Հայ դատի Ամերիկայի Արևելյան ափի հանձնախումբը հարյուրավոր կամավորներով ԱՄՆ Կոնգրեսում անցկացրել է Արցախի շահերի պաշտպանության օրեր
Հայ դատի Ամերիկայի Արևելյան ափի հանձնախումբը փետրվարի 1-2-ն ԱՄՆ Կոնգրեսում իրականացրել է Արցախի շահերի պաշտպանությանն ուղղված լոբբիստական երկօրյա գործողություններ։ Հայ դատի կամավորներին էին միացել նաև գործընկեր համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավորապես «Ամերիկա-հունական առաջնորդության խորհուրդից», «Գործողության պահանջ» և «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպություններից։ Ձեռնարկին միացել էին նաև ցեղասպանություն հանցագործության հետազոտեղներ ԱՄՆ Արևելյան ափից։
Հայ դատի կամավորները Կալիտոլիումի բարձունքում հանդիպումներ են ունեցել և Արցախի օրինական շահերն առաջ մղել մեկ հիմնական ուղերձով՝ վերջ տալ Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությանը, քանի որ շարունակվում է Բաքվի կողմից Բերձորի միջանցքի շրջափակման ցեղասպան քաղաքականությունը։ Կամավորներն օրենսդիրներին հորդորել են միանալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Ֆրենկ Փալոնի, Բրեդ Շերմանի և Կոնգրեսի հայկական հարցերով խմբի կողմից առաջ մղվող բանաձևի նախագծին, որը դատապարտում է Արցախում ադրբեջանական քաղաքականությունը, պահանջում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը, իսկ Արցախին տրամադրել մարդասիրական ուղղակի օժանդակություն։
Հայ դատի հանձնախմբի կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակում փետրվարի 2-ին Կապիտոլիումի բարձունքում տեղի է ունեցել բողոոքի գործողություն, ինչի ընթացքում ի թիվս այլոց ելույթներ են ունեցել Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, ՀՅԴ Արևելյան Ամերիկայի Կենտրոնկան կոմիտեի անդամ Ջորջ Աղջայանը և Հայ դատի ԱՄՆ Արևելյան ափի հանձնախմբի նախագահ Արա Չալյանը։ Նրանք ներկայացրել են իրենց գործողությունների հիմնական նպատակները, կարևորել դժվարին այս օրերին Սփյուռքի պայքարն ու համերաշխություն ու զորակցություն հայտնել Արցախի ժողովրդին։ Ֆրենկ Փալոնն իր հերթին նշել է․ «Քայլերից մեկը, որ մենք իրականացնում ենք, որպես հայկական հարցերով խումբ, պետդեպարտամենտի հետ հանդիպումն է և հնարավորինս նրանց վրա մեծ ճնշում գործադրելը, որպեսզի նրանք էլ դրդեն Ադրբեջանին՝ դադարեցնելու շրջափակումը: Մենք գիտենք՝ Ալիևի ցանկությունն է, որ ողջ հայությունը դուրս գա Արցախից։ Մենք գիտենք, որ սա ցեղասպանության ձև է։ Դրա մասին ոչ մի կասկած չկա։ Մենք գիտենք, որ բնապահպանների բոլոր պատրվակները պարզապես անհեթեթություն են։ Մենք խաղաղություն չենք կարող ունենալ, քանի դեռ վտանգ կա Արցախի ժողովրդի համար։ Արցախը հայկական է, Արցախը պետք է մնա հայկական»։