Բաժիններ՝

Քարկոծե՛ք ինձ, մարդիկ. Լևոն Ջավախյան

Ես բավականին անկեղծ եմ, ուղղամիտ ու միամիտ այնքան, որ եթե մի օր գայթակղվեմ ու խղճիս կամ ազգիս դեմ մեղանչեմ, չկասկածեք.

– Քարկոծե՛ք ինձ, մարդիկ,- կբացականչեմ Մացուո Բասյոյի հանգով,- հենց նոր ես մի ծաղկած բալենու ճյուղ կոտրեցի…

Այո, անմեղ հոգին նույնքան գեղեցիկ է, որքան ծաղկած բալենին: Իսկ իմ ճյուղը արդեն իսկ կոտրվում է և ոչ ամենևին գայթակղությունից… Յոթանասուներկու տարեկան  եմ… Ինչքա՜ն բարեկամներ ու ընկերներ մեռան, մեռան ու կորան… Միայն քառասունչորս օրում՝ հինգ հազար մատղաշ սերմնացու գետին մտան… Նոր տարի է՝ 2023 թվական: Առավոտ կանուխ  Վահագ տղաս ասաց.

– Ես գնացի:

– Ո՞ւր,- ասի:

– Սուրոյիս մոտ:

Եռաբլուր էր գնում: Սուրոն քենուս թոռն էր: Վահագիս ծնկներին էր մեծացել: Երկու կաթիլ արցունք կախվեցին աչքերիցս: Նրանից էլ ծիլ չի ծաղկելու…  Հանուն այդ ծաղկունքի կռված ու մաքառած Գագիկ Սարոյան անունով բանաստեղծը զարմանում էր.

Զարմանալի բան է՝

Ընկերներս մեռան,

Իսկ ես՝ դեռ մեռնում եմ…

Մեռնել էլ կա, մեռնիլ էլ… Սամվել Շահինյանին մի օր ասի.

– Մարդ, որ ծնվելու բախտ ա ունեցել, պիտի մեռնելու բախտ էլ ունենա…

Հարցական ինձ նայեց,

– Լևո՞ն,- ասաց,- սկսել ես Դալայ-լամայի նման խոսալ.

Ասի.

– Հա՛, ես էլ կյանքս սարերի ծերին եմ սկսել…

Իմ սարերը Հիմալայներում  չէին, բայց ինձ համար նույնքան  բարձր էին: Մտովի որքան ետ եմ գնում՝ սարի եմ հանդիպում. այնտեղից անդին կյանք չկար: Ամառվա տապին ծնողներս ինձ սար էին տանում: Եվ այդպես տասնհինգ տարի…  Սուրբ լիս սարն ու Քամոտա ղաշը մանկությանս բարուրն  են օրորել, սլվլան զեփյուռը երգ է ասել իմ օրորոցին: Սակայն այդ երգն ինձ քուն չէր բերել՝ տարին տարու  վրա կյանք էր տվել: Եվ արևահար, արաժանով  բացված կարմիր թշերով, կանաչ լանջերի շաղը քաղելով, կովերի թրիքի  վրա գայթելով մեծացել էի: Հարթ չէր եղել իմ  ճամփան:  Բանջարն է դաղել սրունքներս, կառ փոշը ծակծկել բոբիկ ոտքերս. ես վեր-վեր եմ թռել, մառախուղը ճեղքել, ամպոտ սարերով աստղերին ձգտել և ցավն էր ինձ համար ճամփա բացել… Թոթովախոս, ձեռքերս Աստծուն պարզած մեծացել էի, փուշը ոտքիս տակ, ցավից թև առնելով, մանկությանս երազին հասնելու երազով…  Մանկությունս սեր չէր, այլ աշխարհին խառնվելու փափագ: Սարերից իջնող զուլալ ջրերի  նման մի օր էլ ես խառնվեցի աշխարհին, նրա պղտոր ջրերին: Էդպես ապրել սկսեցի ու էդպես մեծացա և ինչի՞ հասա… Ինչի էլ հասա՝ էդ սարերի զորությամբ ու կախարդանքով… Ոչ բարով հայտնի գրող եմ.  ում համար՝ հաճո, ում համար էլ ոչ հաճո՝ աչքի գրող: Ամեն դեպքում  նորմալ աշխատանք չունեցա: Հեռուստացույց եմ նայում: Անդրեյ Մալախովի հաղորդումն էր՝  երկու ախպեր տղա երգում էին,  իրար շատ  նման, երևի զույգ էին: Հետո իրենց կյանքը պատմեցին, ակնարկելով  ծնողներին, հատկապես հորը:

– Մի օր հայրս ասաց,- պատմում էր զույգերից մեկը,- հասկանում եմ՝ երկուսդ էլ վաստակավոր արտիստ եք…, բայց ի՞նչ եք աշխատում…

