«Անդրանիկ Քոչարյանը թող չասի՝ ամեն օր սգո օր է, մեր համար է սգո օր, իրենց համար կերուխումի օր է․․․»․ զոհվածի հայր
«Եթե մենք օրինական երկրում ապրեինք, նախ պատերազմ չէր լինի, ու այն, ինչ հիմա կատարվում է, անօրինականության շնորհիվ է»,- այսօր Քննչական կոմիտեի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Գևորգ Ավդիխանյանի հայրը՝ Բորիկ Կոյտիկովը:
«Ժողովուրդը պետք է աչքերը բացի, հասկանա՝ ինքը ո՞ր երկրում է ապրում, ի՞նչ իշխանություն ունի, էլ ի՞նչ պիտի կատարվի, որ ժողովուրդը հասկանա: Ամիսներ առաջ, որ ասում էինք՝ անօրինականությունը շարունակվում է, անօրինականության պատճառը չէի՞ն անցնող ամիսների դեպքերը։ Մեր ազգի հետ դեպքեր են կատարվել, որոնց վրա մեր աչքերը չպետք է փակենք։ Հղի կնոջը վրաերթի ենթարկեցին, Ապարանի դեպքերը, որ երիտասարդ տղաներից մեկն ասաց՝ միայն վարչապետը կպարզի այդ հարցը, պարզե՞ց, հիմա թող այս տղան ինքն իրեն հարց տա՝ իր եղբոր սպանությունն օրինական ճանապարհով բացահայտվե՞լ է, թե՞ չէ։ 15 զոհերը, որ կան, ես այս հարցը չեմ քաղաքականացնում, որ ասում էինք՝ կգա ժամանակ, որ զոհերի քանակը կշատանա, տեսա՞ք, որ շատացավ: Այս 15 զոհերի համար ո՞վ պետք է պատասխան տա, քանի՞ օր է անցել, ճիշտ տեղեկություն ունե՞նք, թե՞ չէ։ Չհայտարարեցին ո՛չ սգո օր, ո՛չ էլ մի զոհվածի տուն գնացին»,- ասաց զոհված զինծառայողի հայրը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողի հարցին, թե 15 զոհված զինծառայողների ողբերգական դեպքի առիթով ինչո՞ւ սգո օր չեն հայտարարում, ասել էր, թե ամեն օր էլ սգո օր է: Ասվածի առնչությամբ մեր դիտարկմանը զոհվածի հայրն այսպես արձագանքեց.
«Անդրանիկ Քոչարյանի համար ամեն օր էլ ուրախալի օր է, թող Անդրանիկ Քոչարյանը չասի՝ ամեն օր սգո օր է, մեր համար է սգո օր, իրենց համար կերուխումի օր է․․․
Եթե Անդրանիկ Քոչարյանի որդին այդպիսի տեղ ծառայեր, Անդրանիկ Քոչարյանի համար ամեն օր էլ սգո օր կլիներ»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 9։30-ին 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին, որոնք 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից, հրավիրել էին Քննչական կոմիտե՝ առերեսման։
Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեն։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ պատճառելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։
Ծնողները մի քանի անգամ արդեն ակցիաներ են իրականացրել Քննչական կոմիտեի շենքի մոտ, պահանջել, որպեսզի իրենց նկատմամբ բիրտ ուժ կիրառած ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն։
Նրանց խոսքով՝ 2023 թվականի հունվարի 20-ի դրությամբ ընդամենը 4 ոստիկան էր առերեսվել, նրանք ընդունել են իրենց մեղքը, սակայն մինչ այս պահը պատասխանատվության չեն ենթարկվել, և որ մինչ այս պահը բացահայտված չէ, թե ո՞վ էր ոստիկաններին նման հրաման տվել, որ ծնողների նկատմամբ բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեին։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում