«Դա կլինի Փաշինյանի պատմական նվերը մեր պետությանը և ժողովրդին». Արմինե Ադիբեկյան
«Ալիևը երբևէ չի թաքցրել, որ նրան Արցախը պետք է՝ առանց հայերի, և, որ նա հայաթափելու է Արցախը: Ըստ էության, Հայաստանի գործող իշխանությունները նույնպես հետապնդում են այդ նպատակը՝ հայաթափել Արցախը և վերջնականապես փակել այդ գլխացավանքն իրենց համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ նկատելով, որ Արցախի հարցը լուրջ խնդիր է Հայաստանի գործող իշխանությունների համար՝ ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ, այլ նաև՝ երկրի ներսում:
«Հայաստանի քաղաքացիների զգալի հատվածի համար դա բավականին լուրջ թեմա է, և Արցախի հայկական լինելը սկզբունքային բնույթ է կրում: Փաշինյանը ցանկանում է այդ հարցը փակել՝ չհասկանալով այն վտանգները, որոնք բխելու են Արցախի հայաթափումից: Արցախի հարցը փակելուց հետո արդեն խոսվելու է Սյունիքի հայաթափման մասին, ինչի մասին Ալիևը բացեիբաց ասել է: Ալիևն ունի Սևանի ադրբեջանականացման նկրտումներ, նաև՝ Տավուշի, ՀՀ ամբողջ արևելքի և Երևանի»,- ասաց նա:
Հարցին՝ այս իրավիճակում ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները, որոնք պնդում են, թե Արցախը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և իրենք որևէ բան անել չեն կարող, նա պատասխանեց. «Հրաժարական տան, ուրիշ լավ բան նրանք ՀՀ և հայ ժողովրդի համար չեն կարող անել: Դա կլինի ամենամեծ նվերը, պատմական նվերը մեր պետությանը և ժողովրդին: Ռուս խաղաղապահների հսկողությանը ով հանձնել է Արցախը՝ նա էլ պատասխանատվություն է կրում: Դու ես պայմանավորվել Ռուսաստանի հետ, որ նրանք կատարելու են որոշակի պարտավորվածություններ, հիմա նրանք չեն կատարում այդ պարտավորվածությունները, պատասխանատուն ո՞վ է, նա, ով պայմանագիրը ստորագրել է և ի վիճակի չէ հետևողական լինել այդ պայմանագրի բոլոր կետերի իրականացմանը»:
Կառավարության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանն Արցախի իշխանություններին կոչ արեց խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից: Փաշինյանի խոսքով՝ Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է: Նա Արցախի իշխանություններին կոչ արեց չիրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենարը մշակողների համար:
Արմինե Ադիբեկյանից հետաքրքրվեցինք՝ սա Ադրբեջանին հանձնվելու կո՞չ է:
«Այո՛: Փաշինյանը երկու տարվա ընթացքում ոչինչ չարեց, որ ամրապնդի բանակը, որ զենք-զինամթերքով հագեցնի բանակը, ոչինչ չարեց ոչ միջազգային հարթակներում, ոչ ներքին լսարանի մոտ: Ակնհայտ է, որ Ադրբեջանը միայն Արցախով չի սահմանափակվելու: Հիմա նա փորձում է 120 հազար հոգու մատաղ անելով՝ պահպանել Հայաստանից մնացած կրծոտիները, որոնք մնացել են Փաշինյանի իշխանության շնորհիվ: Ադրբեջանը երբևէ դուրս չի բերի իր զորքերը Սյունիքից, Գեղարքունիքից զավթած հատվածներից: Հակառակը՝ նա այնպիսի բարենպաստ դիրքեր է զբաղեցրել, որ նրա համար հիմա արդեն Սյունիքն ու Գեղարքունիքի զգալի հատվածն օտարելու բարենպաստ պայմաններ են ստեղծվել, և նա ուզում է անել ամեն ինչ, որ այդ սցենարը չիրականանա, բայց ինչո՞ւ 120 հազար հայի կյանքի և ապագայի գնով՝ անհասկանալի է: Երբ դու հետ ես քաշվում՝ հնարավորություն ես տալիս հակառակորդին առաջ գալ, դա շատ պարզ տրամաբանություն է:
Երբ դու պատրաստ ես 120 հազար հոգու մատաղ անել, դա նշանակում է, որ վաղը շատ հանգիստ մատաղ կանես 400 հազար հոգու, որոնք ապրում են Սյունիքում և Գեղարքունիքում՝ էլի վախենալով, որ կսկսվի պատերազմ: Իսկ պատերազմ սկսվելու է՝ կապ չունի՝ դու վախենում ես, թե ոչ, դու գնում ես զիջումների, թե ոչ, ու ինչքան ավելի շատ զիջումների ես դու գնում, այդքան ավելի շատ բարձրացնում ես պատերազմի հավանականությունը, որովհետև դու հակառակորդիդ տրամադրում ես բարենպաստ պայմաններ՝ սկսել այդ պատերազմը, ինչի մասին Ալիևը խոսեց իր ելույթում, ասելով, որ շնորհիվ 2020-2022թթ. Իրադարձությունների՝ մենք այնքան ենք բարելավել մեր դիրքերը, որ Հայաստանը զավթելը մեզ համար կես ժամվա պատմություն է: Եվ դա այդպես է, հաշվի առնելով, որ Հայաստանը չունի ոչ մի ուժ՝ դիմադրելու այդ ագրեսիային, շնորհիվ ՀՀ իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունների»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում