«Նույն կերպ՝ պաթոսախառն, իրենք 2018 թվականին էին գյուղատնտեսության զարգացման ծրագիր գրել». Հարություն Մնացականյան
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Սա ենթադրում է գյուղատնտեսությանն առնչվող նոր միջոցառումների ծրագիր, որը, ըստ նախագծի հիմնավորման, կապահովի 2023-2026 թվականներին ռազմավարության կատարումը՝ դրա առաջնահերթություններին համապատասխան։
Էկոնոմիկայի նախարարության շրջանառության մեջ դրված այս նախագծում նշվում է, որ ռազմավարությունը հիմնված է 7 սկզբունքների վրա, որոնցից մեկը «Կլիմայի փոփոխություններին հարմարվողականություն, դիմադրողականություն և շրջակա միջավայրի կայունություն»-ն է: Եվ հենց այս առնչությամբ մտահոգություններով է առաջնորդվել նախարարությունը՝ նոր միջոցառումներ նախաձեռնելու համար:
Միջոցառումների ակնկալվող արդյունքներից է մինչև 2026թ․–ը գյուղատնտեսության համախառն արտադրանքը մինչև 1,4 տրլն դրամ ավելացնելը:
Առաջարկվող միջոցառումների թվում են հավաստագրված սերմերի, սածիլի և տնկանյութի արտադրության խթանում՝ գիտական կենտրոնների, գրանցված սերմարտադրողների և տնկարանների միջոցով, տնկանյութի հավաստագրման ամբողջական համակարգի, այդ թվում՝ հավաստագրման գործընթացների թվայնացման համակարգի, ներդրում և կիրարկում, ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման խթանում և տարածում, ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի իրականացում, աջակցություն ջերմատնային տնտեսությունների հիմնմանը, կենդանիների նույնականացման համակարգի ներդրում և բարելավում, փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցմանը կամ վերակառուցմանը և դրանց տեխնոլոգիական ապահովմանն աջակցություն:
Ուշագրավ է, սակայն, որ շատ ընդհանրական է ասվում, թե ի՞նչ ֆինանսական միջոցներ և աղբյուրներ են նախատեսված այս ծրագրերի իրականացման համար. «Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, քանի որ դիտարկված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ պետական բյուջեից տրամադրվելիք ֆինանսական միջոցները նախատեսվելու են տարեկան բյուջետային հայտերով, իսկ մի շարք միջոցառումների իրականացումը կապահովվի միջազգային ծրագրերի ֆինանսավորմամբ»:
Գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով քննարկվող նախագծին, նկատեց. «Այդ նույն կերպ՝ պաթոսախառն, իրենք 2018 թվականին էին գյուղատնտեսության զարգացման ծրագիր գրել: Հստակ պետք է գործառույթները ցույց տան՝ ինչ միջոցներով են անում, ինչքան, ինչպես ու ինչ մեթոդաբանությամբ:
Եթե հստակեցում չկա, օդի մեջ ջուրծեծոցի է. պետք է հստակ ասեն՝ այսքան հատվածը պետությունն է սուբսիդավորում, այսքան վարկային տոկոս է սուբսիդավորում և այլն:
Ի դեպ, ինչ վերաբերում է «Խելացի անասնագոմերին». իրենց այդ ծրագիրն այնքան թերի է, որ գրեթե ոչնչի հավասար է»:
Գյուղատնտեսը հավելեց, որ բոլորն էլ հասկանում են, որ պետք է խթանել գյուղատնտեսության այս կամ այն ճյուղը, սակայն պետք են կոնկրետ քայլեր, ինչին մինչ օրս ականատես չի եղել:
«Տավարի միսը ժամ-ժամ թանկանում է և մինչև մարտի վերջ դարձյալ թանկանալու է (այժմ 3500 դրամ է. 2600-ից մեկ տարում բարձրացել է 3500): Ձկների մեծ անկում է գրանցվել. ՏՏ ոլորտի «մատը փուշ է մտնում»՝ բարձրաձայնում են, պետությունն արագ ամեն ինչ անում է. բա այսքան ձկնաբուծարաններ շարքից դուրս եկան, գոնե միջոցառում մշակեին, այդ մարդկանց ինչ-որ բանով օգնեին: Այդ մարդիկ իրենց խնդիրների հետ մնացել են մենակ: Կովերի գլխաքանակն անցյալ տարի այսքան պակասեց, ասում էի՝ սուբսիդավորեք ֆերմերներին՝ չմորթեն, որովհետև եթե մորթեն, առնվազն 2-3 տարի պետք է, որ վերականգնվի. ոչ մի բան չի արվել, եթե արվեր, մսի գինն այդքան չէր բարձրանա»,- մանրամասնեց նա:
Հարություն Մնացականյանն այս ձախողումները պայմանավորում է՝ ինչպես Գյուղատնտեսության նախարարության, այնպես էլ՝ արհեստավարժ մասնագետների բացակայությամբ։