Իսկապես: Արվեստով զբաղվել՝  նշանակում է սիրով զբաղվել,- դա եղավ աշխատա՞նք… Հասկացա, ես էլ գրող եմ, բայց ի՞նչ մարդահիսաբ եմ  ես. աղոթքիս արձագանքող  չկա, գիրս կարդացող չկա, խոսքս լսող չկա, մորմոքս բանի տեղ դնող չկա, աշխարհը խուլ է և համր՝  մեր դարդերին ու ցավերին անհաղորդ: Գլուխս ո՞ր պատովը տամ՝ ազգս արյան ծովի մեջ, իսկ ես իմ խեղճ ու կրակ սեղանին կռթնած գիր եմ անում: Ո՞ւմ գիր անեմ, ի՞նչ բանդագուշանքի դիմեմ, որ  մեր գլխին ծվարած սև ու թուխպ ամպերը ցնդեն, ցրվեն, հեռանան:  Էլի, էլի ու էլի Երկիրը պտտվում  է լերդ արյան  մեջ: Կա՛նգ առ Երկիր,  գոնե մի ակնթարթ՝ իջնել եմ ուզում,  հեռանալ եմ ուզում, տառապել չեմ ուզում…  Ամենուր հերոսներ են. սպանողն էլ  է հերոս՝ սպանվողն էլ… Միայն թե՝ պատերազմում հերոսությունը չէ, որ ես տեսնում եմ, այլ ողբերգությունը… Իմ սիրտս բարի լուր է ուզում, ուրախանալ է ուզում, մերս կասեր՝ քու մերը մի լավ խոսքի կարոտ ա, մի դատարկ խոսքն ի՞նչ ա, որ չեք ասում՝ սիրտս հովանա: Ուզում եմ քնեմ ու վեր կենամ ցանկալի լուրով: Իմանամ, որ  չարն այլևս չկա՝ թռել, լքել է  երկիրս: Ամեն գիշերից հետո էլի լույս է բացվում, ախր ինչո՞ւ  մեր լույսը չի գալիս… Ասում են,  Դովրեցի Շիրինը, երբ իր տանը զուռնա էր փչում՝ էշը գոմում պարում էր: Էշը, որ էշ էր, գլխի էր ընկել, որ նվագը պարելու համար ա… Ախր, էս վարչափետը ինչի՞ չի հասկանում, որ վաղուց իր գնալու վախտն ա….

Մինչ ես էս տեքստն էի գրում, Նիկոլը՝ Երևանում, Ալիևը՝ Բաքվում, միաժամանակյա հարցազրույց էին տալիս: Զանգեցի ընկերոջս՝ Ավետիս Բաբաջանյանին: Թեև մի քանի շապիկ փոքր է ինձնից, բայց ես շատ եմ գնահատում նրա ողջամտությունն ու սթափ մտածելակերպը:

– Ավո՛,- ասի,- ինչո՞վ ես բացատրում Նիկոլի ու Ալիևի միաժամանակյա ինտերվյուն, արդյո՞ք դա նախօրոք պայմանավորված չէր…

– Հա՛, ախպեր,- ասաց,- Դա Արցախը տալու և Զանգեզուրում միջանցք բացելու նախապատրաստական գործողություն էր, նաև ռուսներին էստեղից լարելու փոխադարձ պայմանավորվածություն…

– Վա՛յ իմ գլխին,- ասի,-  ո՞վ կմտածեր, որ Արցախի բազմադարյան պատմության ավարտը կտեսնեմ մի ակնթարթում… Վա՛յ իմ դժբախտ գլխին…

– Ինչի՞ դժբախտ,- շտապեց ինձ հանգստացնել Ավոն,- Նիկոլը մտածում ա, որ ոչ թե կործանում, այլ փրկում  ա Հայաստանը…

– Բա յոթանասուներկու տարի ապրել եմ, որ տասնյակ դարեր ապրած Արցախի գոյության ավարտը մի օրում տեսնե՞մ…

– Չէ,՛ Լևոն, դու դժբախտ չես,- ասաց,- դու բախտավոր ես, բախտավո՜ր…

– Ո՞նց,- զարմացա:

– Բա, որ փրկիչին տեսա՜ր… Ո՞վ ա իր կյանքում գոնե մի անգամ փրկիչ տեսել…

Դրսից այլևս լուր չառնելով՝ ներսս եմ փորփորում, հոգուս խորքում տաճարներ կառուցում՝ անձեռակերտ  տաճարներ՝ ռոկոկո, բարոկկո զարդաքանդակներով: Մինչդեռ ներսս դրսի հետ անհաշտ է, աններդաշնակ, իրականության հարձակմանը չի դիմանում, խարխլվում, ամեն աչքաբացի փլուզվում է չեղած երազի պես: Երազի հետ պիտի մի քիչ էլ հավատ ունենաս: Մինչդեռ հավատս տկար է, անվեմ ու անհաստատ, ինչպես   սովորական շնողնեցու հավատ: Լոռվա ձորում շնողնեցու տգիտության ու տխմարության մասին առասպելներ են հյուսել: Մի անգամ չէ, որ փորձել են Շնողը դարձի բերել: Ժամանակին էդ նպատակով նույնիսկ Հայոց Կաթողիկոսն է գյուղ եկել. վեղարով շուրջառված, ադամանդակուռ ոսկյա խաչը վզից ի կախ, պարթև հասակով հոգևորական էր՝  երկճյուղ, սև ու փարթամ  մորուքով:  Ասել էին, ով իրա մի մազն ունենա՝ հորեց որդի փրկված ա…  Ետին մտքով էին ասել, բայց մերոնք ուղիղ մտքով էին հասկացել…

