Ադրբեջանն ու Թուրքիան Փաշինյանից պահանջել են նվազեցնել մեր զինուժի թվակազմն ու որակը․ Ռուբեն Հակոբյան

Շատ օտարերկրացիներ մեզ ասում են՝ մեզնից ի՞նչ եք ուզում, երբ դուք Պրահայում ընդունել եք, որ Արցախի հետ գործ չունեք։ Այսօրվա իրավիճակը շատ աղմկոտ լռություն է, բայց դրա մեջ ողբ կա։ Հիմա էլ ոմանք ոգևորված են եվրոպացի դիտորդներով։ Մեզ համոզել են, թե մենք իմպոտենտ ենք, ոչնչի ընդունակ չենք։ Մեր մեջ կարողացան սպանել դիմադրելու, մարդ լինելու ունակությունը, ստիպեցին դառնալ մուրացկաններ։ Մենք էլ նստել, սպասում ենք, թե Եվրոպան ինչ կանի։ Ուժի իրավունքը միշտ եղել է առաջնային, բայց ի՞նչ արեցին եվրոպացի դիտորդները, երբ Եվրոպան Ադրբեջանի հետ ռազմավարական պայմանագիր էր կնքում։ Մեր մեծամասնությանը համոզել են վիզը ծուռ, աշխարհին խնդրողի դերի մեջ մտնել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

«Պրահայի պայմանագիրն իր վտանգավորությամբ չի զիջում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, քանի որ դրանով Փաշինյանը վերջնականապես ընդունեց, որ Արցախը մեզ հետ կապ չունի։ Նա կարող էր այն չստորագրել, քանի որ նախնական պայմանավորվածությամբ՝ այնտեղ Արցախի ապագայի հետ կապված ձևակերպում էլ պետք է լիներ։ Այդպիսով Հայաստանն իրեն ճանաչեց ագրեսոր, և ադրբեջանական կողմը Թուրքիայի դրդմամբ Հայաստանից պահանջելու է տասնյակ միլիարդավոր դոլարների հատուցում։ Իսկ նրանք պնդում են, որ այդքան փող չունենալու պատճառով մենք պետք է տարածքով հատուցենք։ Մեր ռազմական բյուջեի ուղիղ կեսը չի օգտագործվել, այն դեպքում, երբ երկու տարի շարունակ կարող էին նորմալ զորանոցներ կառուցել»,- ասաց քաղաքական գործիչը:

«Ալեն Սիմոնյանն ասում է՝ ամեն ինչ ապահովված է, բացի անվտանգությունից։ Եթե իրենք չեն հասկանում, որ պետության թիվ մեկ խնդիրն անվտանգության ապահովումն է, մենք իրոք ողբալի վիճակում ենք։ Զորամասի հրդեհից հետո Փաշինյանն անմիջապես մեղավորներ է նշանակում և մի քանի հոգու ազատում պաշտոնից։ Եթե քո պետության մեջ կա համապատասխան կառույց, որը պետք է հետաքննի դեպքը, բայց դու նախապես մեղավորներ ես նշանակում, ուրեմն ուղղորդում ես քննությունը։ Այսօր զորանոցներ չկան, սա խայտառակություն է։ Ադրբեջանն ու Թուրքիան Փաշինյանից պահանջել են նվազեցնել մեր զինուժի թվակազմն ու որակը։ Եվ նրանք իրավունք են ստանում կամայական բնակելի շենք գրոհել և պայթեցնել։ Ցանկացած վարկած այսօր գոյության իրավունք ունի, քանի որ պաշտոնական վարկածը մերժվում է հենց այդտեղ եղած զինծառայողների կողմից»,- նշեց ընդդիմադիր գործիչը:

Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ ուշագրավ էր, երբ Ալիևն ընդունեց, որ Փաշինյանի միջոցով պատժում է ՀՀ նախկին նախագահներին. «Մեզ որևէ մեկը բանի տեղ չի դնում, մեր հարցերը քննարկում են առանց մեզ, երբեք այսքան մեկուսացած չենք եղել։ Սա պրոֆեսիոնալ տգետների մի հավաքածու է, որոնք պարզագույն դիվանագիտական արարողակարգին անգամ ծանոթ չեն։ Մեր արժանապատվությունը մինչև վերջ գլխատված է։ Օտարերկրացիներն ասում են, որ երբեք չէին մտածի, թե մեր պետությունը կարող է նման վարչապետ ունենալ։ Երբ մեզ ցույց տանք, նորից կշրջանառվենք՝ որպես գործընկեր։ Մեզ մշտապես նայել են՝ որպես լուրջ ռազմաքաղաքական գործոն, մեր ինտելեկտուալ պոտենցիալի մասին միշտ է խոսվել։ Իսկ այսօր Փաշինյանի կերպարի վրա ադրբեջանական շոու-բիզնեսը երգեր է հորինում։ Նա շարունակում է մեր պատմության այն հատվածը, որը բաղկացած է դավաճաններից, քծնողներից, իշխանատենչերից։ Մենք մեզ ենք պարտվել, քաղաքական ազգ այդպես էլ չդարձանք։ Փաշինյանի կերպարի նախատիպը Պետրոս Գետադարձն է, որը պետության բանալիները հանձնեց Կոնստանտին Մոնոմախին, քանի որ ուզում էր հարստանալ»:

«Կտեսնենք այն պահը, երբ Փաշինյանն ազգի դավաճան և թշնամի է կարգվելու։ Այն, ինչ նա արեց, սատանայական նախախնամություն էր, երբ մի տգետ, իշխանատենչ, որևէ սրբություն չճանաչող մեկը ղեկավարում է Հայաստանը։ Մեր ժողովուրդն էլ Փաշինյանին «սրբադասեց» այնպես, ինչպես եկեղեցին՝ Պետրոս Գետադարձին։ Միակ ճշգրիտ, համարժեք քայլը ժողովրդի կողմից եղել է նոյեմբերի 9-ի գիշերը, նույնը կրկնվեց այս տարվա սեպտեմբերի 14-ին, բայց երկու դեպքում էլ ընդդիմությունը տեր չկանգնեց ժողովրդին»,- ամփոփեց Ռուբեն Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս