Ով է Հայաստանում Վրաստանի նոր դեսպանը
Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գիորգի Շարվաշիձեն նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Հունվարի 25-ին Շարվաշիձեն հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Շարվաշիձեն 60 տարեկան է, պրոֆեսիոնալ մանկավարժ է, Եվրոպական ակադեմիայի անդամ։ ԹՊՀ-ում պաշտոնավարման ընթացքում Շարվաշիձեն ակտիվ կապ է ունեցել Երևանի պետական համալսարանի հետ, իրականացրել է համատեղ հանդիպումներ, նախագծեր և այլն։
1984 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի վրաց բանասիրության ֆակուլտետը: 2006 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական մանկավարժական համալսարանը, դոկտորի գիտական աստիճանով՝ կրթության կառավարման մասնագիտացմամբ։
1983-1993 թթ. աշխատել է Թբիլիսիի 6-րդ գիմնազիայում` որպես ուսուցիչ։ 1988-1989 թվականներին Վրաստանի կրթության նախարարությունում նախարարի օգնականն է եղել։
1989-1990 թթ. Թբիլիսիի պետական համալսարանի ավագ գիտաշխատող էր։ 1990 թվականին եղել է Հարավային Միլուոքիի դպրոցի (Ուիսքոնսին նահանգ, ԱՄՆ) ուսուցիչ։
1991-1994 թվականներին եղել է Վրաստանի կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավարը։ 1994-1996 թվականներին՝ Վրաստանի ԿԳՆ փոխնախարար էր։ 1996-2000 թվականներին եղել է Վրաստանի կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալը, իսկ 2001-2003 թթ.՝ բարձրագույն կրթության բարեփոխումների միջազգային նախագծի խմբի ղեկավար:
Շարվաշիձեն 2002-2003 թթ. եղել է Կրթական քաղաքականության, պլանավորման և կառավարման միջազգային ինստիտուտի նախագահ: 2003-2004 թթ. Բուդապեշտում նշանակվել է Բաց հասարակության ինստիտուտի ավագ ծրագրերի ղեկավար: Բաց հասարակության ինստիտուտի ակադեմիական աջակցության ծրագրի տնօրեն էր 2004-2013 թթ., իսկ 2013-2016 թվականներին` Վրաստանի կրթության եւ գիտության փոխնախարար։
2016 թվականին նշանակվում է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր և զբաղեցնում այդ պաշտոնը մինչև 2022 թվականը։ Այսօրվանից՝ 2023 թվականի հունվարի 25-ից Գիորգի Շարվաշիձեն Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանն է։