Գեղովի վրա էին պրծել ու Հայրապետի միրուքը փետել: Դեղապետի գոնե մի մազ չէին թողել: Դե, ո՞վ չէր ուզենա ընդամենը մի մազով դրախտի ճամփեն բռնի: Իսկ գեղի միակ տերտերը, իր հոտի հավատքին անհաղորդ, Վենձ քարի գլխից  (Կայծոն ամրոցից) դբա Վենձ ջուրը  (Դեբեդը)  քար էր շպրտում՝ թե հասավ, հասավ… Տեր հայրը իր ներքին ձայնին էր լսում, որ ասել էր՝ ինչ հնարավոր է, դուք արեք, անհնարինն Աստված կանի: Անգումը չլինի,  տանգումը կլինի… Ոչ բարով մի շնողնեցի էլ ես եմ, չէ՞… Հիմա, որպես ուղղադավան շնողնեցի, սեղանին կռթնած, թուղթ ու գրիչը առաջս դրած, սպասում եմ անհնարինի կատարմանը: Ճարս ի՞նչ, մեր Կաթողիկոսն էլ հո հա՞վ չի, որ փետրահան անեմ…  Նրա մի մազն ունենայի՝ ես էլ կփրկվեի: Սակայն մեկի փրկությամբ ազգ չի փրկվի: Ժողովրդի գլխին էն օյինը չխաղացին, որ ազգովի փրկվենք: Վարչապետ ունենք՝ աշխարհը չունի:

Աստված կավից մարդ ստեղծեց, սա մարդուց կավ ա ստեղծում: Համարյա Աստծուն հավասար տղայա…  Ժողովուրդ չասեմ՝ անհոգի, անսիրտ զանգված ասեմ, վարչապետի «արարչագործ» ձեռքերի մեջ  թրծված՝ վախկոտ, կամազուրկ, մորթապաշտ, ինքնության չձգտող, արմատներից կտրվող, ոչ հայրենասեր, թշնամուն հանդուրժող, ստրկահաճո, խաղաղության անվան տակ երկյուղը քողարկող,  անհավատ, պատեհապաշտ…  Կավով թրծվածն ի՞նչ պիտի լինի… Երկրորդ ամիսն է, Ադրբեջանը փակել է Արցախի կյանքի ճամփան, բայց ոչ ոգու տանձին  չի: Մի օր հոսանքն են կտրում, մի օր գազը, ամեն օր հացն ու ջուրը, բայց աշխարհը խուլ է, աշխարհը համր է ու անսիրտ… Նրանք հլա օտար են ու հեռու մեզանից, բայց մենք ի՞նչ ասենք, որ համադամ կերակուրներով ճռնչացող սեղաններին բազմել ու պետքներս էլ չի, որ Նոր տարու օրով ղարաբաղցին մի մանդարինն անգամ չունի, որ իր երեխայի ձեռքը դնի: Ասում են, կավե սրտերն անզգա են լինում…

Փաստորեն թուրքն իր հայրենիքը ավելի շատ է սիրում, քան մենք: Թուրքն ասում է, ում ջուրը խմում ես՝ պիտի նրա հողում էլ թաղվես: Իսկ հայն ասում է, որտեղ հաց՝ էնտեղ  կաց: Թուրքը հող է սիրում, իսկ հայը՝ փող: Հայի հայրենիքը փողի հետ գալիս, փողի հետ գնում է, իսկ թուրքի հայրենիքը չի գնում, քանզի նրա փողն անիվներ չունի: Հայի սրբության սրբոցն իր ընտանիքն է: Մեր հողը, պետությունը, հայրենիքը՝  տունն է,  զավակները:  Մեր շեմը՝ մեր սահմանն է: Սահմանը կտրեցինք, անցանք՝ ուրիշ երկրում ենք, ուրիշ պետությունում: Էս  է, մեր սահմանից անդին աղբ է: Նոր տարվա կեր ու խումի շռայլությունն էր: Անտարբեր չանցա, մի ծեղ էլ ես դրի: Դրի, բայց  նույն պահին ևեթ ցնցվեցի: Իմ սիրտն էլ հո կա՞վ չէր,  ծառս եղավ.

– Քարկոծե՛ք ինձ, մարդիկ…

Լևոն Ջավախյան

15.01.23թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս