Արևմուտքը Հայաստանից հստակ ակնկալիքներ ունի
Եվրոպական միությունը՝ հավաքական Արևմուտքի հովանու ներքո կարծես Հայաստան-Ադրբեջան բանակցային նոր փուլ սկսելուն ուղղված ջանքեր է ներդնում: Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մեկօրյա այցով Երևանում է:
Այցից առաջ թվիթերյան իր միկրոբլոգի էջում Կլաարը գրել է. «Վերադարձ Երևան՝ մեկօրյա հանդիպումների։ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, և պետք է շտապ լուծումներ գտնել։ Ես անհամբեր սպասում եմ քննարկումներին՝ առաջընթացի համար ճանապարհ գտնելու: Եվրամիության նպատակը մնում է համապարփակ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը»:
Զուգահեռաբար՝ այսօր հայտնի դարձավ, որ ԵՄ Խորհուրդն այսօր վերջնական համաձայնության է եկել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու մասին (EUMA)՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության (CSDP) շրջանակներում:
Ըստ ԵՄ հաղորդագրության, առաքելության նպատակն է՝ նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, վստահության ձևավորմանը տեղում և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր:
Նշվում է, որ առաքելությունը երկու տարի ժամկետով է: «Հայաստանում ԵՄ առաքելության ստեղծումը Հարավային Կովկասում ԵՄ ներգրավվածության նոր փուլ է սկսում։ ԵՄ-ն կշարունակի աջակցել ապաէսկալացիայի ջանքերին և հանձնառու է՝ սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում կայուն խաղաղության վերջնական նպատակին հասնելու համար»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Հաղորդագրությունում նշվում է, որ ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ Հայաստանում ԵՄ առաքելությունը կանոնավոր պարեկություն կիրականացնի և կզեկուցի իրավիճակի մասին, ինչի շնորհիվ ԵՄ-ն ավելի հիմնավոր պատկերացում կունենա տեղում իրավիճակի մասին: Առաքելությունը նաև կնպաստի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած գործընթացի շրջանակներում միջնորդական ջանքերին:
ՀՀ ԱԳ նախարարը, ով Բրյուսելում է և պատրաստվում է այսօր հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ, թվիթերյան իր էջում անմիջապես ողջունել է ԵՄ այս որոշումը՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստակամորեն կհամագործակցի առաքելության հետ և կաջակցի դրա գործունեությանը: «Առաքելությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը»,- նշել է նա: Հիշեցնենք, որ օրերս էլ Երևան և Բաքու այցեր կատարեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսը:
Հայ-արևմտյան ակտիվ շփումների նոր ֆազայի ֆոնին հարկ է հիշեցնել նաև օրերս տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը հունվարի 18-ին, որի ընթացքում, ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության, քննարկվել էին Ադրբեջանի հետ բանակցությունները վերսկսելու 2 քննարկված քայլեր:
Ի դեպ, Բլինքեն-Ալիև հեռախոսազրույց տեղի չի ունեցել, ինչն ուշագրավ հանգամանք է, երբ խոսվում է հստակ քայլերի մասին, որոնք միտված են բանակցությունները վերսկսելուն: Չէ՞ որ ընդունված է համարել, որ բանակցություններում քայլերը միակողմանի չեն, կամ գուցե Արևմուտքն այդպե՞ս է դիտարկում գործընթացը:
Հայտնի չէ նաև՝ Տոյվո Կլաարը մեկնելո՞ւ է Բաքու, թե՞ ոչ, քանի որ, ինչպես Կլաարն էր նշել, Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը լուրջ է, պետք է շտապ լուծումներ գտնել: Սակայն այդ քննարկումը պետք է որ սկսվեր ոչ թե Երևանից, այլ Բաքվից, որն էլ փակել է Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհը:
Դատելով հայ-արևմտյան շփումների տեղեկատվական ներկայիս տրամաբանությունից, Արևմուտքը Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վերսկսման հարցում մեծ հույսեր է կապում Հայաստանի հետ:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Արևմուտքը ողջ թափով և ռեսուրսով աշխատում է Հարավային Կովկասում բանակցությունները ԵՄ հովանու ներքո վերսկսելու համար:
Ըստ նրա, դրանով զբաղված են ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ԵՄ-ի պաշտոնյաները, այդ խնդրին է ծառայում նաև ԵՄ առաքելությունը:
Քաղաքագետի կարծիքով, չի բացառվում, որ Արևմուտքը որոշ քայլեր ակնկալի Հայաստանից, թե ինչ քայլեր՝ դժվար է ասել: Բայց, քաղաքագետի խոսքով, քաղաքականությունը գործարք է, և եթե ԵՄ-ն հստակ ռեսուրս է հատկացնում Հայաստանին և ռեգիոնին ընդհանուր առմամբ, ապա դրա փոխարեն՝ ինչ-որ ակնկալիքներ ունի, և դրա փոխարեն՝ պետք է ստանա որոշ քայլեր: Սա, նրա որակմամբ, նույնիսկ բնական է:
«Հստակեցնել, ասել, թե կոնկրետ ինչի շուրջ կարող է լինել խոսակցությունը՝ կդժավարանամ, սակայն շատ պարզ է նաև այն, որ կարող են պատասխան որոշ քայլեր ակնկալվել: Չէ՞ որ ԵՄ-ն պատահական չէ ՀՀ-ում քաղաքացիական առաքելություն տեղակայում և նշում, որ այն պետք է նպաստի Շառլ Միշելի հովանու ներքո տեղի ունեցած բանակցային գործընթացի վերսկսմանը: Հստակ նպատակը սա է:
Չի բացառվում նաև, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը ներկայումս հակված է ռուսական միջնորդությանը, հենց այդ պատճառով այս հարցով Ադրբեջան-Արևմուտք երկխոսությունն այդքան ակտիվ չէ:
Այնուամենայնիվ, Արևմուտքի այս փորձերը, չի բացառվում, որ հաջողության հասնեն, քանի որ ՌԴ արտաքին քաղաքական օրակարգում այս հարցերը երկրորդական ու երրորդական նշանակություն ունեն այսօր: Իսկ իրականում ինչպես կծավալվի երկխոսությունը՝ կրկին բարդ է ասել, քանի որ եվրոպական հարթակում երկխոսությունը շարունակվեց մեկ տարի, ինտենսիվ հանդիպումներ, սակայն ինչ-որ պահի փակուղի, ինչպես հաճախ տեղի է ունենում այս հակամարտությունում: Սակայն Արևմուտքն այս տրամաբանությունը ևս ընկալեց, ու չի բացառվում, որ փորձի արագացնել գործընթացները՝ ժամանակ չկորցնելու համար»,- ասաց նա: