Բաժիններ՝

«Ինձ գտնողը կյանք կգտնի»

«Երանի՜ նրանց, որոնք լսում են Աստծու խոսքը և գործադրում այն» (Ղուկ. 11:28), բայց անպտուղ է նրանց կյանքը, ովքեր լսում են Աստծու խոսքը, սակայն երկրային կյանքի հոգսերը, հարստությունը և հաճույքները, որոնցով ապրում են, խեղդում են նրանց մեջ ընկած սերմերը (Ղուկ. 8:14):

Երուսաղեմ գնալիս կամ այնտեղից վերադառնալիս Հիսուս հաճախ էր այցելում Բեթանիայում ապրող Ղազարոսին և նրա քույրերին՝ Մարթային ու Մարիամին: Աղմուկից խուսափելու և հանգստանալու համար Քրիստոս հյուր էր գնում նրանց: Հիսուսի գալուստը մեծ ուրախություն էր պատճառում քույրերին, և նրանք յուրովի էին արտահայտում իրենց սերը, հարգանքն ու հավատարմությունը մեծ Հյուրի հանդեպ: Հերթական անգամ, երբ Քրիստոս այցելեց նրանց, Մարթան ջանասիրաբար Նրա համար ընթրիք էր պատրաստում, իսկ Մարիամը ջանասիրաբար Նրա խոսքն էր լսում: Մարթան անհանգստացած էր իր՝ տնային տնտեսուհու հյուրասիրության պարտականություններով, իսկ Մարիամն իրեն նվիրել էր Քրիստոսի խոսքի ուշադիր ունկնդրությանը:

Մարթան նկատեց, որ եթե ինքը միայն ընթրիքով զբաղվի, երկար ժամանակ կպահանջվի և ցանկացավ, որ քույրն իրեն օգնի, այդ պատճառով դիմեց Քրիստոսին և ոչ թե Մարիամին: Քրիստոս բարեկամական տոնով, բայց ափսոսանքով ասաց նրան. «Մարթա՛, Մարթա՛, դու մտահոգվում և նեղվում ես շատ բաների համար: Սակայն մեկ բան է պետք. Մարիամն ընտրեց լավ բաժինը, մի բան, որ չի վերցվի նրանից» (Ղուկ. 10:41-42): Մարթան սիրում էր Հիսուսին Մարիամից ոչ պակաս, սիրում էր լսել Նրա խոսքը և, իհարկե, կատարել Նրա պատվիրանները, բայց նա մտածեց, որ նախ՝ պետք է հյուրասիրությամբ զբաղվի, ապա՝ Աստծու խոսքը լսի: Հոգսերի մեջ նա մոռացել էր Քրիստոսի այն խոսքերը, որ ասում է. «Դուք նախ խնդրեցե՛ք, որ Աստծու արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթ. 6:33):

Այն ժամանակվա հասարակության համար Մարթայի պահվածքն  ընդունելի էր, իսկ Մարիամինը՝ ոչ: Վերջինս, նստելով Քրիստոսի ոտքերի մոտ, խախտեց հյուրասիրության սովորությունը, այդ պատճառով Քրիստոսի խրախուսումն անսպասելի էր բոլորի համար, քանի որ Քրիստոսի ոտքերի մոտ նստելը համարվում էր անպատշաճ: Այդ ամենը պարկեշտ հրեայի համար սահմանը հատել էր նշանակում:  Երանելի Թեոֆիլակտն ասել է, որ մեծ բարիք է հյուրասիրությունը և չպետք է խուսափել նրանից, բայց առավել մեծ բարիք է ուշադրությամբ մասնակցել հոգևոր զրույցին: Հյուրասիրությունն այնքան ժամանակ է գովելի, քանի դեռ չի շեղել և հեռացրել մարդուն առավել անհրաժեշտից:

Ղուկաս ավետարանիչը Մարթայի և Մարիամի օրինակով մի կողմից ցույց է տալիս գործուն զոհողությունը, մյուս կողմից՝ ուշադրությունը Աստծու խոսքի հանդեպ: Քրիստոնյան, Մարիամի օրինակի համաձայն, պետք է ձգտի լավագույն բաժնին, որը ոչ ոք չի կարող վերցնել նրանից: Ծառայության մասին հոգսը չպետք է հեռացնի քրիստոնյային երկնային խոսքը ճանաչելուց: Տերը չի հանդիմանում Մարթային բարի ծառայության համար, բայց քանի որ Մարիամն ընտրեց բարի բաժինը, նրան տրվեց նախապատվությունը:

