«Կամիր խաչը՝ որպես չեզոք միջնորդ, սեպտեմբերից ի վեր որևէ որոնողական աշխատանքում չի ընդգրկվել». Զառա Ամատունի
Հունվարի 10-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսելով անհետ կորած զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքների ու գերիներին հայրենիք վերադարձնելու մասին, տեղեկացրել էր, որ «Որոնողական աշխատանքներ են տեղի ունենում: Այո, ոչ բոլոր մեր նահատակների մարմիններն են հայտնաբերվել, բայց նաև ուզում եմ հիշեցնել, որ սեպտեմբերի 13-ից հետո մեր 17 ռազմագերիները վերադարձվել են, և մենք շարունակում ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»:
168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ 2022 թվականի սեպտեմբերից ի վեր Կամիր խաչի միջնորդությամբ որևէ որոնողական աշխատանք կատարվե՞լ է։
«Կարմիր խաչը՝ որպես չեզոք միջնորդ, սեպտեմբերից ի վեր որևէ որոնողական աշխատանքում չի ընդգրկվել։ Որոնողական աշխատանքներ իրականացնելը տեղի չի ունենում Կարմիր խաչի նախաձեռնությամբ, դրա հետ կապված պետք է լինեն որոշակի պայմաններ, այդ ամենը պետք է համաձայնեցվի և երաշխիքներ լինեն , թե՛ անվտանգության, թե՛ գործողությունն իրականացնելու համար։ Կողմերի միջև այդ ամենը պետք է ի մի բերվի, որից հետո մենք կկատարենք չեզոք միջնորդի մեր առաքելությունը»,- շեշտեց Զառա Ամատունին։
Ինչ վերաբերում է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված 33-ամյա պայմանագրային զինծառայող Շիրազ Խաչատրյանի դեպքին, երբ ընտանիքը բարձրաձայնում է, որ գիտի, թե որտեղ է որդու դին, բայց այն չեն տեղափոխել ծնողներին հանձնելու: Զառա Ամատունին մեր հարցին, թե տեղյա՞կ են այս մասնավոր դեպքին, պատասխանեց.
«Այո, այդ դեպքին տեղյակ ենք, սակայն այս պահին որևէ ակտիվ գործողություն չկա, որին Կարմիր խաչը կարող է ընդգրկվել։ Ինչպես այս, այնպես էլ մյուս դեպքերին տեղյակ ենք, ընտանիքների հետ հանդիպել ենք»։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Դրանից հետո ադրբեջանական կողմը պարբերաբար կրակ է արձակում հայկական դիրքերի, ինչպես նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։