Իրանի դեմ օդային հարձակումից հետո ղեկավարությունը շարունակում է «լռել»․ ինչ մարտավարություն է ընտրել Իրանը
Իրանի դեմ օդային հարձակումից հետո, երբ ողջ աշխարհը սպասում է Իրանի պատժիչ պատասխանին, Իսլամական հեղափոխության տարեդարձի նախօրեին Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հունվարի 31-ի երեկոյան ելույթ ունեցավ՝ դիմելով իր երկրի ժողովրդին։
Ռաիսին ուղիղ եթերում խոսեց ներքին և արտաքին կարևորագույն ընթացիկ խնդիրների մասին, իսկ կոչը հեռարձակվեց ազգային ալիքներով և ռադիոյով։
Այս ժամանակահատվածում Ռաիսիի ելույթից հիմնական սպասումն այն էր, թե ինչ շեշտադրումներով է ԻԻՀ ղեկավարն անդրադառնալու երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին, որոնց պատճառը սովորաբար անվանում է Իրանի թշնամի երկրներին, և հաջորդ կարևոր հարցը, թե ինչ շեշտադրումներով է անդրադառնալու և որ կողմին մեղադրելու Սպահանում տեղի ունեցած պայթյունների համար։
Սակայն, ի զարմանս շատերի՝ Ռաիսին խուսափեց որևէ հարցում կոշտ գնահատականներ հնչեցնելուց, իր ելույթը կենտրոնացնելով հատկապես այն քայլերի վրա, որոնք իր կառավարությունն իրականացնում է տնտեսական խնդիրները լուծելու և ներքին կյանքը կայունացնելու համար։
Ըստ մի շարք վերլուծաբանների, Ռաիսին փորձեց չստեղծել սուր անկյուններ և չսրել առանց այն էլ լարված միջավայրն Իրանի շուրջ։ Որոշ կասկածների համաձայն, գուցե տեղ ունի գաղտնի դիվանագիտությունն Իրանի ու Միացյալ Նահանգների միջև, քանի որ արևմտյան մամուլում ժամանակ առ ժամանակ նման տեղեկություններ են դրվում շրջանառության մեջ։
Մեզ հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին ասաց, որ նախ Սպահանում տեղի ունեցածին պետք չէ մեծ կարևորություն տալ, այս դիրքորոշումից ելնելով է թեմային անդրադառնում Իրանի իշխանությունը, քանի որ դա անհարկի ուռճացվեց։ Բայց, ըստ նրա, ակնհայտորեն իրանական կողմը փորձում է չտրվել սադրանքների և պատասխանատու վարվել մեղավորներ կարգելու հարցում։
«Իրանն առանց հստակ տվյալների չի կարող մեղադրել որևէ կողմի, բացի այդ՝ պետք է հստակ լինեն այդ սադրանքի իրական նպատակները։ Իսկ շրջանառվող վարկածները չափազանց շատ են։ Քաղաքականությունը պետք է կառուցվի ոչ թե ենթադրությունների, այլ փաստերի վրա՝ համապարփակ վերլուծությունից հետո։ Եթե Իրանի իշխանությունները որոշել են ներկայիս ռազմավարությունն ընտրել, նշանակում է, որ իրավիճակն այդքան էլ միանշանակ ու պարզ չէ, որքան կարող է թվալ և ինչպես ներկայացվում է պարզապես մամուլում։
Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների պարագայում մշտապես կա գաղտնի դիվանագիտության բաղադրիչ, հատկապես այն փուլերում, երբ բանակցությունները կանոնակարգված չեն։ Ուստի դժվար է հստակ գնահատական տալ վարկածներին, թե կան քննարկումներ բանակցությունները վերսկսելու շուրջ, իսկ սադրանքն ուղղված էր դա խափանելուն։ Կա մեկ այլ վարկած, որ այս ամենի պատճառը Թեհրան-Մոսկվա հարաբերություններն են, և նշում են, որ Աբդոլլահիան-Լավրով բանակցությունները հետաձգվեցին այս պատճառով, ինչը, կարծում եմ, անհեթեթություն է, քանի որ Իրանի նախագահն իր ժողովրդի համար ուղերձում խոսեց այս հարաբերությունների կարևորության մասին»,- ասաց վերլուծաբանը։
Նա այն կարծիքին է, որ Իրանի իշխանությունն ընտրել է ոչ թե սադրանքներին տրվելու, այլ վտանգները կառավարելու մարտավարությունը։
«Դա ամենևին չի նշանակում, որ Իրանը հանդես է գալու թույլ, Իրանը տալու է բոլոր հիմնավորումները, պատասխանները, սակայն այն ժամանակ, երբ դա հարկավոր է Իրանին։ Նույն մարտավարությունը կիրառվում է նաև Ադրբեջանի դեպքում, թեև այստեղ արդեն բավականին տեսանելի խնդիրներ են առաջացել, չնայած այն քայլերին, որոնք իրանական կողմն է իրականացնում։ Բայց Իրանը չի տրվելու այլ երկրների օրակարգին, քանի որ ունի իր օրակարգը, իսկ այն պատերազմի օրակարգ չէ»,- ասաց վերլուծաբանը։