Ինչո՞ւ քաղաքացիները չեն կարողանում Գերմանիայի դեսպանատուն դիմելու օր ամրագրել. դեսպանատունը պարզաբանում է
«168 ժամ»-ի խմբագրությունը տևական ժամանակ բազմաթիվ զանգեր է ստանում այն մասին, որ Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը (և ոչ միայն) վիզայի համար պայմանավորվածություն ձեռք բերելը դարձել է անհնարին:
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ յուրաքանչյուր օր՝ Երևանի ժամանակով 03:00-ին, երբ առցանց հերթագրման համակարգը հնարավորություն է տալիս պայմանավորվածության օր և ժամ վերցնել, մի քանի վայրկյանում այդ տեղերն ու ժամերն արագ սպառվում են: Իհարկե, մինչև մեր ուսումնասիրությունը կատարելն ինքներս մտածում էինք, որ գուցե դիմորդներն են շատ և ազատ տեղերն արագ են ավարտվում: Բայց սոցիալական հարթակներում կան բազմաթիվ խմբեր, որոնք Գերմանիայի դեսպանատան ազատ օրեր են վաճառում՝ արժեքը 40-60 հազար ՀՀ դրամ:
Ինքներս մի քանի գիշեր փորձել ենք օրեր ամրագրել, բայց ապարդյուն: Դեսպանատան պաշտոնական կայքում հստակ գրված է. «Պայմանավորվածության օրը գործերը կարող են հանձնել միայն նրանք, ովքեր գրանցման համակարգում ճիշտ են մուտքագրել իրենց անձնագրային տվյալները։ Հորդորում ենք Ձեզ հերթագրվել ինքնուրույն: Դեսպանությունը չի հերթագրում «միջնորդների», «խորհրդատուների» կամ «ծառայություն մատուցող ընկերությունների» միջոցով: Հերթագրվելով նրանց միջոցով՝ Դուք գումար և ժամանակ եք կորցնում»:
Ցավոք, քաղաքացիներին այլ տարբերակ չի մնում, քան դիմել այդ «միջնորդներին», որոնք «հասցնում» են ամրագրել օրերը և վաճառել: Համակարգը օր և ժամ վերցնելու հնարավորություն տալիս է յուրաքանչյուր գիշեր՝ ժամը 03:00-ին, բայց բացվելուց մի քանի վայրկյան անց տեղերն արագ սպառվում են:
«168 ժամ»-ը գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանում Գերմանիայի դեսպանատուն՝ խնդրել պատասխանել մի քանի հարցերի.
«Արդյո՞ք Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը տեղյակ է խնդրի մասին, եթե այո, ապա ի՞նչ հնարավոր լուծման տարբերակներ է փորձում գտնել, որպեսզի սպեկուլյացիաների հնարավորություն չլինի: Ինչպե՞ս է ստացվում, որ այլ տվյալներով գրանցված անձը կարողանում է իր տեղը վաճառել մեկ այլ անձի՝ բոլորովին այլ անձնագրային տվյալներով:
Քաղաքացիները հիմնականում այլ դեսպանատների օրինակն են բերում, երբ հարկավոր է լրացնել տվյալները, որոնք փոփոխության ենթակա չեն, ապա նոր դեսպանատան հետ պայմանավորվածություն ձեռք բերել: Արդյո՞ք նման տարբերակի անցում քննարկվում է: Եթե ոչ, ապա ի՞նչ անեն այն քաղաքացիները, որոնք անքուն գիշերներ են անցկացնում, որպեսզի օր ամրագրեն, բայց չգիտես՝ ինչու, ամիսներով նրանց դա չի հաջողվում»:
Ներկայացնում ենք Հայաստանում Գերմանիայի դեսպանատան պատասխանն ամբողջությամբ.
«Գերմանիայի դեսպանությունը ափսոսանքով հայտնում է, որ Գերմանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Շվեդիայի համար վիզայի դիմումների պահանջարկը էապես գերազանցում է դեսպանությունում անձնակազմի և տարածքի առկա հնարավորությունները։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարարությունն աշխատում է դիմումների ընդունման գործընթացը ծառայություն մատուցող որևէ կազմակերպության արտապատվիրակելու ուղղությամբ, ինչպես դա անում են շենգենյան այլ դեսպանություններ, սակայն դրա իրագործումը դեռ ժամանակ կպահանջի։
Դեսպանության առցանց հերթագրման համակարգը մշակվել և տեխնիկապես սպասարկվում է ԳԴՀ արտգործնախարարությունում։ Այն կիրառվում է Գերմանիայի բոլոր դեսպանատներում, շատերում ոչ միայն վիզայի, այլ նաև այլ ծառայությունների, օրինակ, անձնագիր ստանալու, ծննդյան գրանցման և այլնի համար։
Դեսպանությունը գիտի, որ այլ անձինք, օրինակ, բարեկամ/ընկեր կամ ճամփորդական գրասենյակներ կարող են դիմումատուի անունից պայմանավորվածություն ամրագրել։ Դա անօրինական չէ։ Դիմումատուներն իրենք են որոշում՝ ցանկանո՞ւմ են արդյոք ստանալ այդպիսի ծառայություն, այդ թվում՝ վճարովի, և իրենք են որոշում դրա համար իրենց անձնական տվյալները (օր․՝ անձնագրի համարը, հեռախոսահամարը, էլ․ հասցեն) տրամադրել այլ անձանց։
Դեսպանությունը չի համագործակցում ոչ երրորդ անձանց, ոչ էլ ճամփորդական գրասենյակների հետ։ Այդ մասին հրապարակված է դեսպանության կայքում, և դեսպանությունը հորդորում է չհերթագրվել միջնորդների միջոցով։
Կեղծ անձնագրային տվյալներով ամրագրած ժամի վաճառքը և այն, որ այդ ճանապարհով դիմումը հնարավոր լինի ներկայացնել դեսպանություն, բացառվում են։ Դիմումն ընդունելիս դեսպանությունը ստուգում է դիմումատուի անձնագրի համապատասխանությունը հերթագրման ցուցակում առկա տվյալներին, եթե դրանք չեն համապատասխանում, դիմումատուի մուտքը դեսպանություն մերժվում է։ Դիմումատուն կարող է միայն չեղարկել իր հերթագրումը, բայց իր լրացրած կամ այլ անձի լրացրած տվյալները փոփոխել չի կարող»: