև հաշվետվություն չեք տալիս»:

Գեղամ Մանուկյանը Սարգիս Խանդանյանին հարցրեց, թե ինքն անձամբ ճշտե՞լ է Էդուարդ Աղաջանյանից, թե ինչո՞ւ 1.5 տարի պաշտոնավարելուց հետո լքեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը պաշտոնը:

ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը  պատասխանեց, որ քննարկում եղել է Էդուարդ Աղաջանյանի հետ, սակայն հարցի հասցեատերն ինքը չէ և հարմար առիթի դեպքում Աղաջանյանն ինքը կներկայացնի տվյալ պաշտոնից հրաժարվելու պատճառները.

«Բնականաբար, մենք քննարկել ենք այս հարցը, որովհետև մենք ոչ միայն գործընկերներ ենք, նաև ընկերներ ենք պարոն Աղաջանյանի հետ: Սա պարոն Աղաջանյանի ցանկությունն է եղել՝ նաև հաշվի առնելով ռեսուրսների կազմակերպման, իր գործունեության հետագա շարունակման արդյունավետության տեսանկյունից այսպիսի որոշում է կայացրել պարոն Աղաջանյանը, և վստահ եմ, որ հարմար պահի կներկայացնի իր մեկնաբանությունը, բայց ոչ մի տեղ չի գնում պարոն Աղաջանյանը, շարունակում է լինել Ազգային ժողովի պատգամավոր և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ»:

Գեղամ Մանուկյանն անդրադարձավ նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, նշելով, որ չնայած իշխանությունները հայտարարում են, որ դրանք տեղի են ունենում առանց նախապայմանների, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները հակառակն են հայտարարում.

«Օրերս Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուս Աքարը Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորեց Ադրբեջանի մեկնած ձեռքը բռնելու, պայմանագիր ստորագրելու, Զանգեզուրի միջանցքի հետ: Թուրքիայի պաշտոնյանները պարբերաբար նույնը կրկնում են: Դա դիտարկե՞նք Թուրքիայի կողմից նախապայման՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, թե՞ ոչ:

Խանդանյանը նախ նշեց, որ ոչ միայն իրենց իշխանությունը, այլև նախկին իշխանությունները ևս պատրաստ են եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, ապա հավելեց.

«Նմանատիպ հայտարարությունները, այո՛, անհանգստություն են պատճառում, և այն տեմպին, որը մենք կցանկանայինք ունենալ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի համար, նաև դրանք են խանգարող հանգամանքներ: Վստահ եմ՝ մեր բանակցողը, այդ անհանգստություններն իր կոլեգային հայտնում է, և ես կիսում եմ այն մոտեցումը, որ այդ հայտարարությունները չեն նպաստում արդյունքների վրա, որոնք մենք ակնկալում ենք այս բանակցային գործընթացում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս