Էլեկտրաէներգիան անցնում է այն ճանապարհով, որը ՀՀ այս իշխանությունները նվիրել են թուրքերին. Արմեն Մանվելյան

«Այսօրվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը»,- հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ պարզաբանմամբ, որ հաշվի առնելով գազի սահմանափակ ծավալը՝ որոշվել է, որ կուտակված գազն այսուհետև կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին, իսկ գազալցակայանների աշխատանքը կդադարեցվի մինչև գազամատակարարման վերականգնումը:

Եղանակային անբարենպաստ պայմաններում Ադրբեջանի կողմից բնական գազի մատակարարման և Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ էլեկտրագծի աշխատանքների խափանման պայմաններում Արցախի 120 հազար քաղաքացիներ կանգնել են էներգետիկ ճգնաժամի առաջ:

Ջեռուցման բացակայության պատճառով չեն գործում Արցախի բոլոր դպրոցները, շուրջ 20 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից։ Սահմանափակումներով են աշխատում նաև պետական հիմնարկները։

Էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում էներգետիկ ինքնաբավության մակարդակն ապահովելուն ուղղված քայլերին՝ շեշտեց.

Կարդացեք նաև

«Գազամատակարարման վերականգնման դեպքում անպայման պետք է կառուցվեն գազապաստարաններ, որպեսզի լինի գազ կուտակելու հնարավորություն: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային՝ Քարվաճառի հիմնական էներգետիկ համակարգերը մնացել են թշնամու վերահսկողության տակ,  էլեկտրաէներգիան անցնում է այն ճանապարհով, որը ՀՀ այս իշխանությունները նվիրել են թուրքերին, և իրավիճակն այս դեպքում առավել խնդրահարույց է:

Այս տարին առատ չէ ձյունով, Սարսանգի ջրամբարի ջուրը քիչ է, ինչը հնարավորություն չի տալիս մեծ ծավալով էլեկտրաէներգիա գեներացնել: Հետևաբար, կոմպենսացնելու մյուս ծայրահեղ ձև պետք է դիտարկել՝ փորձել օգտագործել այն գետերի հնարավորութունը, որոնք դեռ անցնում են Արցախի տարածքով, ինչպես նաև՝ մեծ տեղ հատկացնել արևային և քամու էներգիային՝ կառուցելով կայաններ»:

Փորձագետը շեշտեց, որ ստեղծված իրավիճակը հակասում է տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային տարբեր բանաձևերին ու հռչակագրերին:

«Այս փաստը հայկական կողմը պետք է օգտագործի՝ ապացուցելու մեկ բան, որ Արցախը որևէ կերպ չի կարող մնալ Ադրբեջանի կազմում, որովհետև դա հակասում է ազգերի ինքնորոշման իրավունքին: Այսինքն՝ այն փաստը, որ Ադրբեջանը պետական մակարդակով կազմակերպել է Արցախի շրջափակումը, ինչի ապացույցն են նույն գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, ինչը չէին կարող անել մի խումբ «էկոլոգները»,  միջազգային իրավունքի տեսանկյունից հստակ ապացուցում է, որ այս պահին պետք է գործի ազգերի ինքնորոշման իրավունքը, որը նաև արցախահայության փրկության միակ ճանապարհն է:

Արցախի անկախության ճանաչումը պետք է օրակարգային խնդիր դառնա հայկական դիվանագիտության կողմից. Եթե, իհարկե, ՀՀ-ում  լիներ ազգային իշխանություն և ոչ թե դավաճանների խունտա, որը միայն սեփական կարիքներ է մասին է մտածում»:

Հիշեցնենք՝ Բերձորի (Լաչին) միջանցքը փակ է 6  շաբաթից ավելի։

Տեսանյութեր

Լրահոս