Օկուպացիայի մասին բոլոր հայտարարությունները ժխտված են միջազգային միակ դատական որոշմամբ. Գյուլումյան
«Մեր հանրության մեջ չկա միասնական մոտեցում: Մի մասը գտնում է, որ Արցախը պետք է միացվի Հայաստանին, մյուս մասը գտնում է՝ պետք է իրացվի Արցախի ինքնորոշման իրավունքը: Այս հարցի պատասխանն ունենալուց հետո մենք ավելի հստակ կարող ենք ասել, թե տարբեր փաստաթղթեր, հայտարարություններ, որոնք այստեղ վկայակոչվեցին, որքանով կարող են խանգարել Արցախի հարցի կարգավորմանը»,- այսօր Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության կողմից Արցախի շրջափակման հարցով հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:
Նրա խոսքով՝ Անդորրան, որ իր տարածքով նույնիսկ ավելի փոքր է, քան Արցախը, կարգախոս ունի՝ միասնությունն ուժ է ծնում:
ՍԴ նախկին անդամը խոսեց նաև այսօրվա իրավիճակի կարգավորման ուղիների մասին:
«Նախ սկսենք նրանից, որ Լավրովի և օկուպացիայի մասին առհասարակ բոլոր հայտարարությունները ժխտված են միջազգային միակ դատական որոշմամբ՝ «Չիրագովն՝ ընդդեմ ՀՀ-ի» գործով կայացված վճռով, որտեղ ճանաչելով ՀՀ-ի իրավազորությունը՝ Եվրոպական դատարանը չգնաց նրան, որ ճանաչի տարածքների օկուպացված լինելը: Ըստ ՄԻԵԴ-ի՝ մենք իրականացնում էինք որոշակի արդյունավետ իրավազորություն, բայց չէինք օկուպացրել այդ տարածքները»,- ասաց Ալվինա Գյուլումյանը:
Ինչ վերաբերում է Լաչինի տարածքին, ապա մենք ՄԻԵԴ-ում բարձրացնում էինք այդ տարածքի անվտանգության ու կյանքի ճանապարհ լինելու հարցերը:
«Այսօր մենք պետք է կարողանանք օգտվել ոչ միայն Եվրոպական դատարանի որոշումներից, այլև ՄԱԿ-ի նախկին բանաձևերից, որոնք որևէ ձևով այդ տարածքի նկատմամբ օկուպացիա չեն ճանաչել, այլ հակառակը, ճանաչել են դրա անհրաժեշտությունը՝ որպես Հայաստանի հետ Արցախի միացման ճանապարհ»,- ասաց Ալվինա Գյուլումյանը:
Նա շեշտեց՝ Արցախի հարցը, լինելով հայ-ադրբեջանական հակամարտություն, Հայաստան-Ադրբեջան հակամարտություն չէ, և Հայաստանը չի կարող արտահայտել Արցախի ժողովրդի կամքը:
Մանրամասները՝ տեսանյութում