Եկել է 5,2 մլրդ դոլար
Կենտրոնական բանկը հրապարակել է անցած տարվա մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ տվյալները. միայն բանկային համակարգով Հայաստան է մտել 5 մլրդ 190 մլն դոլար՝ 3 մլրդ 81 մլն դոլարով ավելի շատ, քան նախորդ տարի։
Դրսից ֆինանսական այսպիսի հոսքեր Հայաստան նախկինում երբևէ չէր արձանագրվել։ Առավելագույնը դրանք կազմել էին 2,2-2,3 մլրդ դոլար։
Նախորդ տարվա շարժերը գերազանցեցին նախկին բոլոր ռեկորդները՝ իրենց ուղղակի ազդեցությունը թողնելով Հայաստանի՝ ինչպես ֆինանսական համակարգի, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության վրա։
Բանկային համակարգում ձևավորված բարձր շահույթներն առաջին հերթին պայմանավորված էին այս գումարների տեղաշարժերը սպասարկելով։ Բանկերը 3 անգամ ավելի բարձր շահութաբերություն ապահովեցին, քան ապահովել էին նախորդ տարի։ Բանկերի շահույթները գերազանցեցին 256 մլրդ դրամը, ինչը համարժեք էր 630-640 մլն դոլարի։
Ֆինանսական այս հոսքերը բերեցին նրան, որ արտարժութային ուժեղ ճնշման տակ հայտնվեց արժութային շուկան։ Դա արտահայտվեց տարադրամի փոխարժեքների կտրուկ անկմամբ։
Այդ գործոնի ազդեցությամբ անցած տարի դոլարը և եվրոն Հայաստանում արժեզրկվեցին գրեթե 20 տոկոսով։ Այն պարագայում, երբ գրեթե ամբողջ աշխարհում հակառակն էր տեղի ունենում։
Ֆինանսական այս հսկայական հոսքերը նաև էական տնտեսական ազդեցություն ունեցան։
5,2 միլիարդն ահռելի գումար է Հայաստանի տնտեսության համար։ Այն գրեթե համարժեք է ՀՆԱ-ի 30 տոկոսին։
Միայն այդ գործոնը բավարար էր, որպեսզի անգամ ոչինչ չանելով՝ նման բարձր տնտեսական աճ ապահովվի։ Էական չէ, թե ինչ կասեն իշխանությունները տնտեսական աճի գործում իրենց մասնակցության ու ձեռքբերումների վերաբերյալ։
Այս գումարների դերն ու ազդեցությունն ավելի լավ պատկերացնելու համար, ասենք, որ բանկային համակարգով անցած տարի Հայաստան մտած գումարները գերազանցել են անգամ պետական բյուջեի հարկային եկամուտներին։
Հարկային եկամուտները եղել են 4,7 մլրդ դոլարի սահմաններում, այնինչ՝ դրսից մասնավոր տրանսֆերտների տեսքով ստացվել է շուրջ 5,2 մլրդ դոլար։
Այս գումարի գերակշիռ մասը մուտք է եղել Ռուսաստանից։ Հայտնի գործոնների արդյունքում Հայաստանը դարձավ այն առանցքային ուղղություններից մեկը, որտեղ տեղափոխվեց կամ որտեղով անցավ ռուսական կապիտալը։
Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, անցած տարվա ընթացքում բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից եղել է 3 մլրդ 598 մլն դոլարի մուտք։ Մեկ տարի առաջ դրանք կազմել էին ընդամենը 865 միլիոն։
Տարբերությունն անցնում է 2,7 միլիարդից. 4,1 անգամով ավելի գումար է եկել, քան եկել էր նախորդ տարի։
Ռուսաստանից ստացված տրանսֆերտները կազմել են ընդհանուր մուտքերի գրեթե 70 տոկոսը։ Մեկ տարի առաջ դրանք ընդամենը 41 տոկոսի սահմաններում էին։
