«Զարեհ Սինանյանը ստում է. ես կարող եմ մի տվյալ բացահայտել». Նժդեհ Գարագավորյան
Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը ՀՀ ԱԱԾ-ից նամակ է ստացել, որ անցանկալի անձ է Հայաստանում, բայց, նրա փոխանցմամբ՝ նամակում չկա որևէ փաստարկ, կոնկրետ դեպք, որից կարելի է եզրակացնել, թե ինչ պատճառով է արգելվել իր մուտքը հայրենիք։
Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանն ասել էր, որ ՀՅԴ-ական մի խումբ գործիչների մուտքի արգելքը կապված է մեկ միջադեպի հետ՝ պետական դրոշը կրող մեքենայի վրա հարձակման:
«Ձու նետելը պետական սիմվոլները կրող որևէ բանի վրա, ներառյալ մեքենայի, որի վրա Հայաստանի դրոշն է ու որի մեջ նստած է Հայաստանի վարչապետը, դա բողոքի անընդունելի ձև է»,- ասել էր Սինանյանը:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Նժդեհ Գարագավորյանն անհեթեթություն որակեց Սինանյանի ասածը:
«Այդ դեպքի հետ կապ չեն ունեցել ո՛չ Աբրահամյանները, ո՛չ Փափազյանը: Այդ դեպքի օրը ես այնտեղ եմ եղել, մենք մերժում էինք հայտնում թեկնածու Փաշինյանին, որովհետև այն ժամանակ նա Ֆրանսիա էր եկել իր նախընտրական ծրագրերով, որպեսզի բոլորին ցույց տա, թե ինքը եվրոպաներում ընդունված կերպար է: Մենք այդ կերպարին մերժում ենք, իր քաղաքական ծրագիրը մերժում ենք, և այդ մերժումը լավագույնս մարմնավորել ենք: Հիմա Զարեհ Սինանյանը քանի օր է՝ նույն բանն է կրկնում, որ այդ ավտոշարասյան պատահարն է մեր մուտքի արգելքի հիմքում: Ստո՛ւմ է: Ես այդ դեպքից հետո 5 անգամ եկել եմ Հայաստան: Այնպես որ, սուտ է, կեղծիք է: Մենք Ֆրանսիայում պայքարել ենք նաև թուրքերի և ադրբեջանցիների դեմ, և այստեղ կարող եմ բացահայտել մեկ ուրիշ տվյալ էլ՝ մեր ցույցերի ժամանակ ես ֆիզիկական խնդիր եմ ունեցել ադրբեջանական դեսպանատան անվտանգության աշխատակիցների հետ և ես քանի օր է՝ մտածում եմ, որ իմ տվյալներն այնտեղից են բերել:
Հուսով եմ՝ մեր ԱԱԾ-ն այնքան քանդված չէ, Հայաստանում այնքան ամեն բան խորտակված չէ, բայց… Այստեղ պետք է փնտրել ոչ միայն ներքաղաքական դրդապատճառներ: Մենք այդ ընթացքում թուրքերի և ադրբեջանցիների դեմ բավականին սիմվոլիկ ցույցեր ենք արել, մեր կազմակերպած ցույցերի ժամանակ իրենք խայտառակվել են, ընդհուպ մինչև իրենց դեսպանատան դուռն է կոտրվել: Հուսով եմ՝ այս ամենի մեջ կապ չկա, բայց շատերն ասում են, որ կարող է կապ լինել»,- ասաց նա:
Ըստ նրա՝ Զարեհ Սինանյանը, հավանաբար, Ֆրանսիա գնալու ծրագրեր ունի և ուզում է, որ իրեն չխանգարեն. «Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Զարեհ Սինանյանը, թե՛ այստեղ իրենց բոլոր հոգեպես խանգարված մարդիկ, ովքեր հավաքվել են նրանց շուրջը, դրանք բոլորը բաժանում են սևերի և սպիտակների մեր գաղութը: Իրենք մինիմալ հաջողել են. երբ այսօր այստեղ ցույցեր ենք անում, մարդիկ լսում են, որ Դաշնակցության ցույցն է, կան մարդիկ, որոնք կեղծ նախապաշարումներով չեն գալիս ցույցերին, որոնք, օրինակ՝ Արցախի համար են: Այս բոլոր իրողությունների մասին պետք է խոսել»:
Նա շեշտեց. «Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հասկացել է իր հանդեպ ատելության քանակը և որակը: Սփյուռքում Նիկոլ Փաշինյանն ու իր վարչախումբը կարողացել են հարցականի տակ դնել այն մի քանի հարցերը, որոնց շուրջ կար ներքին զորակցություն, օրինակ՝ Ցեղասպանության հարցը, քանի որ հիմա իրենք թուրքերին փորձում են չներկայացնել որպես ջարդարարներ, երկրորդը՝ Արցախի հարցն է, երբ հիմա այսօր Արցախի հարցը դարձրել են քաղաքական թեմա: Նույնիսկ «Նեմեսիս»-ը այսօր դարձրել են քաղաքական թեմա: Այստեղ նաև պետք է ավելացնել եկեղեցու հանդեպ իրենց որդեգրած քաղաքականությունը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում