Բաժիններ՝

Ինչո՞ւ չի կարելի առավոտյան նարնջի հյութ խմել

Մեկ բաժակ սուրճ, կրուասան, մուրաբա և մեկ բաժակ նարնջի հյութ։ Նախաճաշի իդեալական պատկեր: Բայց արդյո՞ք հյութն օգտակար է առավոտյան։ Մեկնաբանում են սննդաբաններ Ալեքսանդրա Մելինը և Էլոդի Ջեննարիոն:

Արթնանալուց հետո մեր օրգանիզմը հեղուկի կարիք ունի, քանի որ մենք ամբողջ գիշեր անցկացրել ենք առանց ջրի։ Առավոտյան մեր ստամոքսի համար քաղցր հյութն ագրեսիվ միջավայր է։ Բացի այդ, ցիտրուսային մրգերը հարուստ են թթուներով, որոնք կարող են վնասակար լինել մարսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Թթուներից շատ ավելի վտանգավոր է հյութի մեջ պարունակվող շաքարը։ Խոսքն ինչպես խանութից գնված, այնպես էլ՝ թարմ քամած հյութի մասին է:

Հյութի մեջ շատ շաքար կա: Երբ դատարկ ստամոքսին հյութ եք ըմպում, այն շատ արագ ներծծվում է արյան մեջ՝ արտադրելով ավելի շատ ինսուլին, քան անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն գործունեության համար։ Խանութից գնված պահածոյացված հյութը շաքարի էլ ավելի մեծ չափաբաժին է պարունակում: Նման հյութերը վնասակար են, ինչպես և գազավորված ըմպելիքները»,- նշել է Ալեքսանդրա Մելինը:

Արդյունաբերական մրգահյութը պարունակում է այնքան շաքար, որքան մեկ բաժակ գազավորված ըմպելիքը, այսինքն՝ 10 գ 100 մլ-ում։ Իսկ սննդաբան Էլոդի Ջեննարիոյի խոսքով, այն չի կարելի օգտագործել առավոտյան, երբ արթնանում եք: Դատարկ ստամոքսին շաքարի ընդունումը կարող է առաջացնել հիպոգլիկեմիա:

Նարնջի հյութի օգուտները

Նարինջը վիտամին C-ի աղբյուր է, որը մեր օրգանիզմը չի կարող արտադրել, բայց այն անհրաժեշտ է իմունային համակարգի ամրապնդման և ոսկորներում կալցիումի պատշաճ կլանման համար, ուստի այս միրգը միանշանակ օգտակար է։ Նարնջի հյութի մեկ բաժակը (200 մլ) բավարարում է վիտամին C-ի գրեթե ողջ օրական պահանջը: Բացի այդ, մի շարք ուսումնասիրությունների համաձայն, նարնջի հյութը նվազեցնում է վատ խոլեստերինի չափազանց բարձր մակարդակը և, հետևաբար, կանխում է սրտանոթային հիվանդությունները՝ պաշտպանելով մեր արյունատար անոթները: Մաշկի գեղեցկության համար նարինջը նույնպես անփոխարինելի է, այն ակտիվացնում է կոլագենի արտադրությունը (որը նույնպես կարևոր է ոսկորների և մկանների համար): Նարինջը պարունակում է վիտամին B6, որն օգնում է մաշկի վերականգնմանը։

Ե՞րբ խմել հյութ՝ օրգանիզմին առավելագույն օգուտ բերելու համար

Հյութ ըմպեք ճաշից հետո: Մարզումներից առաջ հյութ խմելու կարիք չկա:
Ավելի լավ է նարինջը մաքրել ու ուտել, քան հյութը քամել։ Սա Ձեզ լրացուցիչ բջջանյութ կտա, և այն ավելի քիչ կալորիա է պարունակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս