Ես մեղավոր չեմ, Տե՛ր, ինչո՞ւ եմ պատժվում
Երբեմն մեր կյանքում լինում են այնպիսի պահեր, երբ կարծում ենք, թե պատժվում ենք այն բաների համար, որոնցում մեղավոր չենք։ Ինչպո՞ւ է այսպես՝ հարցնում ենք մենք՝ պատասխանը փնտրելով Սուրբ Գրքում։
Աստվածաշնչում մեր բոլոր, ինչպես նաև այս հարցի պատասխանն է։ Ասված է․ «Եթե ասենք՝ «Մենք ոչ մի մեղք չունենք», մենք մեզ ենք խաբում, և ճշմարտություն չկա մեր մեջ: Իսկ եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու և մաքրելու համար մեզ ամեն անիրավությունից» (Ա Հովհ 1:8-9):
Ի՞նչ պիտի անենք՝ այս մասին իմանալով։
Անշուշտ, նայենք ավելի խորը՝ դեպի ներս։ Աստված ամենատես է, և մեզ տեսնում է այնպիսին, ինչպիսին մենք իրականում կանք, այլ ոչ թե կցանկանայինք լինել։ Նա տեսնում և սիրում է մեզ այնպիսին, ինչպիսին նույնիսկ մե՛նք ի զորու չենք տեսնել ու ընդունել՝ մեր սխալներով, մեղքերով, անկատարությամբ։ Այս ամենը իմանալով՝ փորձենք գտնել մեր սխալ ընտրությունները, այն դեպքերը, երբ գիտակցված կամ չգիտակցված կերպով գործել ենք ոչ աստվածահաճո արարքներ։ Քանի որ Աստվածաշնչում նաև ասված է. «Եթե ասենք՝ «Չենք մեղանչել», սուտ ենք հանում Նրան, և Նրա խոսքը մեր մեջ չէ» (Ա Հովհ 1:10):
Այս կերպ մենք կդառնանք ճշմարիտ ուղուն՝ գիտակցելով և խոստովանելով մեր մեղքը, մեր սխալն ընդունելով։ Սակայն այստեղ չի՛ ավարտվելու մեր ճանապարհը։ Զղջման և ապաշխարության միջոցով էլ կհասկանանք, որ Աստծո տվածը ոչ թե պատիժ էր, այլ հնարավորություն՝ սխալ արարքների, մեղքերի գիտակցման։ Որ Նա ոչ թե պատժել էր մեզ, այլ թույլ էր տվել, որ դեմքով դառնանք դեպի Տերը։ Ուրեմն՝ այլևս չհարցնենք, թե «ինչո՞ւ ես ինձ պատժում, Տե՛ր, չէ՞ որ մեղավոր չեմ», այլ մեր աղոթքներում շարունակ ասենք՝ «Հավատում եմ Տե՛ր, օգնի՛ր իմ անհավատությանը» (Մարկ. 9.23):