Վարչական դատարանը քննում է զոհված զինծառայող Դավիթ Ուզունյանի հոր՝ Բագրատ Ուզունյանի դեմ ոստիկանության հայցը. ՈՒՂԻՂ

Վարչական դատարանը 2022 թվականի նոյեմբերի 11-ին վարույթ էր ընդունել Ոստիկանության հայցն ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Ուզունյանի հոր՝ Բագրատ Ուզունյանի, և այսօր նշանակվել էր գործով նախնական դատական նիստը։

Ոստիկանությունը դատարանին ներկայացրած հայցով պահանջում է Դավիթ Ուզունյանին, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների տասնյակ ծնողների ենթարկել պատասխանատվության Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջով, այն է՝ Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելըորը պատժվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Ի աջակցություն Բագրատ Ուզունյանի՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները հավաքվել են Վարչական դատարանի շենքի բակում։

Դավիթ Ուզունյանի դասղեկը՝ Լուսինե Արտենյանը, 2020 թվականի պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 17-ին, 168.am-ին հետ զրույցում պատմել էր Դավիթի հայրենասեր և անվախ մարդ տեսակի մասին.

Կարդացեք նաև

«Դավիթը 2019 թվի հուլիսի 5-ին պետք է զորակոչվեր ծառայության, բայց քանի որ ձեռքը կոտրել էր՝ 6 ամսով հետաձգել էին, բայց ինքն ամեն ինչ արել է, որ հուլիսի 31-ին մեկնի ծառայության: Իր դիմումի համաձայն՝ մեկնել է, չի համաձայնել 6 ամիս մնա, նոր գնա: Պատերազմը սկսվելու առաջին օրից 14 հոգանոց խմբով շատ թեժ մարտեր են տարել և հետ են շպրտել թշնամուն: Հոկտեմբերի 1-ի երեկոյան Դավիթը զոհվել է, արկը պայթել է, միայն նա է զոհվել, բայց դիրքը պահել են»:

Դավիթ Ուզունյանը ծնվել էր 2001 թվականի հունվարի 1-ին, նա 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունում ծնված առաջին հայն էր․․․

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։

Ուշագրավ է, որ ոստիկանության բարձրաստիճան սպան Քննչական կոմիտում ծնողների հետ առերեսման ժամանակ հերքել է տեղեկությունը, թե ծնողներին «Եռաբլուրը» ազատելու հրաման է եղել, մինչդեռ տասնյակ ծնողներ վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ ոստիկանի պահանջը չկատարելու համար։ Այսինքն ստացվում է, որ ոստիկանը ծնողներին տարածքը ազատելու պահանջ է ներկայացրել սեփական նախաձեռնությամբ, առանց վերադասի հրաման ունենալու:

Տեսանյութեր

Լրահոս