Զինվորի կյանքը դարձել է ոչինչ, մահը՝ սովորական բան

Կառավարությունն ամեն անկարևոր բանի համար միլիոններ ու միլիարդներ է ծախսում, բայց զինվորի համար փող չունի, կամ ունի, բայց չի ուզում զինվորի վրա ծախսել։

Զինվորը, լինելով երկրի պաշտպան, դարձել է մեր հասարակության ամենաանպաշտպան խավը։ Ամեն պահի կարող է թիրախ դառնալ թշնամու համար, կարող է զոհվել, ու դին օրերով, նույնիսկ ամիսներով մնա բաց երկնքի տակ, ինչ է թե՝ թշնամին թույլ չի տալիս դիերը դուրս բերել։

Զինվորի մահը սովորական երևույթ է դարձել։ Այնպիսի անտարբերությամբ են նայում այդ ամենին, կարծես այդպես էլ պիտի լիներ։ 44-օյա պատերազմի 4-5 հազարը, սեպտեմբերյան ներխուժման ավելի քան 200 զոհերը քիչ էին, հիմա էլ՝ ոչ պատերազմական տասնյակ զոհերը։

Չկա սրտացավություն ու պատշաճ վերաբերմունք զինվորի նկատմամբ։

Զինվորը անտեսված ու արհամարհված է իշխանության կողմից, իսկ հասարակությունը դադարել է պահանջատեր լինել երկրի պաշտպանի համար։

Այնպես է ստացվել, որ զինվորը պարտավոր է սոված-ծարավ, ցրտին ու անձրևին չկահավորված դիրքերով ու առանց դիրքերի սահման պահել, կյանքի ու մահվան կռիվ տալ, բաց երկնքի տակ քնել, հազար ու մի զրկանքներ կրել, իսկ, ասենք՝ ոստիկանը կերած-խմած ման գա Երևանի փողոցներում ու արժանանա իշխանության բարեհաճությանը, վայելի բարձր ղեկավարության հովանավորությունն ու օժանդակությունը, ինչ է թե՝ կատարում է իշխանության քաղաքական պատվերը։

Դրա համար ոստիկանին առոք-փառոք պահում ու կերակրում են, բարձր աշխատավարձ ու պարգևավճար են տալիս, լավագույն պայմաններն են ապահովում, իսկ զինվորին հաշվի տակ դնող չկա։

Այս ընթացքում թե քանի անգամ են բարձրացրել ոստիկանների աշխատավարձերը, հավելյալ գումարներ հատկացրել՝ պարգևավճարներ տալու համար, նույնիսկ դժվար է հաշվել։

Ամանորի նախաշեմին, որ գրեթե բոլոր հիմնարկներում հավելյալ մեկ աշխատավարձ են վճարում, մինչև աղմուկ չբարձրացվեց, զինվորին չհիշեցին։ Ոստիկանին երբեք չեն մոռանում, իսկ զինվորին չեն էլ ուզում հիշել։

Ոստիկանի աշխատավարձը առանց որևէ պահանջի բարձրացնում են, իսկ երբ հերթը հասնում է զինվորին, պարզվում է, պետք է ատեստացիա անցնեն, քննություններ հանձնեն, որպեսզի աշխատավարձ բարձրանա։ Այնպիսի պայմաններ են ստեղծում, որ մարդիկ դրանից էլ հրաժարվեն։ Զինվորի հաշվին փող են խնայում՝ իրենց անձնական կամ քաղաքական կարիքներն ու ամբիցիաները բավարարելու համար։

Հարյուրավոր միլիոններ ու միլիարդներ են ծախսում Երևանում «Եվրատեսիլ» կազմակերպելու, տոնական միջոցառումներ ու լուսավորություն անցկացնելու, քեֆ-ուրախություններ ու հանդիսություններ, պաշտոնական ընդունելություններ կազմակերպելու, իրենց ու իրենց ընտանիքի անդամների համար նոր ծառայողական մեքենաներ գնելու, աշխատասենյակները վերանորոգելու ու կահավորելու, շատ դեպքերում՝ զբոսանքի վերածված արտասահմանյան գործուղումների ու ճամփորդությունների մեկնելու, հազար ու մի անիմաստ ծրագրեր ֆինանսավորելու համար։ Փոխարենն այս ամենը անելու՝ մտածեին զինվորի ու երկրի սահմանները պաշտպանողի համար տարրական պայմաններն ապահովելու, երկրի ռազմական կարիքները բավարարելու, զինտեխնիկա ձեռք բերելու ու սահմանները կահավորելու մասին։