Մարթային ուղղված՝ Քրիստոսի խոսքերն ուսուցանում են տարանջատել աշխատելու և Աստծու խոսքը լսելու ժամանակները: Ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի՝ որպեսզի Մարթային ուղղված՝ Քրիստոսի խոսքերը մարդկանց ծուլության չտանի, անհրաժեշտ է ցույց տալ, որ Տիրոջ խոսքերը չեն հակասում միմյանց. «Մի այլ տեղ առաքյալն ասում է. «Դարձյալ, եղբայրնե՛ր, խնդրում ենք, որ ավելի առատ լինեք ձեր սիրո մեջ, աշխատեք հանդարտ կյանք վարել, զբաղվել միայն ձեր գործով և ապրել ձեր աշխատանքի վաստակով, ինչպես որ պատվիրեցինք ձեզ, որպեսզի ձեր պարկեշտ ընթացքով հարգանք վայելեք ոչ հավատացյալների կողմից և ոչ ոքի կարոտ չմնաք» (Ա Թես. 4:10-13), նաև. «Ով գողությամբ էր ապրում, այլևս թող չգողանա, այլ վարժվի արդար վաստակով ոչ միայն հացը շահելու, այլև բարիք գործելու՝ օգնելով նրանց, որոնք կարիքի մեջ են» (Եփես. 4:28): Այստեղ Պողոս առաքյալը ոչ միայն հորդորել է չգողանալ, այլ արդար վաստակել և այդ վաստակից օգնել կարիքավորին»:

Մարիամը Աստծու Արքայության փնտրումն ավելի վեր էր համարում, քան կենցաղային հոգսերը, այդ պատճառով ողջ հոգով տրվել էր այդ լավագույնին՝ մոռանալով երկրայինը: Մարիամի համար Տիրոջ խոսքերը հավատի և ճշմարտության կենդանի աղբյուր են: Շատ հաճախ ամենօրյա հոգսերն ու զբաղմունքները խլացնում են մարդու մեջ Փրկչի ձայնը, որ այդքան անհրաժեշտ է մարդուն՝ հոգևոր կյանքի համար: Առօրյան կլանում է ամեն ինչ՝ ժամանակ չթողնելով աղոթքի և խոկման համար: Քրիստոնյան, Մարիամի օրինակի համաձայն, պետք է ընտրի բարի բաժինը՝ ամեն օրվա մի հատվածը նվիրելով Աստծու հետ զրույցին: Առանձնության և լռության մեջ քրիստոնյան աղոթքով շտապում է մոտ լինել կենդանի Աղբյուրին, որպեսզի ուժ ստանա Նրանից ամեն օրվա համար:

Քրիստոս աշխարհ եկավ, չարչարվեց, խաչվեց, հարություն առավ և համբարձվեց՝ հավիտենական կյանքի դուռը բացելով մարդկանց առջև, որ փակվել էր մեղքերի պատճառով: Քանի դեռ մարդն ապրում է աշխարհում, մի շարք կենսական պահանջներ ունի, բայց հավիտենական կյանքն այնպիսի պահանջ է, առանց որի ամեն ինչ և ողջ աշխարհն արժեք չունի. «Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի. որովհետև նա ի՞նչ փրկագին պիտի տա իր կյանքը հետ վերցնելու համար» (Մատթ. 16:26): Հոգու փրկությունը, որի միջոցով հավիտենական կյանք ենք ձեռք բերում, թանկ է ողջ աշխարհից: Երբ մարդու սիրտը ժամանակավորն է փնտրում, մոռանում է հավիտենականի մասին, իսկ երբ հավիտենականն է փնտրում, մոռանում է ժամանակավորի մասին:

Մարդն ամեն գնով փայփայում է ժամանակավոր կյանքը՝ մոռացության մատնելով այն, որ արարվել է ոչ թե ժամանակավոր, այլ հավիտենական կյանքի համար, որ Աստծու Որդին աշխարհ եկավ, որպեսզի ինքն աստվածանա: Աստծու համար թանկ է յուրաքանչյուր անձի փրկությունը, իսկ չարն ամեն կերպ ջանում է հափշտակել մարդկանց շնորհված փրկության հնարավորությունները և հավիտենապես կործանել նրանց: Տերը կրկին երանի է տալիս Իրեն հետևողներին և ասում. «Երանի՜ այն մարդուն, որ Ինձ լսում է, ամեն օր հսկում է Իմ դռների մոտ և Իմ դռների մուտքերն է պահում, քանի որ Ինձ գտնողը կյանք կգտնի և Տիրոջից շնորհ կստանա: Բայց Իմ դեմ մեղանչողն իր հոգու դեմ անիրավություն է անում: Բոլոր Ինձ ատողները մահն են սիրում» (Առակ. 8:34-36):

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս