Քիմ Քարդաշյանը Լոնդոնում կայացած աճուրդում գնել է արքայադուստր Դիանայի կրած կախազարդ խաչը
Ամերիկյան շոու բիզնեսի աստղ Քիմ Քարդաշյանը Լոնդոնի Sotheby’s աճուրդից 163 800 ֆունտ ստեռլինգով (202 200 դոլար) գնել է կախազարդ խաչը , որը կրել է Ուելսի արքայադուստր Դիանան (1961-1997 թթ.): Այդ մասին տեղեկանում ենք The Guardian պարբերականից:
Ամեթիստե (մեղեսիկե) կախազարդը, որը 1920-ականներին պատրաստվել է Garrard ոսկերչական ընկերության կողմից, աճուրդով վաճառվել է իր նախնական գնահատումից կրկնապատիկ բարձր գնով։
5,25 կարատ քաշով կլոր երեսակված ադամանդներով զարդը 1980-ականներին գնել է պաղեստինյան ծագումով բրիտանացի գործարար Նայիմ Աթթալլահը (1931-2021):
Նա բարեկամական հարաբերությունների մեջ էր արքայադուստր Դիանայի հետ և տարիների ընթացքում մի քանի անգամ տվել է նրան՝ կրելու խաչը:
Մասնավորապես, Դիանան այս կախազարդով հանրությանն է ներկայացել 1987 թ. հոկտեմբերին Լոնդոնում կայացած բարեգործական երեկոյին, որը նվիրված էր հղի կանանց իրավունքների պաշտպանությանը։ 42-ամյա Քիմ Քարդաշյանը նախկինում ևս հետաքրքրություն է ցուցաբերել պատմական նշանակություն ունեցող նորաձևության իրերի նկատմամբ:
Անցյալ տարի նա Met Gala-ին ներկայացել էր Մերիլին Մոնրոյի զգեստով, որը կրելու համար ստիպված էր եղել 7 կգ քաշ կորցնել: 2021 թ.-ին Քարդաշյանը ներառվել է Forbes ամսագրի կողմից կազմված միլիարդատերերի ցուցակում, որը ներկայում նրա կարողությունը գնահատում է 1,8 միլիարդ դոլար: