«Մի արծարծեք հարցեր, որոնց պատասխանները չեն ակնկալվում ստանալ Ձեզ ուղղված հարցադրմամբ». Դատավորը դիտողություն արեց «դիզելի գործով» վկային
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը:
Այսօրվա դատական նիստին նույնպես ներկա էր Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ իր փաստաբանների հետ, նրա կուսակիցները և աջակիցները:
Դատական նիստին ներկա էր նաև այս գործով մյուս մեղադրյալը՝ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը:
Նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել հունվարի 12-ին, ամբաստանյալ Գևորգ Հարությունյանը և վկա Սևան Քոչարյանը չէին ներկայացել դատական նիստին: Գևորգ Հարությունյանը հիվանդ էր, և կար դա վկայող բժշկական փաստաթուղթ, իսկ Սևան Քոչարյանի պաշտպանը, գտնվելով արձակուրդում, արտերկրում էր, իսկ նրա պաշտպանյալն առանց իր պաշտպանի չէր ցանկացել ներկայանալ դատական նիստին:
Հենց այդ հիմքով էլ դատական այդ նիստը հետաձգվեց:
Ավելի վաղ դատարանը հիմնավորված էր համարել,որ վկա Սևան Քոչարյանի նախաքննական ցուցմունքներն էականորեն տարբերվում են դատարանում տված ցուցմունքներից, որոշվեց, որ նրա ցուցմունքները կհրապարակվեն ամբողջությամբ, ողջ ծավալով:
Այսօրվա դատական նիստը սկսվեց հիմնական վկա Սևան Քոչարյանի հարցաքննության շարունակությամբ: Ուշագրավ էր, որ վկայի ցուցմունքներում կրկին բազմաթիվ էին հակասությունները: Անգամ մեղադրող դատախազը չէր դիմանում երբեմն վկա Սևան Քոչարյանին:
«Դուք շատ եք հեռանում ձեր հարցերի պատասխաններից: Փորձեք հստակ պատասխանել: Երկրորդը՝ Դուք իրավաբան չեք, ու տրամաբանական է, որ Ձեզ համար պարզ չլինի՝ ինչու են Ձեզ նման հարցեր տրվում: Նպատակը Ձեր իմացած տեղեկությունները ճշտելն է: Մի արծարծեք հարցեր, որոնց պատասխանները չեն ակնկալվում ստանալ Ձեզ ուղղված հարցադրմամբ»,- վկային դիտողություն արեց դատավոր Միսակյանը:
Մեղադրող դատախազն էլ վկային հարցրեց՝ եթե տարիներ առաջ՝ մրցույթի արդյունքները հրապարակելու ժամանակ, ինքը գիտեր, որ կեղծիք է կատարվել, ինչո՞ւ է միայն 2019թ. հաղորդում ներկայացրել հանցագործության մասին:
«Հիմա եմ իմաստ տեսել, այսինքն նույնիսկ հիմա էլ եմ կասկածում՝ ինչի համար եմ ես հայտարարություն տվել: Ամեն ինչին տեղյակ լինելով՝ ես անիմաստ եմ համարել հայտարարություն տալ: Մտածում էի, որ ոչ մի արդյունք չի լինի»,- ասաց Սևան Քոչարյանը:
Դատավորի հարցին՝ ինչ ակնկալիք է ունեցել՝ 2019թ. հաղորդում ներկայացնելով՝ վկան պատասխանեց՝ ոչ մի ակնկալիք չի ունեցել, էդպես է նպատակահարմար համարել:
Հաջորդիվ Սևան Քոչարյանին հարցեր ուղղեց պաշտպանության կողմը: Վկան հիմնականում հրաժարվում էր պաշտպան Ամրամ Մակինյանի հարցերին պատասխանելուց:
Ամրամ Մակինյանը դատարանին ներկայացրեց փաստեր այն մասին, թե ում է վկան 500 000 դոլար գումար պարտք, ինչպես է սնանկ ճանաչվել նրա ընկերությունը:
Վկա Սևան Քոչարյանի հարցաքննությունն ավարտվեց, հայտարարվեց 10 րոպե ընդմիջում, որից հետո կհարցաքննվի մյուս վկան՝ ՝ Եղիշե Վարդանյանը:
Ի հակադրություն Սևան Քոչարյանի՝ «Սովրանիե» ընկերության սեփականատեր, վկա Եղիշե Վարդանյանը բավականին ադեկվատ էր պատասխանում հարցերին, որոշ բաներ, իհարկե, չէր հիշում, ասաց միգուցե Կորոավիրուսից հետո հիշողությունը վատացել է:
«Նայեք, չեմ էլ հիշում, ինչ ասում եմ, չեմ հիշում»,-հարցերին պատասխանելիս ասում էր Եղիշե Վարդանյանը:
Վկայի հարցաքննությունը ընդհատվեց, կշարունակվի մյուս նիստին:
Հաջորդիվ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը վկա Սևան Քոչարյանի տնտեսական հնարավորությունների մասին փաստաթղթեր հրապարակեց:
Ավարտից հետո, պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով, դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 2-ին՝ ժամը՝ 14.00-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Հատուկ քննչական ծառայության կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է իրենից փաստացի ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար անձանց՝ անկախ ստացված էժան գնային առաջարկներից, որպես պետական մարմնի վառելիքի մատակարար՝ ընտրել «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը և մատակարարման պայմանագիրը կնքել այդ ընկերության հետ:
Ըստ մեղադրանքի՝ արդյունքում` հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում, 2013 թվականի փետրվարի 14-ից մինչև հունիսի 28-ն ընկած ժամանակահատվածում իրացվել է 12 մլն 88 հազար 334 լիտր դիզելային վառելիք, ինչի համար տրամադրված սուբսիդիայի գումարի չափը կազմել է 1 մլրդ 269 մլն 275 հազար ՀՀ դրամ: Մինչդեռ մատակարարման իրական հնարավորություններ ունեցող «Մաքսհուր» ՍՊ ընկերության առաջարկած գնով նույն քանակը մատակարարելու դեպքում սուբսիդիայի գումարը կկազմեր ընդամենը 846 մլն 183 հազար ՀՀ դրամ, այսինքն՝ փաստացի վճարված սուբսիդիայի գումարից վատնվել է 423 մլն 91 հազար ՀՀ դրամ ավելի վճարված գումարը:
Մանրամասները՝ տեսանյութում