Ռուսական շուկայից ֆինանսական միջոցների ակտիվ տեղաշարժ նկատվեց՝ սկսած ապրիլից։ Բայց հետագայում դա շատ ավելի մեծ տեմպ ստացավ։
Պիկը գրանցվեց հոկտեմբերին, երբ Ռուսաստանից փոխանցված գումարների մեկամսյա մուտքը հասավ 483 մլն դոլարի։ Դրանով պայմանավորված՝ հոկտեմբերը պիկային էր նաև տրանսֆերտների ընդհանուր հոսքերի առումով։ Այդ ամսին դրանք գերազանցեցին 618 միլիոնը։
Տարեվերջին թեև մասնավոր փոխանցումների շարժերը շարունակեցին մնալ բարձր, այնուհանդերձ այլևս չհասան հոկտեմբերի մակարդակին։ Նոյեմբերին ստացվեց 519 միլիոն, իսկ դեկտեմբերին՝ 590-591 մլն դոլար։
Մուտքերի բարձր մակարդակը պահպանվեց ռուսական կապիտալի ներհոսքի հաշվին։
Մյուս երկրներից թեև շարունակեցին ֆինանսական միջոցներ գալ Հայաստան, այնուհանդերձ դրանց ծավալներն էական փոփոխություններ չկրեցին։
Միացյալ Նահանգներից, որը հանդիսանում է տրանսֆերտային շուկայում Հայաստանի երկրորդ ամենախոշոր գործընկերը, պաշտոնական տվյալներով, անցած տարի ստացվել է գրեթե 671 մլն դոլար։ Ավելի քան 5,3 անգամով պակաս, քան Ռուսաստանից։
Միացյալ Նահանգներց մուտքերը ևս ավելացել են, բայց ընդամենը 90 մլն դոլարի չափով։
Ռուսական կապիտալի ակտիվ տեղաշարժի արդյունքում, անցած գրեթե ամբողջ տարվա ընթացքում Հայաստանը գտնվեց ֆինանսական հսկայական հոսքերի ազդեցության տակ։ Թեև այդ գումարներն ամբողջությամբ չմնացին ներսում։
Շուրջ 5,2 միլիարդ ներհոսքի պայմաններում Հայաստանից դուրս եկավ 2,6 մլրդ դոլար, ինչը ևս ռեկորդային էր։ Նախորդ տարի արտահոսքը եղել էր 1,2 միլիարդից մի փոքր ավելի։
2,6 միլիարդից Ռուսաստան է փոխանցվել շուրջ 453 միլիոն, իսկ Միացյալ Նահանգներ՝ 327 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ՝ 780 միլիոն։ Մնացած մասը գնացել է տարբեր երկրներ։
Որոշ ուղղություններով արտահոսքի կտրուկ ակտիվություն է դրսևորվել։
Այդպիսի ուղղություններից մեկը եղել է Արաբական Միացյալ Էմիրությունները, որտեղ բանկային համակարգով կատարված փոխանցումներն անցած տարի ավելացան գրեթե 7 անգամով՝ մոտենալով 300 մլն դոլարի։
Նախորդ տարիների համեմատ կտրուկ ակտիվություն է դրսևորվել նաև Գերմանիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի պարագայում։
Ֆինանսական միջոցների արտահոսքի 46-47 տոկոսը եղել է, այսպես կոչված, այլ երկրներ, որոնց վերաբերյալ տվյալները, սակայն, Կենտրոնական բանկի հրապարակած բաց աղբյուրներում «փակ» է ու դժվար է ասել, թե ինչ ուղղությունների մասին է խոսքը։
Կապիտալի արտահոսքն անցած տարի Հայաստանից ավելի քան կրկնապատկվեց, բայց դրանով հանդերձ, ներքին շուկայում ֆինանսական միջոցների մի քանի անգամով ավելի կուտակում եղավ, քան եղել էր նախորդ տարի։
Զուտ ներհոսքը կազմեց գրեթե 2,6 մլրդ դոլար՝ 1,7 միլիարդով ավելի, քան մեկ տարի առաջ։ Այդ գումարը մնաց Հայաստանում, թեև շատ դեպքերում կախվեց բանկային համակարգում, այդպես էլ չվերածվելով տնտեսական կապիտալի։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