Միայն իրենց ու իրենց անվտանգությունն ապահովողների մասին են մտածում։

Երբ սահմանից հեռու, կենցաղային տարրական պայմաններ չստեղծելու պատճառով կրակի բաժին է դառնում գրեթե երկու տասնյակ զինծառայող, կառավարությունը, առանց աչք թարթելու, որոշում է կայացնում 2,5 մլրդ դրամ հատկացնել, որպեսզի դատախազներն իրենց բարձր աշխատավարձի 92 տոկոսի չափով ամենամսյա հավելավճար ստանան։

Եվ սա միայն դատախազներին չի վերաբերում. իշխանությունները շատ առատաձեռն են նաև դատավորների ու իրավապահ համակարգի մյուս պաշտոնյաների, ընդհանրապես իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։

Չնայած այդքան քննադատություններին ու հասարակական պարսավանքին, այդպես էլ չհրաժարվեցին իրենց պարգևավճարներից։ Միայն պարգևավճարների տեսքով պետական բյուջեից տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ են դուրս գալիս։ Հասարակության աչքին թոզ փչելու համար ձև արեցին, թե կրճատել են պարգևավճարները, այնինչ՝ իրականում գումարները տարան մտցրեցին աշխատավարձերի մեջ։ Աշխատավարձերը բարձրացրեցին։

Զավեշտ է, բայց այդ ամենն այնպես են ներկայացնում, որ անում են ժողովրդի բարօրության համար։

Միլիարդներ են ծախսում պետական բյուջեից իրենց պարգևավճարների ու հավելավճարների համար, իսկ զինվորի համար ծառայությունն իրականացնելու տարրական պայմաններ չեն ստեղծում։ Դրա հետևանքով էլ այսպիսի ցավալի զոհեր են լինում։

Բայց միևնույն է, բան չի փոխվում։

Եվ ինչո՞ւ պիտի փոխվի, եթե չկա պատասխանատվության ինստիտուտ։

Երկրի ղեկավարը, հազարավոր զոհերից, բազմաթիվ այլ կորուստներից հետո, կարող է առանց պատասխանատվության շարունակել պաշտոնավարել, կարծես ոչինչ էլ չի եղել։ Հասարակությունն էլ հանդուրժում է այդ վիճակը։

Պետական բյուջեի կատարման «պատմական ռեկորդներից» են խոսում. ո՞ւմ են պետք այդ ռեկորդները, երբ զինվորներն այնպիսի պայմաններում են իրականացնում իրենց ծառայությունը, որ սովորական թվացող կենցաղային իրավիճակում մեծաթիվ զոհեր ենք ունենում, ոչնչով չպատճառաբանված զոհեր։ Ընտանիքներ են որբանում, մարդիկ իրենց զավակներին ու ամուսիններին են կորցնում, երիտասարդ տղաներ են զոհվում ոչ միայն մարտի դաշտում, այլև մարտի դաշտից հեռու, զուտ այն պատճառով, որ իշխանություններն անտեսել են զինվորի կարիքները ու ժամանակին չեն ապահովել նվազագույն պայմաններ։

Հիմա եկել մեղավորներ են փնտրում։ Ու փոխարենը իրենց մեղադրեն, որ չեն կատարել իրենց պարտավորությունները, էլի զինվորին են մեղադրում։

Զարմանալի չէ, որ այսօր զինվորն անտեսված է ու անպաշտպան։ Հասարակության անտարբերության պայմաններում՝ զինվորի կյանքը դարձել է ոչինչ, մահը՝ սովորական բան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս